Ո՞վ է շահելու ընդդիմադիրների պայքարից

24/03/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմադիր ուժերի կողմից կատարված առաջադրումներից արդեն կարելի է եզրակացնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը չի համագործակցելու: Կամ որ նույնն է` միասնաբար չի պայքարելու իշխանությունների դեմ կամ հանուն ընդդիմության հաղթանակի:

Մեծամասնական բազմաթիվ ընտրատեղամասերում ընդդիմադիր թեկնածուներն առաջադրվել են միմյանց դեմ: Հիմնականում իրար դեմ են առաջադրվել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ու ՀԱԿ-ի եւ «Դաշնակցության» թեկնածուները: Փոխարենը` կարծես թե չկա մի ընտրատարածք, որտեղ միմյանց դեմ լինեն «Ժառանգության» ու «Դաշնակցության» թեկնածուները: Վերջին նման օրինակը երեկ հայտնի դարձավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում, որտեղ առաջադրվեցին «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ու կարծես թե այնպես է ստացվում, որ այս երկու գործիչները պայքարելու են ոչ թե իշխանության թեկնածու Սամվել Ալեքսանյանի, այլ միմյանց դեմ: Առաջին կարծիքը, որ կարելի է կազմել այս տեղեկատվության հրապարակումից հետո, այն է, որ Ս.Ալեքսանյանն իր լծակներով իր ընտրազանգվածը կապահովի, մինչդեռ ընդդիմության ձայները կկիսվեն ու կփոշիանան Ն.Փաշինյանի ու Ր.Հովհաննիսյանի միջեւ: «Չեմ թաքցնի, ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը: ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16։50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Ր.Հովհաննիսյանն առաջադրված չէր: Ինձ համար շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ, եւ հանրությունը խորհրդարանական խմբակցության լիդերի առաջադրման մասին իմանում է ոչ թե կուսակցության հաղորդագրությունից, կամ լրատվական հաղորդագրություններից, այլ ԿԸՀ ամփոփագրից»,- առաջադրվելուց հետո տարածած հայտարարության մեջ նշել է Ն.Փաշինյանը:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ր.Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել էր, թե երբ առաջադրում էր իր թեկնածությունը Երեւանի թիվ 7 ընտրատարածքում, չգիտեր, որ նշված ընտրատարածքում արդեն առաջադրվել է Ն.Փաշինյանը: «Ես ինքս անձամբ անցյալ կիրակի օրը «Ժառանգության» խորհրդի նիստից հետո, երբ կուսակցությունը որոշեց համամասնական եւ մեծամասնական մեր թեկնածուներին, հետեւելով օրախնդիր զարգացումներին, սպասում էի մինչեւ վերջին օրը` հասկանալու համար, թե այդ որ ընտրատարածքն է, որը պիտի մնա անայլընտրանք: Եվ ես իմ վրա վերցրեցի` չիմանալով, թե էլ ով էր դնելու թեկնածությունը»,- ասել է Ր.Հովհաննիսյանը: Դրանից հետո վերջինս ասել է, թե, իհարկե, ցանկանում է, որ ընդդիմությունը միասնական թեկնածու ունենա յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում, բայց դրա համար պետք է իր հետ բանակցեն: Կբանակցի՞ Ր.Հովհաննիսյանի հետ Ն.Փաշինյանը, դեռ հայտնի չէ: Բայց սա առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության ոչ միասնական պայքարի ընդամենը մի օրինակն է: Մեծամասնական ընտրակարգով առաջադրումների նման օրինակներ կան բազմաթիվ այլ ընտրատարածքներում եւս: Օրինակ, Էրեբունի համայնքի թիվ 12 ընտրատարածքը, որտեղ առաջադրվել են «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդի Տիգրան Տեր-Պետրոսյանը: Արաբկիրում` «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը եւ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, Աջափնյակում` «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀԱԿ-ից Ավետ Պողոսյանը, Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում` ՀԱԿ անդամ Աշոտ Մանուկյանը եւ Գառնիկ Սահակյանը «Ժառանգությունից», կամ` Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում` ՀՅԴ անդամ Գագիկ Գեւորգյանը եւ ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանն, ու այդպես շարունակ:

Ինչո՞ւ այսքան տարիներից ու այսքան փորձություններից հետո ընդդիմությունը չի կարողանում ընտրությունների ժամանակ համախմբվել: Չէ՞ որ ընդդիմության պառակտումն, ի վերջո, իշխանությունների օգտին է: Ընդդիմադիր բոլոր ճամբարներից էլ համագործակցության եզրեր չգտնելու մեղքը բարդում են դիմացինի վրա: «Մեզ համար մշտապես ցանկալի է եղել համագործակցությամբ եւ համաձայնություններով գործելը, բայց դրա ձախողման պատասխանատուներին պետք է փնտրել «Ժառանգությունից» դուրս: «Ժառանգությունը» չէ մեղավոր, որ այլոք ուղղակի չեն ցանկանում համաձայնեցնել քայլերը կամ միմյանց իրազեկել իրենց քայլերի մասին: Մենք միմյանց քայլերի մասին իմանում ենք մամուլից կամ չենք իմանում: Եվ այս կապակցությամբ ուզում եմ հիշել 2009թ., նաեւ հիշեցնել, որ փոխանակ նստելու, բանակցելու Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների համատեղ մասնակցության հարցը, մամուլով հրապարակվեց ցուցակ` մոտավորապես այսպես` «ուզում եք` սա է, չեք ուզում` սա է» տարբերակով: Նույն կերպ հիմա հրապարակվել է 41 ընտրատարածքներում առաջադրումների ցուցակ` մեզ այդ մասին ի գիտություն պահելով, եւ ոչ ավելին: Հետեւաբար, եթե սա է գործելակերպը քաղաքական դաշտում, ապա այդ դեպքում թող ոչ նեղվեն, որ առաջադրումներ են եղել «Ժառանգության» կողմից, ոչ էլ խնդիրներ փնտրեն»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Բայց արդյոք «Ժառանգությունն» ինքը իր մեծամասնական թեկնածուներին առաջադրելիս փորձե՞լ է քննարկել ՀԱԿ-ի հետ: Ս.Սաֆարյանն այս դեպքում արդեն ասում է, թե երբ իրենք հայտարարում էին իրենց առաջադրումների մասին, ՀԱԿ-ն իր առաջադրումներում դա հաշվի չառավ: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ անիմաստ համարեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ ինքնանպատակ համագործակցությունը: Նրա խոսքերով` եթե իրենց ծրագրերը չեն համընկնում, ապա ինչպե՞ս կարող են համագործակցել: «Մարդիկ կարող են լինել ընդդիմադիր, բայց ունենալ հակառակ գաղափարներ ու ծրագրեր: Մենք ինչպե՞ս պաշտպանենք, զիջենք մեկին, որը մեր պատկերացումներին հակառակ խնդիրներ ունի` ԼՂՀ, հայ-թուրքական հարաբերությունների, տնտեսական, ներքին եւ այլ հարցերի դեպքում: Մենք ինչպե՞ս կարող ենք մեր կառույցին ասել, թե` գնացեք այս մարդուն պաշտպանեք: Նման համագործակցությունները չեն կարող մեխանիկական լինել»,- ասում է Ա.Շահբազյանը: Այսպիսով, իշխանությունների դեմ պայքարը, իշխանափոխությունը կամ արդար ընտրությունների անցկացումը ընդդիմադիր ուժերի համար չդարձավ պայքարի միասնական դաշտ: Եվ տպավորությունն, իսկապես, այն է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե իշխանությունների, այլ միմյանց դեմ: Թեեւ դա արտաքուստ ժխտում են: «Ամենեւին` ոչ: Եթե ՀԱԿ-ը շարունակելու է սանձազերծել արշավ «Ժառանգության» դեմ, ապա, իհարկե, ոչ բարձրագույն մակարդակով, բայց պատասխաններ կտանք` բայց ոչ ամենեւին` ՀԱԿ-ին դարձնելով մեր թիրախը: Մեր թիրախը իշխանությունն է, մեր հիմնական մրցակիցը իշխանությունն է,- ասում է Ս.Սաֆարյանն` ավելացնելով,- բայց ինձ տարակուսանք պատճառեց այն, որ որեւէ մեկը չնկատեց, թե այն ընտրատարածքներում, որտեղ «Ժառանգությունը» առաջադրելու էր թեկնածությունները, այդ տարածքներում առանց որեւէ աղմուկի նույն ՀԱԿ-ն առաջադրեց իր թեկնածուն: Եվ, չգիտես ինչու, ամեն ինչ պայթեց Մալաթիա-Սեբաստիայում»:

Այս խորհրդարանական ընտրությունները իրենց նշանակությամբ «նախընտրական» են 2013թ. նախագահական ընտրությունների տեսանկյունից: Եվ ընդդիմության այսօրվա միասնականությունից ելնելով` կարելի է կանխատեսել, թե որքան միասնական կլինի այն նախագահական ընտրությունների ժամանակ: