50 մլն դրամի խախտում` Կոտայքի մարզպետարանում

20/03/2012

Հայաստանի Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել Կոտայքի մարզպետարանում եւ հայտնաբերել զգալի խախտումներ: Ֆինանսական խախտումների ընդհանուր ծավալը կազմում է 50,2 մլն դրամ, որից 19.5 մլն դրամը ենթակա է պետբյուջե վերականգնման, իսկ եւս 18.1 մլն դրամը` կա՛մ պետբյուջե վերադարձման, կա՛մ աշխատանքով հատուցման: Ըստ իրականացված ստուգումների արդյունքների` Կոտայքում հայտնաբերված խախտումներից ամենամեծ մասը վերաբերում են քաղաքաշինության բնագավառին` 22.5 մլն դրամ եւ ՍԾՏԳ-ներին` 21.5 մլն դրամ:

Քաղաքաշինության մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում անորակ շինարարությանը` 18.1 մլն, իսկ ծավալային հավելագրումներին բաժին է ընկնում 4.4 մլն դրամ: Առողջապահության եւ կրթության ոլորտներում հայտնաբերված խախտումները կազմել են, համապատասխանաբար` 3 եւ 2 մլն դրամ: Այս եւ այլ խախտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատը դիմել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին` միջոցներ ձեռնարկել վերահսկողությամբ արձանագրված խախտումները եւ բացթողումները վերացնելու, ՀՀ պետական բյուջեին հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ: