«Կազինոյում կազինոյին հնարավոր չէ հաղթել»

22/03/2012

Մաշտոցի այգու ցուցարարները, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով, նման են այն փոքրիկ բույսերին, որ գարնանը հավաքում են իրենց բոլոր ուժերը եւ ճեղքում են երեւանյան ասֆալտը:

«Սա քաղաքացիական հասարակության նոր մշակույթ է: Ոստիկանության մի ամբողջ բանակ է նետվում այդ շարժումը լռեցնելու համար. սա ապացուցում է, որ այդ երիտասարդներն ուժ ունեն»,- ասել է նա: Ըստ hetq.am-ի` Գ. Չուգասզյանն ասել է, թե չնայած «ասֆալտը ճեղքած ծիլերն» ի սկզբանե ծառերի կյանքի համար էին պայքարում, բայց «մենք այսօր ականատես ենք ոչ զուտ բնապահպանական պայքարի»: «Ձեւավորվեց քաղաքացիական հարաբերությունների նոր հարթակ, որում չի գործում ախպերական-գյուղական օրենքը, գործում է հարգանքը օրենքի եւ իրար նկատմամբ, ամենակարեւորը` մենք տեսնում ենք ազատագրված անհատին, որը վերադառնում է իր օտարված վիճակից»,- ասել է Գ. Չուգասզյանը: Իսկ նախօրեին Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն&Էլեն» շինության վրա նետված ականը, Չուգասզյանի կարծիքով, վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում ձեւավորված օլիգարխիական մշակույթի զոհ դարձած, օտարված անհատի գործողություն էր: «Երբ մարդն իրեն այդքան օտարված է զգում թե հասարակությունից, թե քաղաքից, դիմում է ծայրահեղ քայլերի»,- ասել է նա:

Ըստ նրա` Մաշտոցի այգում ձեւավորված քաղաքացիական ամբիոնը օտարված քաղաքացու պոտենցիալ ծայրահեղ քայլերը վերածեց գիտակցված գործողությունների ու քաղաքացիական նոր մշակույթի: Նա հաճախ է լսել, թե Մաշտոցի այգու նստացույցն ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց նախաձեռնություն է եւ հետեւաբար` անհույս պայքար. «Բայց ամեն մի նախաձեռնություն սկսվում է կամավորների փոքր խմբից: Այդ կամավորների վճռականությունն է բեկում մտցնում հասարակության անկայուն շրջաններում, եւ գնալով ավելի շատ քաղաքացիներ են գիտակցում ճգնաժամային իրավիճակը»:

Ազգային ժողովի ընտրությունները, Չուգասզյանի կարծիքով, չեն փոխելու այդ ճգնաժամային իրավիճակը: ԱԺ ընտրացուցակների հրապարակումը եւ Մաշտոցի այգում ծավալված նստացույցը, ըստ նրա, բացահայտում են մեր իրականության մեջ իրարից զատորոշվող երկու տարբեր մշակույթներ. եթե դրանցից մեկը ձեւավորում են այգու համար պայքարող պայծառ դեմքերով երիտասարդները, ապա մյուս մշակույթը խտացող խավարն է` ի դեմս պատգամավորական գալիք ընտրությունների:

«Հեռուստատեսությունը փակել է մարդկանց տեսադաշտը, ժողովուրդը չի գիտակցում, որ այստեղ ընտրություններ չկան, կազինոյում կազինոյին հնարավոր չէ հաղթել»,- ասել է նա: Նրա կարծիքով` կրկնվում է հռոմեացի կայսր Կալիգուլայի հայտնի պատմությունը, երբ նա իր ձիուն բերել էր Սենատ` սենատոր դարձնելու նպատակով: Ձին կդառնա պատգամավոր, քանի դեռ դրա տերը կայսր Կալիգուլան է: Սակայն Չուգասզյանի կարծիքով` այս իրականությունը շուտով կփոխվի. պետք է պարզապես պահպանել եւ զարգացնել Մաշտոցի այգում ձեւավորված սաղմնային երեւույթը: