Հայերի հանցախումբ` ԱՄՆ-ում

24/03/2012

ԱՄՆ Դաշնային դատախազությունը երեկ հայտնել է, որ ամերիկահայ հանցավոր խմբավորման 4 անդամներ մեղադրվում են բանկային մեքենայությունների եւ անձնական տվյալների գողության մեջ: «Associated Press»-ի փոխանցմամբ` սա Կալիֆոռնիայի պատմության մեջ մինչեւ հիմա կատարված նմանատիպ ամենախոշոր հանցագործություններից մեկն է: 33-ամյա Արման Շարոպետրոսյանը, 39-ամյա Կարեն Մարկոսյանը, 28-ամյա Արտուշ Մարգարյանը եւ 28-ամյա Քրիստինե Օհաջանյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: Նրանցից յուրաքանչյուրին ամեն մի ծանր հանցանքի համար 30 տարվա ազատազրկում է սպառնում: Եվ, ընդհանուր առմամբ, նշվում է, որ հնարավոր է մի քանի հոդվածներով մեղադրվող Շարոպետրոսյանը դատապարտվի 164 տարվա ազատազրկման, մյուսներին եւս մի քանի տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում: «The Washington Post»-ն էլ գրում է, որ գլխավոր դատախազի օգնական Լենի Բրյուերն ասել է, թե հանցավոր խումբը 6 տարվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դոլար է հափշտակել:

Ըստ Դատախազության` խմբի պարագլուխը Արման Շարոպետրոսյանն է: Հանցախմբի հիմնական անդամներից բացի, այս բազմաճյուղ գործում ընդհանուր առմամբ ներգրավված է 20 մեղադրյալ: Ըստ գործի նյութերի, բանտում նստած Շարոպետրոսյանը` իր հանցակից Անգուս Բրովնի հետ, անօրինական ձեւով մեկուսարան բերված բջջային հեռախոսի միջոցով համակարգել է խմբի աշխատանքների սխեմաները, գողանալու համար տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգության համարներ, ծննդյան տարեթվեր, անձնական այլ տվյալներ, որոնց միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից, գումարներ կանխիկացրել, կեղծված ստորագրություններով չեկեր են դուրս գրել:

Նրանց հանցագործություններից տուժել են տասնյակ մարդիկ Կալիֆոռնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Թեքսասում: