2011 թվականին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի` Ուկրաինա կատարած այցի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է 2012 թվականին համատեղ ծրագրով իրականացման ենթակա միջոցառումների ծրագիր: Ծրագրով նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայությունների միջեւ համագործակցություն` մաքսային ծառայողների վերապատրաստման, տեղեկությունների փոխանակման, մաքսանենգության դեմ պայքարի, կինոլոգիական ծառայությունների փոխգործակցության ակտիվացման եւ մաքսային փորձի փոխանակման ուղղությամբ: 2012թ. ընթացքում այս ծրագրի իրագործման նպատակով Հայաստանում եւ Ուկրաինայում արդեն իսկ մի շարք երկկողմանի հանդիպումներ են տեղի ունեցել: Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ փորձի փոխանակմանը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Պետական եկամուտների կոմիտեում Գագիկ Խաչատրյանը եւ Իգոր Կալետնիկը ստորագրել են 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ վերջին շրջանում կոմիտեն շուրջ 30 երկրների հետ համագործակցության համաձայնագիր ունի, եւ դրանք իրականացնելու ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվում: «Ուկրաինայի մեր գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախեւառաջ մաքսային գործընթացների պարզեցման ուղղությամբ: Մենք հասել ենք այն մակարդակին, որ Ուկրաինայից ներկրվող եւ Հայաստանից Ուկրաինա արտահանվող ապրանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում հատեն սահմանը, հնարավորինս կրճատվեն այն ուղիները, որոնք նպաստում են մաքսանենգության, հաշիվ-ապրանքագրերի փոփոխություններին, մաքսային արժեքների նվազեցմանը: Եվ այս ուղղությամբ մենք բավականին լուրջ հաջողությունների ենք հասել»,- ասել է Գագիկ Խաչատրյանը: Իր հերթին, Ուկրաինայի մաքսային ծառայության ղեկավարը նշել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը շատ կարեւոր շեշտադրումներ են հնչեցվել` ուղղված Հայաստանի եւ Ուկրաինայի մաքսային ծառայությունների փոխգործակցությանը: «Մեր հայ գործընկերոջ հետ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն 4 հանդիպում ենք ունեցել. այսօր էլ, շարունակելով երկխոսությունը, կցանկանայի տեղեկացնել, որ մեր պայմանավորվածությունների շրջանակում հասել ենք լիարժեք փոխըմբռնման եւ հույս ենք հայտնում, որ մինչեւ 2012 թվականի վերջը կյանքի կկոչենք Հայաստանի ՊԵԿ-ի հետ սկսած բոլոր նախագծերը»,- ասել է Իգոր Կալետնիկը: Հայ եւ ուկրաինացի մաքսավորները Երեւանում ամփոփել են նաեւ իրականացված աշխատանքները եւ քննարկել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարման ենթակա գործողությունները: Անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկայում իրականացվելիք` Փոթի-Իլյիչեւսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանքներին, ինչն իր հերթին` կնպաստի երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Ըստ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահի, Փոթի-Իլյիչեւսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանքները շարունակել տեխնիկական հարթությունում, որպեսզի բեռնափոխադրող սուբյեկտները, մինչ բեռը տեղ հասցնելը, կարողանան փոխանցել տվյալները. «Սա հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ռիսկերի համակարգը, կանխարգելել եւ բացահայտել իրավախախտումները, իսկ բարեխիղճ հարկատուն էլ կարող է արագ եւ հարմարավետ իրականացնել մաքսային ձեւակերպումները»: Կարեւորելով տեղեկատվության փոխանակումը` ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ այս հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հետագայում էլեկտրոնային եղանակով հայտարարագրերի լրացման կարգը, որը, թեպետ շատ բարդ խնդիր է, սակայն, ըստ Գագիկ Խաչատրյանի, այդ ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Ընդհանուր առմամբ, համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում, 2012-ին նախատեսվում է մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը, համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել եւ համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը: Երեւանյան հանդիպմանը քննարկվել է նաեւ հայ մաքսավորների` Ուկրաինայի պետական մաքսային ծառայության ակադեմիայում վերապատրաստման խնդիրը, ինչի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս Գագիկ Խաչատրյանի` Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: