Երեւանի կենտրոնում գտնվող ընդարձակ գրասենյակում առաջինն աչքի է զարնում Վլադիմիր Պուտինի` պատից պատ փակցված դիմանկարը: Մյուս պատերին էլի պաստառներ են` Ռուսաստանի նախկին վարչապետի` այժմ արդեն նորընտիր նախագահի տարբեր տարիքի լուսանկարներով` սկսած դպրոցական հասակից` մինչեւ մեր օրեր, նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկատվություն, մեջբերումներ նրա հանրահայտ խոսքերից: Սա ՌԴ նախագահական ընտրություններից առաջ` փետրվարի 2-ին, Երեւանում բացված «Պուտին» ակումբն է: Ակումբը կարող էր սովորական համարվել Ռուսաստանում, սակայն հայկական իրականության մեջ աննախադեպ երեւույթ է: Հիմնադիրներն ասում են` ակումբը մի վայր է, որտեղ հաջողության գաղտնիքը փնտրող երիտասարդները կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները` Պուտինի անցած ուղին ուսումնասիրելով: Ակումբը դեռ անդամներ չունի, բայց կարող են անդամակցել բոլոր ցանկացողները: «Այս մարդու մեջ տեսնում ենք լիդերին, ով իր ասածի տերն է ցանկացած ոլորտում»,- ասում է ակումբի ղեկավար Արարատ Ստեփանյանը: Նա ասում է, որ իր գաղափարն էր «Պուտին» ակումբ հիմնելը, ինչի համար դիմել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանին: Նա էլ ընդառաջել է:
Նիկողոսյանը բնակվում է Մոսկվայում: Նա հայտնի գործիչ չէ, թեեւ ֆեյսբուքում իր անձնական նկարներից մեկի վրա գրված է` «հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ամրապնդող հասարակական գործիչ»:
Հայաստանը տնտեսական եւ քաղաքական սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն քաղաքական գործչի`այն էլ օտարազգի գործչի պատվին ակումբ բացելու գաղափարը վրդովեցրել է շատերին: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության եւ պատմության ամբիոնի վարիչ, Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը ակումբը համարում է «օտարի հանդեպ ստորաքարշության դրսեւորում»: «Թող ազգային հայ գործիչներից մեկի անունով բացեին, օրինակ` Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի: Իսկ եթե «Պուտին» է, ապա նույն տրամաբանությամբ պետք է նաեւ` «Օբամա», ինչո՞ւ ոչ` նաեւ «Ահմադինեջադ» ակումբ բացել»,- ասում է քաղաքագետը: Իշխանական օղակները եւս հակասական վերաբերմունք ունեն ակումբի նկատմամբ: Հայաստանում իշխող` ՀՀԿ-ն, որը սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից, իսկ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով ակումբի ստեղծման մասին ֆեյսբուքյան իր էջի հարցին, գրել է. «Դա յուրաքանչյուր մարդու ընտրության հարց է: Ես չէի անդամակցի նման ակումբի»:
Թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական որեւէ շրջանում Հայաստանում երբեւէ չի եղել քաղաքական նման ակումբ: «Պատահական չէ, որ այս ակումբը ստեղծվեց ՌԴ նախագահական ընտրությունների շեմին` նպատակ ունենալով ակտիվացնել հայաստանյան քաղաքական դաշտի ռուսամետ ուժերին»,- բացատրում է Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Քաղաքական տեսության ամբիոնի դասախոս Աբրահամ Գասպարյանը` ավելացնելով, որ պուտինյան ակումբի ստեղծումը Հայաստանում չողջունեց եւ ոչ մի քաղաքական ուժ: Ակումբի բացման լուրը մեծ, բայց բացասական արձագանք գտավ ֆեյսբուք սոցիալական ցանցում: «Արմքոմեդի» հումորային նախագծի ներկայացուցիչներն էլ ծաղրեցին նախաձեռնությունը: «Արմքոմեդի» նախագծի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանն ասում է, որ «Պուտին» ակումբի հեգնական տարբերակի ստեղծման նպատակը իրականի իսկությունն ի ցույց դնելն էր: «Նպատակն էր` հնարավորինս լայն ցուցադրել «իրական» ակումբի աբսուրդությունը, քծնանքը եւ ընդհանրապես դրա նվաստացուցիչ բնույթը մեր երկրի համար: Հայերի համար տհաճ ապտակ էր այլ երկրի քաղաքական գործչի պաշտամունքի կենտրոնի բացումը, այն էլ` հայ երիտասարդության անունից,- ասում է Սարգսյանը:- Կարծում եմ` նպատակին հասանք, եւ երիտքծնողների ակումբը տապալվեց»: Սարգսյանը նշում է, որ պատրաստ են հեգնանքի ողջ խստությամբ արձագանքել գլուխ բարձրացրած ցանկացած նմանատիպ երեւույթի:
Այնուամենայնիվ, իսկական «Պուտին» ակումբի հիմնադիրները պատրաստվում են մեկական «Պուտին» ակումբ բացել Հայաստանի յուրաքանչյուր մարզկենտրոնում: Հաջորդը կլինի Արարատի մարզում: Ակումբի հիմնադիր, միջազգային հարաբերությունների մասնագետ Արարատ Ստեփանյանը նշում է, որ ակումբը քաղաքականությամբ երբեւէ չի զբաղվելու: Նրա խոսքերով` ակումբում քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունները, երիտասարդները ներկայացնելու են երկու երկրների համագործակցությունը զարգացնելու` իրենց գաղափարները: «Պուտին» ակումբը առաջինն ու միակն է ողջ ԱՊՀ տարածքում: Ակումբին անդամագրվելու կարգ չկա, քննարկումների մասին տեղեկատվությունը տարածում են, ով հետաքրքրված է, մասնակցում է: Ցանկացողները կոնտակտային տվյալ են թողնում, որ հետագայում իրենց տեղեկացնեն իրենց նախընտրած թեմատիկայով միջոցառումների մասին: Երեւանյան ակումբում գործունեության մեկ ամսվա ընթացքում իրականացվել է երեք թեմատիկ քննարկում` ԱՊՀ երկրները երրորդ տասնամյակում երիտասարդների աչքերով, Եվրասիական միության հեռանկարը հայ երիտասարդների աչքերով, եւ հասարակական կազմակերպությունների դերը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Բոլոր երեք քննարկումներին էլ մասնակցել է 20-ամյա Արման Ղուկասյանը` «Ինտերնացիոնալ» շարժման հայաստանյան ներկայացուցիչը: Լսելով ակումբի մասին` հետաքրքրվել է գաղափարով: Վերջինս նշում է, որ ակումբում ընդգրկվել է, քանի որ այն ազատ հարթակ է կարծիքների, գաղափարների ներկայացման համար. «Սովորաբար քննարկումների համար վայր գտնելը գումար արժե, իսկ այս պարագայում, եթե հետաքրքիր գաղափար ունես, կարող ես ակումբի տարածքն օգտագործել»: Ղուկասյանը հավաստիացնում է, որ Պուտինի երկրպագու չէ եւ նման ձեւաչափով ակումբ կայցելեր նաեւ, եթե այն այլ գործչի անուն կրեր: Ակումբին էլ դրական է վերաբերվում. «Ոչ մի վատ բան չեմ տեսնում, մինչ օրս միայն կլոր սեղաններ են կազմակերպել»:
Վերլուծաբանների կարծիքով` «Պուտին» ակումբի բացումն արտացոլում է Հայաստանի` արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռությունը պահպանելու ձգտումը: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության եւ Ադրբեջանի հետ ունեցած թշնամանքի պատճառով, Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, եւ ՌԴ-ն համարվում է երկրի հիմնական տնտեսական գործընկերը ու անվտանգության երաշխավորը: Տնտեսական առումով ՌԴ-ն Հայաստանի անփոխարինելի գործընկերն է: Հայաստանում ներդրումների առյուծի բաժինը ՌԴ-ինն է` հատկապես կապի, էներգետիկայի, բանկային ու երկաթուղային ոլորտներում: 2011-ին հայ-ռուսական առեւտրաշրջանառության ծավալը հասավ աննախադեպ`1 միլիարդ դոլարի: Քաղաքագետ Գասպարյանն առանձնացնում է Հայաստանի` ՀԱՊԿ անդամակցությունը, քանի որ այդ ձեւաչափում հայ-ռուսական հարաբերությունները մեծ թափով են զարգանում: 2011-ին Հայաստանը հարստացրել է իր զինանոցը ռուսական սպառազինությամբ: Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս Նարեկ Գալստյանն ասում է` իզուր չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները բնորոշվում են որպես ռազմավարական-դաշնակցային: «Բնորոշումը անվերապահ կլիներ, եթե ՌԴ-ն`ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը, քանիցս ռազմական սպառազինություն վաճառած չլիներ իր ռազմավարական դաշնակից, ՀՀ-ի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող պետությանը` Ադրբեջանին»,- ասում է Գալստյանը:
Էներգետիկ ոլորտում հայ-ռուսական գործակցության նոր փուլի մասին հայտարարեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Նիկոլայ Սպասսկին` 2011-ի հոկտեմբերին` ԱՊՀ երկրների միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի 12-րդ նիստից հետո: ՌԴ-ն այդ հայտարարությամբ հաստատեց Հայկական ԱԷԿ-ի նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ֆինանսավորումը:
Աբրահամ Գասպարյանը կարծում է, որ «Տնտեսական ենթակառուցվածքների, մասնավորապես` էներգետիկայի ու կապի ոլորտում ռուսաստանյան ազդեցությունը սահմանափակում է արտաքին ճակատում պաշտոնական Երեւանի մյուս հնարավորությունների օգտագործումը, թեեւ այժմ փորձեր են անում`եվրաբարեփոխումների ճանապարհով քայլ առ քայլ հեռանալ ռուսական ավտորիտար ավանդույթներից ու քաղաքական մշակույթից»:
Ակումբի գաղափարին դեմ լինելով` քաղաքագետ Շիրինյանը դեմ չէ հայ-ռուսական հարաբերություններին եւ դրանց առավել ամրապնդմանը: Նրա կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ունենա ռուսական շեշտադրում` պահպանելով բազմավեկտոր ուղղվածությունը: Այնուամենայնիվ, քաղաքագետները կասկած չունեն, որ անկախ Կրեմլում ղեկավարի փոփոխությունից, ռուսաստանյան ազդեցությունը, ըստ նրանց, կլինի մշտական: «Որքան էլ ժխտենք, միեւնույն է` Ռուսաստանն իր ազդեցությունն ունի Կովկասում: Ու եթե հանկարծ կորցնի իր ազդեցությունը, ապա վակուումը կլցվի թուրքական ազդեցությամբ, ինչպես Վրաստանի եւ Ադրբեջանի պարագայում, ինչը Հայաստանի համար ձեռնտու չէ»,- ասում է Շիրինյանը` շեշտելով, որ պատմության դասերը հաշվի առնելով` Հայաստանը միշտ պետք է զգուշավոր լինի Ռուսաստանի գործընկերության հարցում:
www.iwpr.net