Սկսվեց: Բոլոր իմաստներով ամենայուրօրինակ շաբաթը սկսվեց: Ոչինչ անել հնարավոր չէ: Ոչ հայկական էլեկտրոնային ու տպագիր մամուլ նայել կամ կարդալ: Ոչ էլ քաղաքում զբոսնել: Նախընտրական կրքերը ձեռքներիցս խլել է մամուլը: Քաղաքը՝ «Նովրուզ բայրամ» տոնը նշող մեր հարեւան պարսկաստանցիները: Ազգային ժողովի այս ընտրությունները էապես տարբերվում են նախորդներից: Այն համեմատելի է, թերեւս, միայն 1991թ. Գերագույն Խորհրդի ընտրությունների հետ: 1991թ. «Հները գնում են, նորերն են գալիս» բանաձեւը կարծես այս անգամ էլ է ամենաբնութագրիչը: Պրովոկացիան, իհարկե, իշխող ՀՀԿ-ն արեց: Հայ հասարակությունը վաղուց էր համակերպվել իշխանությունների վերարտադրման փաստի հետ: Ճիշտ է, իշխանությունների վերարտադրությունն ուղեցվում էր իշխանության որակի անկմամբ: Բայց դրա հետ էլ էր հասարակությունը համակերպվել: Տարրական կրթության կեղծ վկայական ունեցող ազգընտիր, այսինքն` խորհրդարանական ընտրություններում հաղթած պատգամավորների մի մասը 90-ականների վերջին ու 2000-ականների սկզբին հաջողացնում էր նույնիսկ նախարար դառնալ: Անկեղծ ասած, մինչեւ հիմա էլ պատկերը չի փոխվել: Բայց տարբերություններ մի քիչ կան: «Պպզողներ» ու հարանման մականուններ ստացած «քաղաքական» գործիչներից շատերը հասցրել են ցիվիլ կենսագրություն կերտել: Կրթությունը հավաստող փաստաթղթեր ձեռք բերել, ընտրական ու գործադիր մարմիններում աշխատանքային կենսագրություն ապահովել: Կենսագրություն, որը հրապարակելն արդեն ամոթ չէ, կամ էլ քմծիծաղ չի առաջացնում ընտրողի մոտ: Երեւի սրանից էր հոգնել իշխող ՀՀԿ-ն: Հոգնել էր ու հայտարարեց, որ իր ցուցակներում այլեւս օլիգարխներ ու մականունավորներ չեն լինելու: (Հասարակությունը հասկացավ, որ հնարավորինս չեն լինելու, ոչ թե ընդհանրապես չեն լինելու): Հին ու նոր կուսակցություններն էլ հասկացան, որ «նոր գինին հին տիկի մեջ չեն պահում»: Հասկացան ու հայտարարեցին, որ իրենց պատգամավորական ցուցակները թարմացնելու են: Որ՝ նոր դեմքեր են հայտնվելու իրենց ցուցակներում: Ու սկսվեց: Վերադարձանք «Հները գնում են, նորերն են գալիս» կարգախոսին: Ինտերնետային լրատվամիջոցները ժամը մեկ տեղեկություններ են տպում, թարմացնում ու վերաթարմացնում պատգամավորության թեկնածուների կուսակցական ցուցակները: Սակայն հասարակության համար նոր անուններ կարծես չկան: Ցուցակներում երգիչներին ու լրագրողներին նոր անուն չես համարի: Էլեկտրոնային լրատվամիջոցները սկսեցին սենսացիա ու ինտրիգ այլ հարթությունում փնտրել՝ թե որ անունը որ տեղում է հայտնվել, որ կուսակցությունը որ լրագրողին ու երգչին է «ուրացել»: Կուսակցություններն էլ մտան դերի մեջ: Ինտրիգ ու կարեւորություն հաղորդելով գործընթացին` նրանք սկսեցին մաս-մաս հրապարակել նախընտրական ցուցակները: Ոմանք նույնիսկ թատերական պաուզա են վերցրել: Վերցրել ու ձգում են: Բայց լավ է՝ օրենսդրությունը ժամկետներ է սահմանել: Կուսակցություններն ընտրողից չեն կարող թաքուն պահել ընտրացուցակները: Այս նախընտրական թոհ ու բոհին մահմեդական տոները սկսվեցին: Ու մեր քաղաքային կենցաղն ու տնտեսական կյանքը հայտնվեց Նովրուզ բայրամի աստղակերպի տակ: Սպասարկման ոլորտի՝ հյուրանոցից մինչեւ գիշերային ակումբների (կամ պոռնկատների) սեփականատերերը, իշխանամետ ու ընդդիմադիր տնտեսագետները սկսեցին հաշվել: Հաշվել, թե որքան տարադրամ կթողնեն Հայաստանում պարսկաստանցիները: Նախորդ տարվա այս բնույթի վերլուծությունների համեմատ` այստեղ եւս նորություններ կան: Հաշվարկների մեջ Վրաստանն էլ էր ներառված: Իրանցիների մի մասը տոները Թբիլիսիում է սկսել նշել: Հայաստանի մյուս բնակավայրերի բնակիչները պարսկաստանցիների մասին արվող այս վերլուծությունները կարող են չափազանցություն համարել: Բայց քրեական պաշտոնական տեղեկատվությունը եկավ ապացուցելու, որ այս հաշվարկներում չափազանցություն չկա: Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա, գիշերվա կեսին ինչ-որ մեկը նռնակ էր շպրտել «Ալեն&Էլեն» (կամ էլ՝ հակառակը) դիսկո ակումբում: Լավ է՝ զոհեր չկան: Բայց վիրավորները՝ վեց-յոթ հոգի, բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Բոլոր նրանք, ովքեր նախորդ տարիներին այս տոնական օրերին եղել են մայրաքաղաքի կենտրոնում՝ չզարմացան: Որովհետեւ կենտրոնի բոլոր սրճարաններում ու համանման մյուս «օբյեկտներում» հայաստանցիները փոքրամասնություն են: Ափսոս, որ այս դեպքն աղավաղեց Երեւանի` որպես հանգիստ ու բարի քաղաքի համբավը: Մյուս հարեւանի՝ Ադրբեջանի լրատվամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայի, որ այս դեպքը ուռճացված ներկայացնեն: Ներկայացնեն իրենց երկրում ու հատկապես` Իրանում: Հետեւաբար` եկող տարի մեր վերլուծաբաններն ավելի շատ կգրեն այն մասին, որ պարսկաստանցիները գերադասում են տոներն անցկացնել Վրաստանում: Իսկ մեզ կմնա հետեւել խորհրդարանական ընտրություններին: Որպես թամաշա` այն այս տարի իսկապես խոստումնալից է: Շատերն են լուրջ ընդունել, որ ինչ-որ բան նոր է: Նոր է, ու ինչ-որ բան կարող է փոխվել: Հատկապես, որ նման ձեւակերպում ունի ՀՀԿ նախընտրական կարգախոսը: Հոռետեսներն, իհարկե, հիշեցնում են նախորդ՝ համարյա բոլոր ընտրություններին հաջորդող հիասթափության մասին: Իսկ հոռետեսների մասին հայտնի է, որ նրանք պարզապես լավ տեղեկացված լավատեսներն են: