Կարող էր ապրել Մոնակոյում

20/03/2012

Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը` պատասխանելով «Ազատություն» ռ/կ թղթակցի հարցին, թե` մտավախություն չունե՞ք, որ Գյումրիում Ձեր ընտրողները Ձեզ չեն ճանաչում, ասել է. «Ընդունում եմ, որ մի ստվար զանգված կա, որ ինձ դեռ չի ճանաչում, բայց մինչեւ ընտրություններ, կարծում եմ, կհասցնենք բոլորի հետ էլ ծանոթանալ»: Նաեւ հավելել է, թե չի կարծում, որ Գյումրիում առկա ներկայիս ծանր սոցիալական պայմաններում գյումրեցու համար մեծ կարեւորություն է ներկայացնում թեկնածուի «դրսից» կամ «ներսից» լինելը: Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է որոշել դառնալ ԱԺ պատգամավոր, այն դեպքում, երբ ինքը Հայաստանի 10 խոշորագույն հարկատուներից մեկն է, Ա. Սահակյանը պատասխանել է. «Միգուցե մի քիչ պրիմիտիվ հնչի, բայց հավատացնում եմ ձեզ, որ ես ԱԺ եմ ուզում մտնել, որովհետեւ ես սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ ապրել իմ երկրում: Եթե ես չունենայի «Շիրակ», իմ ընտանիքը կարող էր ապրել Մոնակոյում, եւ այլն: Բայց սա իմ ընտրությունն է, եւ ես չեմ ուզում ապրել իմիջիայլոց եւ բողոքել: Եթե ես մի ոլորտում հաջողակ եմ եղել, հիմա էլ ուզում եմ մեկ այլ ոլորտում մեկ այլ բան անել, եւ անելու բաներ շատ կան»: