«Lydian»-ը Հայաստանում միջազգային ներդրումների «դեմքն է»

24/03/2012

– Ինչպե՞ս եք գնահատում «Ամուլսար» ծրագրի իրականացման ընթացքը ու ի՞նչ հանդիպումներ եք ունենալու Հայաստանում:

– Ներկայումս «Ամուլսար» նախագիծն իր մեջ ավելի քան 3 միլիոն ունցիա ոսկի է պարունակում, ինչը նշանակում է, որ այն մտնում է աշխարհի ոսկու հանքավայրերի ցանկի վերին 15%-ի մեջ: Դա այն է, ինչով Հայաստանը կարող է իսկապես հպարտանալ:

«Ամուլսարում» ոսկու ավելի մեծ պաշարների հայտնաբերման ներուժ կա, եւ հետազոտական աշխատանքները կշարունակվեն այս տարվա ընթացքում եւ հետագայում: Ներկայումս մենք ավարտում ենք մեր տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքները բանկերի համար (Bankable Feasibility Study), որոնք միջոցներ են հատկացնելու նախագծի իրականացման համար: Վերջին հաշվարկներով, նախագծի առաջնային արժեքը կազմում է 200 մլն դոլար: Վերջին մեկ տարվա ընթացքում հանքավայրի հետ տեղում ծանոթացել են Եվրոպայից, Հարավային Աֆրիկայից եւ Հյուսիսային Ամերիկայից 8 առեւտրային բանկերի, ինչպես նաեւ զարգացման 3 բանկերի` ՀԲ-ի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիա, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ եւ Զարգացման Նիդեռլանդական բանկ (FMO) ներկայացուցիչներ: Այդ բանկիրներից շատերի համար դա առաջին այցելությունն էր Հայաստան, եւ «Ամուլսարը» կդառնա նրանց առաջին ներդրումը երկրում: Ներկայումս մենք պատվիրում ենք եւ առաջնային վճարումներ ենք կատարում ամենաժամանակակից սարքավորումներ գնելու համար, որոնք կօգտագործվեն հանքավայրում նախագծի պատասխանատու եւ արդյունավետ աշխատանքի իրականացման համար: Սարքավորումների հետ աշխատելու են տեղի համայնքների ներկայացուցիչները, եւ այս շաբաթվանից մենք սկսում ենք մասնագիտական պատրաստության դասընթացները: Այս շաբաթվա ընթացքում ես ՀՀ-ում հանդիպումներ կունենամ շրջակա միջավայրի պաշտպանության եւ սոցիալական նախագծերի իրականացման մասնագետների, սարքավորումներ ներկրողների, ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի, ՀՀ կառավարության, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանը բիզնես վարելու տեսակետից` կառավարությունը խոսում է իրականացվող բարեփոխումների մասին: Դուք, որպես խոշոր ներդրող, զգո՞ւմ եք դրանք:

– «Lydian International»-ը Հայաստանում միջազգային ներդրումների «դեմքն է»: Մասնակցելով տարբեր կոնֆերանսներին, համագումարներին եւ ներդրողների հանդիպումներին տարբեր երկրներում, մենք հանդես ենք գալիս իբրեւ Հայաստանի ոչ պաշտոնական բիզնես-դեսպանների դերում: Ընդհանուր առմամբ, մենք ունենք ՀՀ-ում ներդրումներ կատարելու դրական փորձ: Քանի որ «Lydian International»-ը հանրային հասարակական ընկերություն է, մենք օրենքով պարտավորված ենք լրատվամիջոցների միջոցով բացահայտել մեր բիզնեսին վերաբերող բոլոր կողմերը բաժնետերերի համար: Եթե մենք դրական փորձ չունենայինք, ապա մեր բաժնետերերը, որոնց թվում են բանկեր եւ ներդրումային հիմնադրամներ ողջ աշխարհից, կիմանային այդ մասին եւ պարզապես կվերանայեին ՀՀ-ում ներդրում կատարելու որոշումները: Կոռուպցիայի դեմ պայքարին կառավարության ուղղած ջանքերը կարելի է միայն ողջունել: Դա շատ դրական գործընթաց է, որն ավելի դյուրին է դարձնում ձեր երկրի բացահայտմանն ուղղված մեր քայլերը` այդքան անհրաժեշտ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար:

– Այս տարի Ձեր ղեկավարած ընկերությունը մտադիր է ՀՀ-ում ներդնել շատ լուրջ գումար` 52 մլն դոլար: Ինչպե՞ս են բաշխվելու այդ միջոցները:

– Միջոցները կօգտագործվեն լրացուցիչ հետազոտական հորատման, սարքավորումների ձեռքբերման, մանրակրկիտ ճարտարագիտական նախագծերի, ուսուցման, սոցիալական եւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունների իրականացման համար:

– Վերջին շրջանում «Գեոթիմը» եւ «Ամուլսարի» ծրագիրը հայտնվել են տարբեր քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

– Նախընտրական շրջանը միշտ էլ բարդություններ է պարունակում, եւ առեւտրային ձեռնարկությունների համար բարդ միջավայր է: Երբ մենք սկսենք արտադրանք տալ, «Ամուլսարում» «Գեոթիմը» կդառնա ՀՀ-ի խոշորագույն հարկատուներից մեկը, եւ, կարծում եմ, այդ հանգամանքը հաշվի առնելով, մենք ստիպված ենք լինելու այս փուլում որոշակի անցանկալի ուշադրության արժանանալ: Երբեմն մեզ հիասթափեցնում են անտեղյակությամբ եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որոշ մեկնաբանություններ, սակայն մեր պատասխանը կարող է հիմնվել միայն փաստերի եւ շահագրգիռ համայնքների եւ ողջ հասարակության լիակատար տեղեկացվածության վրա:

– Նախորդ շաբաթ Ջերմուկում տեղի ունեցավ քննարկում` «Ամուլսարի» ծրագրի հնարավոր բնապահպանական ազդեցության վերաբերյալ, որի ընթացքում Ջերմուկի քաղաքապետը բավական կոպիտ արտահայտություններ արեց Ձեր ընկերության հասցեին: Ինչպե՞ս կբացատրեք դա:

– Որոշ ժամանակ առաջ Ջերմուկի քաղաքապետը եւ քաղաքի ԱԺ պատգամավորը տեսանելիության, աղմուկի, փոշու, ուրանի եւ հանքային ջրի վրա մեր նախագծի ազդեցության վերաբերյալ որոշակի անհանգստություններ հայտնեցին: Չնայած` Ջերմուկը մեր նախագծից 15 կմ հեռու է` 3000 մետր բարձրություն ունեցող սարի մյուս կողմում, եւ մեր հանքավայրը Ջերմուկ համայնքի իրավասության ներքո գտնվող տարածքում չէ` մենք հաշվի նստեցինք այդ անհանգստության հետ եւ անկախ միջազգային փորձագետների մոտ հատուկ հետազոտություն պատվիրեցինք:

Հետազոտության համաձայն, նախագիծը չի երեւալու եւ չի լսվելու Ջերմուկից, այնտեղ փոշի չի լինելու, «Ամուլսարի» հանքանյութն ուրան չի պարունակում եւ ոչ մի ազդեցություն չի կարող գործել հանքային ջրի վրա, որի աղբյուրը տեղակայված է Ջերմուկի հյուսիսային մասում, «Ամուլսարից» մեծ հեռավորության վրա: Միակ հնարավոր ազդեցությունը կարող է լինել այն, որ մեր հողային աշխատանքների որոշ մասը կարող է տեսանելի լինել դեպի Ջերմուկ տանող ճանապարհից` շուրջ 10 կմ քաղաքից դեպի հարավ: Այդ ազդեցությունը նվազեցնելու նպատակով մենք այս տարի կսկսենք ճանապարհի երկայնքով 5000 ծառեր տնկել: Այնուհետեւ մտադիր ենք եւս 20.000 ծառ տնկել «Ամուլսարի» ստորին հատվածում, որպեսզի բլրին տանք այն տեսքը, որն այն ուներ հարյուրամյակներ առաջ, մինչեւ ծառահատումը: Մենք դիտարկել ենք քաղաքապետի կողմից հնչեցված բոլոր անհանգստությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով նա շարունակում է մեղադրել մեզ: Վստահ չեմ, որ նա նեղություն է քաշել եւ կարդացել է մեր կողմից տրամադրված հետազոտության արդյունքները: Չնայած Ջերմուկը մեզ համար հեռավոր շրջան է հանդիսանում, մենք այնտեղից աշխատակիցներ ունենք, օգտվում ենք քաղաքի հյուրանոցներից, քաղաքում համայնքային լիազորված կոմիտե ենք հիմնել: …Ցավոք, քաղաքապետը նախընտրել է բռնել իր այսօրվա դիրքորոշումը, եւ, ինչպես նկատեցիք, նա իսկապես շատ կոպիտ էր արտահայտվել մեր ընկերության, նրա մենեջմենթի եւ բաժնետերերի հանդեպ: Մենք ընդունում ենք լուրջ, հիմնավորված քննադատությունը եւ բաց համագործակցում ենք շահագրգիռ խմբերի եւ համայնքների հետ: Այն ամենն, ինչ մենք կարող ենք անել, դա աշխատանքի վրա կենտրոնանալն է եւ փաստեր տրամադրելը: