«Տխուր եւ խղճալի վիճակ է»

20/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանն այցելել էր Սիրիա` հանդիպումներ ունենալով իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հետ, առաջարկներ ներկայացնելով նրանց, դրանից հետո, սակայն, Սիրիայում իրավիճակն առավել քան սրվել է: Անանի այցից ընդամենն օրեր անց` կիրակի օրը, Հալեպի Սուլեյմանի հայաշատ թաղամասում տեղի ունեցավ պայթյուն, որի հետեւանքով, ըստ արաբական լրատվական աղբյուրների, 3 մարդ զոհվեց, այդ թվում` հայուհի Արաքս Պետրոսյանը, ինչպես նաեւ` կային վիրավորներ: Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Սիմոն Լիբարյանի փոխանցմամբ (ի դեպ, վերջինս 1996-2004թթ. եղել է Սիրիայի Ազգային ժողովի պատգամավոր)` տիկին Արաքսը զոհվել է ոչ թե փողոցում` անմիջապես պայթյունի ժամանակ, այլ պայթյունի հետեւանքով կաթվածահար է եղել տանը: Ինչ վերաբերում է վիրավոր հայերին, ապա, ըստ բնակչի, բարեբախտաբար, նրանք առողջական ծանր վիճակում չեն գտնվում:

Ս. Լիբարյանն ապրում է Սուլեյմանիա քրիստոնեական թաղամասում, եւ ինչպես ասաց` պայթյունի ձայնն իրենք եւս լսել են, քանի որ շատ մոտ էին գտնվում դեպքի վայրին` 400-500մ հեռավորության վրա: «Պայթյունը տեղի է ունեցել նամակատանը կից, քաղաքական անվտանգության շենքի մոտ: Մեր ենթադրությամբ` պայթյունը կազմակերպել էին հակապետական ուժեր, երկրի անդորրը խանգարող ընդդիմադիր ուժեր, բայց, հավանաբար, դրանք դրսի ուժերի կողմից փորձված են: Եվ ընդհանրապես, բոլորի համոզմունքով` այս շարժումները կառավարվում են դրսից»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Ս. Լիբարյանը: Ըստ վերջինիս` «դրսի կառավարող ուժերի» շարքում կան Պարսից Ծոցի երկրները, ինչպես նաեւ` մի քանի այլ ուժեր, այդ թվում` ԱՄՆ-ը, որոնք դեմոկրատների անվան տակ այլ շահեր են փնտրում: «Տեսակավոր վերլուծություններ կան, քանի որ երկիրը եւ իշխանությունը տակավին զորավոր են, եւ տեղից չի շարժվում, վստահաբար, ավելի սահմռկեցուցիչ դեպքեր պետք է կազմակերպեն, որպեսզի անապահովության մթնոլորտ ստեղծվի եւ հարցը փոքր-ինչ տանեն միջկրոնական, էթնիկ ուղղություններով: Այդ աշխատանքը, դժբախտաբար, կատարվում է»,- Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ք. Անանի Սիրիա կատարած այցի մասին նշեց Հալեպի բնակիչը` նկատելով, որ ապագայի մտահոգություն ունեն ոչ միայն սիրիացիները, այլեւ Սիրիայում ապրող հայերը: Զրուցակցիս խոսքով` այժմ մարդիկ ավելի շատ մտահոգություն ունեն ապահով տեղ փոխադրվելու համար, որը զանգվածային բնույթ չի կրում: Մեր այն հարցին, թե բախումների հետեւանքով պատրաստվո՞ւմ են փոխադրվել Հայաստան, Ս. Լիբարյանը պատասխանեց. «Ոչ` թե՛ անձնապես, թե՛ հավաքաբար: Հալեպի գաղութը կայուն գաղութ է: Մարդիկ երկար տարիներ հիմնված են այստեղ` աշխատանք ունեն, դպրոցներ են հիմնել, եւ կարծում եմ` տակավին այդ վիճակով չեն մտածի փոխադրվելու մասին: Բայց, անկեղծ ասած, մտահոգություններ կան: Եթե կրքերը չմարեն եւ անապահովության զգացումներն ավելի բարձրանան, պարզ է` մարդկանց մոտ փոխադրվելու, ուրիշ երկիր շարժվելու ծրագրերը պետք է իրականանան: Մարդիկ կան, ովքեր պատրաստվում են փոխադրվել հայրենիք, բայց ոչ գործնական քայլերով, պարզապես, պատրաստություններ են տեսնում»: Ս. Լիբարյանի խոսքով` Սիրիայից Հայաստան տեղափոխվող հայերը «ծանր բեռ» կլինեն Հայաստանի համար: «Անվտանգության իմաստով փոխադրվել Հայաստան, հասկանալի է, բայց ես շատ լավ գիտեմ Հայաստանի սոցիալական, տնտեսական վիճակը: Հայաստանի համար ծանր բեռ կլինի հայերի փոխադրումը, քանի որ այդտեղ փոխադրվող մարդիկ աշխատանքի կարիք կունենան, զանազան պայմանների ապահովության, եւ չեմ կարծում, թե Հայաստանի պես երկրի համար դրանք լուծելի հարցեր են: Այսինքն` մենք կարող ենք շատ ծանր խնդիր ստեղծել Հայաստանի սոցիալական եւ տնտեսական կյանքում, եթե մենք արագ եւ մեծ ճիգերով փոխադրվենք Հայաստան»,- ասաց Հալեպի բնակիչը: Վերջինիս խոսքով` իրենք ծնվել-մեծացել են Սիրիայում, եւ հույս ունեն, որ իրավիճակը կբարելավվի: Ըստ նրա` ստեղծված իրավիճակի հետեւանքով հայերը նաեւ գույքային վնասներ են կրել, բացի այդ` առաջ են եկել նաեւ հոգեբանական խնդիրներ: Մարդիկ փորձում են ավելի զգույշ լինել, ապահովել վարժարանների անվտանգությունը, հավաքույթներն ու առիթները կրճատել: Իսկ հարցին, թե տեղի ունեցող բախումները քաղաքացիական պատերազմի կվերածվե՞ն, զրուցակիցս պատասխանեց. «Դժվար է կանխատեսելը, բայց եթե ընդհանուր պատկերն առնենք Միջին Արեւելքի մեջ, ապա հավանականություններ կան: Այն երկրներում, որտեղ փոփոխություններ տեղի ունեցան, քաղաքացիական վիճակը հանգիստ չէ: Օրինակ, որոշ երկրներ բաժանվելու վտանգի տակ են, այսինքն` այդ վտանգը սպառնում է ամենուր, չի բացառվում անգամ Սիրիայում, իսկ Սիրիան իր աշխարհագրական եւ ռազմավարական վիճակով, հավանաբար, ավելի պաշտպանված է որոշ մեծ ուժերի կողմից, ինչպիսիք են` Ռուսաստանը, Չինաստանը, Պարսկաստանը եւ այլն: Միջազգային քաղաքականությունը թույլ չի տա, որ նման բան պատահի»: Այս օրերին, սակայն, բախումների վտանգը հասել է մինչեւ անգամ Դամասկոս: Երեկ մամուլը կրկին խոսում էր Դամասկոսում կրկնակի ահաբեկչություն կազմակերպելու մասին: Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն է Դամասկոսում բնակվող հայերի վիճակը, Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցներից Վահե Մահշիկյանը պատասխանեց. «Տխուր եւ խղճալի աստիճանի հասավ»: Նրա խոսքով` հայերի շրջանում անգործությունը մեծացել է: «Ու այս մի քանի օրերին վտանգը հայերիս էլ հասավ: Ամեն մարդ ապահովություն է փնտրում»,- ասաց նա: Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմաբան Նորա Արիսյանի խոսքով` դեռեւս պարզ չեն Սիրիայի հարցերով Ք. Անանի սիրիական իշխանություններին արված առաջարկների իրականացման գործընթացի փուլերը, բայց այն, որ իրավիճակը չի փոխվել, պարզ է: Իսկ դրա ամենացայտուն վկայությունը կիրակի Հալեպում տեղի ունեցած պայթյունն էր: Ն. Արիսյանի փոխանցմամբ` պայթյունի հետեւանքով զոհվեց Արաքս Պետրոսյանը, եւ 10 հայեր վիրավորվեցին: Ի դեպ, ըստ պատմաբան Ն. Արիսյանի, այսօր Սիրիայում ապրում է մոտ 80.000 հայ, որոնցից 50-60.000-ը բնակվում է Հալեպում, 6-7.000-ը` Դամասկոսում, իսկ մնացածը` Լաթաքիայում, Քեսաբում եւ Քամըշլիում: