Կսպասեն զանգի

24/03/2012

Նախօրեին հայտնի դարձավ, որ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի հետ միասին, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են նաեւ ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջիններս երեկ հայտարարեցին, թե չգիտեին, որ մյուսը նույնպես առաջադրվելու է: Ր.Հովհաննիսյանը երեկ նաեւ չի բացառել, որ Ն.Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքում կարող է հանել իր թեկնածությունը: «Եթե այդ առաջարկը կընդունվի, մենք կսպասենք զանգի, եթե չի ընդունվի, ապա մեզ մնում է ուղղակի առաջ շարժվել մեր քայլերով: Մենք որեւէ պարտավորություն չունենք ՀԱԿ-ի ստրատեգիաները սպասարկելու»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը: Թիվ 7 ընտրատարածքում եւ մեծամասնական մյուս ընտրատարածքներում ՀԱԿ-ը «Ժառանգության» հետ կբանակցի՞ մեկ ընդհանուր թեկնածու ունենալու համար: «Տեսնենք, օրը կգա, բարին հետը: Եթե որեւէ մեկը թյուր կարծիք ունի, որ ՀԱԿ-ը նեղվել է Ր.Հովհաննիսյանի առաջադրվելու փաստից, ապա չարաչար սխալվում է: Առավել հանգամանալից ձեռնպահ կմնամ մեկնաբանել, ավելի ուշ կանդրադառնանք այդ հարցին»,- ասել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: