Պոլսո Հայոց պատրիարքարանի եւ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող հայկական կալվածքները, արժանի է ամենայն գնահատանքի:
Թուրք պաշտոնատարները, ըստ սովորության, թշնամաբար են վերաբերվում նման դատերին եւ մեծ ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի նրանք մերժեն փոքրամասնությունների կողմից բերված գույքային հայցերը` չափազանց դժվարացնելով, եթե ոչ` անհնար դարձնելով, նմանատիպ դատավարություններում նրանց հաղթանակը: Այնուամենայնիվ, սա անհրաժեշտ առաջին քայլ է, որը հնարավորություն կտա բողոքարկել Թուրքիայի դատարանի ակնկալվող բացասական վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ հայցվորն ունի արդար դատավարության շատ ավելի մեծ հնարավորություն: Մարտի 14-ին Պատրիարքարանի կողմից ներկայացված դատի պահանջն է` վերադարձնել Կարինում (Էրզրումում) գտնվող Սանասարյան վարժարանին պատկանող հայկական կալվածքները, որոնք թուրքական իշխանություններն առգրավել են 1915 թվականի ցեղասպանությունից հետո: Վարժարանի` այժմ տասնյակ միլիոն դոլար արժեցող թանկարժեք կալվածքները ներառում են Կարինում գտնվող ինը հողակտոր, Աղվերեն գյուղում պարտեզով տունը եւ հսկայական հողը, Գեզ գյուղում երկու հողակտոր եւ Կոստանդնուպոլիսի (Ստամբուլ) կենտրոնում գտնվող մեծ առեւտրի կենտրոնը: Սանասարյան վարժարանը հիմնադրվել է 1881թ. վրացահայ մեծահարուստ գործարար Մկրտիչ Սանասարյանի խոշոր նվիրատվության շնորհիվ, ով հաստատվել էր Սանկտ Պետերբուրգում: 1800-ականների վերջերին առատաձեռն բարերարը վարժարանին նվիրաբերեց հավելյալ կալվածքներ: Մինչ 1915 թվականը Սանասարյան վարժարանը զգալի դերակատարում է ունեցել Հայոց ազգային զարթոնքի վերելքի հարցում: Այն եվրոպական ոճի հումանիտար գիտությունների դպրոց էր, որի նպատակն էր` հատկապես պատրաստել տարբեր ոլորտների մանկավարժներ եւ մասնագետներ, ովքեր կաջակցեին Արեւմտյան Հայաստանի տնտեսական զարգացմանը: Իր կարճատեւ գոյության ընթացքում վարժարանը տվեց հարյուրավոր շրջանավարտներ, այդ թվում` այնպիսիներ, ովքեր մեծ պաշտոններ զբաղեցրեցին: 1918 թվականին Միացյալ Նահանգներում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Արմեն Գարոն եղել է Սանասարյան վարժարանի սան: Կարին քաղաքը կարեւոր կենտրոն էր Հայ հեղափոխական դաշնակցության եւ նրա ղեկավարների գործողությունների համար, ովքեր բնակություն էին հաստատել այնտեղ մինչեւ 1915 թվականը: ՀՅԴ-ի հիմնադիրներից մեկը` Ռոստոմը, նշանակվեց Կարինի դպրոցական համակարգի վերակացու, որը ներառում էր Սանասարյան վարժարանը: 1914 թվականին կայացած ՀՅԴ կուսակցության ճակատագրական 8-րդ ընդհանուր ժողովի որոշ հանդիպումներ կայացել են Սանասարյան վարժարանի հողատարածքում: Ժողովն ընդհատվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկով: Երիտթուրքերի ղեկավարությունը Կարին ուղարկեց բարձրաստիճան պատվիրակություն` Հայոց ցեղասպանության ծրագրողներից մեկի` Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ, որպեսզի ճնշում գործադրեն ՀՅԴ-ի վրա համագործակցելու թուրքական կառավարության հետ պատերազմական գործողություններում: ՀՅԴ-ն մերժեց խնդրանքը: Վարժարանը փակվեց 1915 թվականի սկզբին, իսկ ամբողջ ուսուցչական կազմն ու ուսանողներից շատերը սպանվեցին Ցեղասպանության ժամանակ: Շաքիրը սպանվեց հայ վրիժառուների ձեռքերով 1922թ. Բեռլինում: Ճակատագրի հեգնանքով, մի քանի տարի հետո, Կարինը հայ ակտիվիստների օջախից վերածվեց թուրքական ազգայնամոլների կենտրոնի, որտեղ 1919թ. Քեմալ Աթաթուրքը գումարեց պատմական Էրզրումի համագումարը: Ներկայումս Սանասարյան վարժարանը թուրքական թանգարան է: Անդրադառնալով դատավարությանը` Հայոց պատրիարքարանի դատապաշտպան Ալի Էլբեյօղլուին ասաց «Hurriyet» թերթին. «Սանասարյան հիմնադրամը նվիրաբերվել է Պատրիարքարանին բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից 1880-ականներին: Սանասարյան հիմնադրամի խնամակալությունն ու տնօրինումն օրենքով պատկանում է Պատրիարքարանին… Մենք չենք պատրաստվում բավարարվել պատմական շենքերի վերադարձմամբ: Մենք պատրաստվում ենք պահանջել փոխհատուցում կառավարության Հիմնադրամների գլխավոր տնօրինությունից` 1936 թվականից ի վեր Պատրիարքարանի կրած վնասների համար»: «Այս տարվա սկզբում Հայոց պատրիարքարանն առանձին հայց ներկայացրեց Հիմնադրամների գլխավոր տնօրինություն, որով պահանջում էր վերադարձնել Ստամբուլում գտնվող Սանասարյան առեւտրի կենտրոնը (խան): Թեեւ դատարանը ժամանակավոր արգելանք դրեց, սառեցնելով շենքի տնօրինման հետ կապված բոլոր գործարքները, Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը հայտարարեց, որ չի ենթարկվի դատարանի հրամանին: Պատրիարքարանի դատապաշտպան Էլբեյօղլուին պատասխանեց. «Սա հակասում է բոլոր միջազգային իրավական նորմերին, ինչպես նաեւ Լոզանի պայմանագրին: Պատրիարքարանին պատկանում է գույքի իրավունքները»,- հայտնում է «Hurriyet»-ը: Անցյալում, երբ ես Պատրիարքարանին քննադատեցի ազգային շահերի դեմ հայտարարություններ կատարելու համար, ինձ մեղադրեցին, որ ամբողջությամբ չեմ գնահատում այն առանձնահատուկ պայմանները, որում ապրում են հայերը Թուրքիայում, եւ ինձ թելադրեցին ավելի ըմբռնումով մոտենալ, որ նրանք, ըստ էության, Թուրքիայի կառավարության պատանդներն են: Քանի որ այս հոդվածում ես գովաբանում եմ Պատրիարքարանի կողմից ձեռնարկված դատական գործողությունը, վախենում եմ, որ իմ գովասանքն էլ կարող է նույնքան անհանգստություն պատճառել Թուրքիայում ապրող որոշ հայերի: Ես պարզապես փորձում եմ լինել արդար եւ անաչառ, քննադատում կամ գովաբանում եմ` կախված իրավիճակի հանգամանքներից:
Թարգմանեց Կարինե ԳեւՈՐԳՅԱՆԸ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր