Երեկ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանից փորձեցինք պարզել, թե ինչ տարաձայնություններ կան այժմ «Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ: Հիշեցնենք, որ ուրբաթ «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանը խախտել է նախորդ հինգշաբթի կնքած համաձայնագրի կետերը` չի կատարել սահմանված պարտավորությունները, չի իջեցրել ծառայությունների սակագներն այն դեպքում, երբ «Արմավիան» վճարել է պարտքի 50%-ը: Ի պատասխան, Ն. Չերչինյանն ասաց, թե երկու ընկերությունները շարունակում են աշխատել` չխախտելով կնքած համաձայնագրի կետերը: «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանի խոսքով` նշյալ համաձայնագրում «Արմավիայի» առջեւ որոշակի պայման կա, որի կատարումից հետո «Զվարթնոցը» եւս կկատարի համաձայնագրով նախատեսված կետը` սպասարկման սակագների իջեցում: Ըստ Գ. Աբրահամյանի` կոնկրետ ժամկետ չի նշանակվել սակագների իջեցման համար, եւ դա կլինի այն ժամանակ, երբ ավիաընկերությունն իր պարտքերը մարի: