Գորբաչովը վերականգնում է նախկին կուսակցությունը

22/03/2012

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի զանգվածային քաղաքական բարեփոխումներ իրականացնելու հայտարարությունների համատեքստում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ձեռնարկում է տարիներ առաջ իր ղեկավարության ներքո եղած եւ 2007թ. ՌԴ արդարադատության նախարարության կողմից լուծարված` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վերականգնումը: Ըստ «Ինտերֆաքսի»` Մ. Գորբաչովը հայտարարել է. «Ներկայումս Ռուսաստանի կուսակցական շինարարության ասպարեզում իսկական խառնաշփոթ է, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կարող է հսկայական շրջանակներ միավորել»: ԽՍՀՄ նախկին նախագահը բոլոր նրանց, ովքեր ունեն սոցիալ-դեմոկրատական հայացքներ, կոչ է արել իրենց առաջարկություններն ուղղել իր հիմնադրամին. «Որ լրջորեն սկսեն կազմակերպչական աշխատանքով զբաղվել»: Այս հարցում Գորբաչովին օգնելու համաձայնություն է տվել գործարար-միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդեւը, ով արդեն ֆինանսական աջակցություն է ցույց տալիս Միխայիլ Գորբաչովի եւ Ռաիսա Գորբաչովայի հիմնադրամներին: Գործարարը նշել է, որ արդեն վաղուց է Գորբաչովի աջակիցը եւ դաշնակիցը: Այժմ էլ պատրաստ է նրան օգնել: Հումորով ավելացրել է հին սովետական ժամանակների կարգախոսը. «Պարտիան ասում է` «Պետք է», կոմսոմոլը պատասխանում է` «Եղավ»: