Եվ ահա երեկ, սահմանադրական հանրաքվեի իրենց վերջին քարոզն իրականացնելու նպատակով` Մատենադարանին հարակից հրապարակում հանրահավաք էր հրավիրել Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ): Հանրահավաքը նախատեսված էր սկսել ժամը 15:00-ին: Նշված ժամին սակայն, Մատենադարանի շրջակայքում կարելի էր տեսնել միայն Մատենադարան մուտք գործելու նպատակով Մատենադարանի մուտքի մոտ շարք կանգնած մի քանի տասնյակ անչափահասների, Ոստիկանության մոտ մեկ տասնյակ աշխատակիցների, ՀԱԿ մի քանի ներկայացուցիչների, չորս «դինամիկ» եւ երկու բարձրախոս: Մոտ 20-30 րոպե հետո նշված վայրում տարօրինակ իրարանցում սկսվեց ու հաշված րոպեների ընթացքում Մատենադարանի մոտ հայտնվեցին մոտ երկու տասնյակ ոստիկանական մեքենաներ ու առնվազն 200 ոստիկաններ, ովքեր զինված էին մահակներով: Մահակները սակայն քչություն էին անում, ու ոստիկանները միմյանց հետ կապվելով` լրացուցիչ մահակներ էին պահանջում: Մոտակայքում գտնվող բեռնատար մի մեքենայի մեջ էլ, բացի մահակներից, կային նաեւ վահաններ եւ ոմանց պնդմամբ՝ նաեւ հրազեն: Ոստիկանները սկզբում երկու շարքով կանգնեցին աստիճանների մոտ ու հարակից տարածքներում՝ փակելով Մատենադարան տանող բոլոր ճանապարհները: Տպավորություն էր ստեղծվում, թե ինչ-ինչ ազգադավ ուժեր պատրաստվում են գրոհով վերցնել Մատենադարանի շենքն, ու այդ լուրը ստանալուն պես` հայրենի Ոստիկանությունը հրաման էր ստացել անձնազոհ կերպով պաշտպանել Մատենադարանը մեր թշնամիներից: Ու այսպես մի քանի րոպե շարված մնալուց հետո ոստիկաններն ամբողջությամբ բացեցին իրենց կողմից փակված ճանապարհն ու ցրվեցին՝ խումբ-խումբ թաքնվելով ծառերի հետեւում ու ինչ-որ ծակուծուկերում: Անհայտ ուղղությամբ գնացին նաեւ տարածքում րոպեներ առաջ հայտնված ոստիկանական մեքենաների մեծ մասը: Մեր այն հարցին, թե ի՞նչ է կատարվում, ոստիկաններից մեկն ասաց, թե հանրահավաք է տեղի ունենալու, ու իրենք էլ հասարակական կարգ են պաշտպանում: Ինչեւէ, այս շոուն ունեցավ ոչ այնքան պակաս հետաքրքիր շարունակություն: Տարածքում խմբերով սկսեցին հայտնվել «Հայբուսակի» եւ «Հյուսիսային համալսարանի» մոտ 40 ուսանողներ, ովքեր չգիտեին, թե ինչո՞ւ են իրենք այդտեղ: Ուսանողների հետ զրույցներից պարզ դարձավ, որ իրենց դասերից հանել են եւ ասել, որ բոլորով գնում են Մատենադարան, բայց, թե ինչո՞ւ՝ ուսանողներին չէին ասել: Նրանցից շատերն` իմանալով, որ իրենց միտինգի են բերել, հիասթափված հեռացան: Ժամը 16:00-ի մոտակայքում մոտ 100-150 դպրոցականներ ու ուսանողներ Տիգրան Ուրիխանյանի եւ գազով լցված, ՀՀ դրոշի ֆոն ստեղծող բազմաթիվ փուչիկների ուղեկցությամբ մոտեցան Մատենադարանին: Եվ ահա. ժամը 16:19-ին վերջապես սկսվեց 15:00-ին հայտարարված հանրահավաքը (եթե այն կարելի է այդպես անվանել): «Հանրահավաքը» տեւեց բառացիորեն երկու րոպե, եւ այդ երկու րոպեների ընթացքում էլ հնչեց ՀԱԿ առաջնորդի ելույթը: Այդ ելույթից տպավորություն էր ստեղծվում, թե այս ամբողջ ակցիան կազմակերպված է մի տեսակ չուզելով, «պտիչկա» դնելու համար, քանզի ելույթի ամեն մի բառն արտաբերվում էր մի տեսակ «անհավես», եւ հետո դրան հաջորդում էին 3-4 հոմանիշ բառեր: Իսկ վերոնշյալ ելույթում Տ. Ուրիխանյանը կարծիք հայտնեց, թե «սրանից ավելի համահունչ քայլ կազմակերպել այսօր Հայաստանում տեղի ունեցող կարեւորագույն գործընթացներին, դժվար կլիներ»: Նկատենք սակայն, որ դժվար էր ասել նաեւ, թե ինչ էին կազմակերպել ՀԱԿ-ականները: «Կատարենք մեր ընտրությունը, արտահայտենք մեր դիրքորոշումը մեր երկրի առաջընթացի, զարգացման, կայունության հաստատուն դիրքերին»,- հայտարարեց ճառողն ու կոչ արեց միահամուռ գնալ միանալ այն զանգվածին, «որի մեջ մի մաս զգալով` կզգանք մեզ որպես կոնսոլիդացված, միավորված, միասնական հասարակություն, երկրի քաղաքացիներ, բնակչություն, տերեր»: Այս կոչից հետո ՀԱԿ ղեկավարն արեց եւս մի կոչ, ու դրանով սահմանափակվեց ողջ «հանրահավաքը»: Իսկ իր այդ վերջին կոչով Տ. Ուրիխանյանը ներկաներին հրավիրեց ընտրություն կատարելու: Գազով լցված վերոնշյալ փուչիկներից կախված սպիտակ պաստառի վրա իրենց ընտրությունը կատարելուց հետո, ջահելները փուչիկներն ազատ արձակեցին, ու այդ փուչիկներն իրենց հետ երկինք տարան ՀԱԿ կատարած ընտրությունը: Հետեւած ծափահարություններից հետո ներկաները շարժվեցին դեպի «Ազատության» հրապարակ՝ այդ պահին այնտեղ ընթացող համերգին ներկա գտնվելու նպատակով: