ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է` ԱԺ ընտրություններից հետո
ՀՅԴ-ն դարձյալ իշխանությունների հետ կոալիցիա կազմի, ասել է. «Մենք ուզում ենք այնքան ավելացնել մեր ներկայությունը խորհրդարանում, որ կոալիցիաների կարիք չլինի»: Անդրադառնալով ՀՀԿ ներկայացրած համամասնական ցուցակին եւ ՀՀԿ նախընտրական` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, Վ. Հովհաննիսյանն ասել է. «Լացս գալիս է ՀՀԿ ցուցակը նայելիս: Ինչի՞ն հավատամ: Մենք հավատում ենք, որ իշխանության մեջ կան բարի, հայրենասեր մարդիկ, բայց մենք չենք հավատում, որ նրանք կփոխեն: Հանրապետականը 1995-ից եղել է իշխանության մեջ, 1999-ից իշխանություն է, հավատ չեն ներշնչում: Նայում ես մեծամասնականը, տեսում ես, որ իրենց սայլը լծված է այնպիսի մարդկանցով, որ հավատալը չի գալիս»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հակադարձելով Վ. Հովհաննիսյանին եւ մյուս քաղաքական ուժերին, ովքեր տարբեր գնահատականներ են հնչեցնում ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ, ասել է. «Թող իրենց ցուցակի դարդը լացեն: Մենք շատ լավ ցուցակ ենք ներկայացրել, այնպես չէ, որ որեւէ ցուցակում սրբեր են նստած: Ոչ մի ցուցակում էլ հրեշտակ չկա»: