Մարտի 21-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ժամը 17:50-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը կնոջ դիակ կա: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը` Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Եգոր Անտոնյանի, Ոստիկանության Արարատի մարզային վարչության քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանի, Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Նշված տանը Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանի դիակը: Դիակի կողքին հայտնաբերվել է նաեւ խոհանոցային արյունոտ դանակ: Ըստ Գ. Շամշյանի` դիակի վրա դրված է եղել մի գրություն: Դեպքի վայրում հավաքված հարեւանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ գրության մեջ մասնավորապես գրված է եղել. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»: Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ սպանվածի որդին գտնվում է հետախուզման մեջ: Դատաբժշկի տված նախնական եզրակացությամբ, դիակի վրա, մասնավորապես, պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում, կան կտրած-ծակած բազմաթիվ վերքեր: Դիակը հայտնաբերվել է նշված տան խոհանոցում` հատակին ընկած վիճակում: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Գագիկ Շամշյանը հայտնում է նաեւ, որ նշված տունը գտնվում է Ջրաշենի գյուղապետարանին հարակից փողոցում: 74-ամյա Չինար Խուդոյանն ապրում էր իր ամուսնու` 73-ամյա Թորգոմ Խուդոյանի հետ: Նախաքննության շահերից ելնելով` որոշ հանգամանքներ ֆոտոլրագրողը չի հայտնում: Գ. Շամշյանի փոխանցմամբ` հաշվի առնելով կատարված հանցագործության վտանգավորությունը` սպանության վայր է ժամանել նաեւ Արարատի մարզի դատախազը: