Ես գիտեմ, որ ամեն ինչ վերջացել…

20/03/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն, ինչպես արդեն նշել ենք նախկին հրապարակումներում, հատկապես իշխանությունն արդեն տեւական ժամանակ մեկնարկել է քարոզչությունը։ Ճիշտ է, դա արվում է բավականին «ցիվիլ» տարբերակով՝ առանց նշելու որեւէ քաղաքական ուժի անուն։ Խոսքը վերաբերում է «Ես գիտեմ» արշավին, որին արդեն անդրադարձել ենք։

Հիմա մեկնարկել է «Ես գիտեմ»-ի երկրորդ փուլը, որն ավելի ճակատային քարոզչություն է։ Այսպես, եթե առաջին փուլը ինչ-որ տեղ ընկալելի էր, քանի որ մարդկանց իրազեկում էր իրենց իրավունքների մասին (օրինակ՝ մարդիկ իմանում էին, որ կարելի է բիզնեսը գրանցել օնլայն, կամ որ վարորդական իրավունքի համար այլեւս պարտավոր չեն «պսիխո» տանել եւ այլն), ապա այս երկրորդը, բառի բուն իմաստով, իշխանության գովքն է։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանության գործունեության գովքը։ Տարբեր ալիքներով օրը մի քանի անգամ կրկնվող հոլովակներում նախ ՀՀ շարքային քաղաքացին ներկայացնում է իր կարծիքը, հետո պաշտոնական թվեր են ներկայացվում առանձին ոլորտների ձեռքբերումների վերաբերյալ։

Հասկանալի է, որ սա ներկայացվում է որպես կառավարության գործունեության հաշվետվություն։ Սակայն, անգամ, եթե փորձենք այդ արշավը արդարացնել՝ մտքում դա ունենալով, դարձյալ չի ստացվի։ Որովհետեւ հոլովակի մեջ այնպիսի մտքեր են հայտնվում, որ անգամ ամենաիշխանամետ մարդիկ հրապարակային նման բան չեն ասի։ Օրինակ՝ արդյունաբերության մասին պատմող հոլովակի սկզբում խոսում է մի երիտասարդ, ով ասում է. «Ես գիտեմ, որ ճգնաժամի տարիներին մեր ձեռնարկությունում աշխատեղերը չեն կրճատվել, ավելացել է արտադրական հզորությունը, ու մենք անգամ սկսել ենք արտահանել»։ Այս հոլովակը դիտելիս` ուզում ես միջոցներ հայթայթել ու «պատասխան տեսահոլովակ» նկարահանել՝ խոսեցնելով բոլոր այն մարդկանց, ում ձեռնարկությունները ճգնաժամից տուժել են։ Նման մարդկանց գտնելը դժվար չի լինի. չէ՞ որ անգամ պաշտոնական տվյալներով, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2009 թվականին անկում է ապրել 7.8%-ով։ Կամ՝ ո՞վ չի հիշում, որ ճգնաժամի թեժ ժամանակ մեր տնտեսության հիմքը հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը հայտնվել էր այնպիսի վիճակում, որ խոշորագույն ընկերությունները իրենց աշխատողներին ուղարկել էին հարկադիր արձակուրդի։ Դա մեծ դժգոհություն էր առաջ բերել աշխատավորության շրջանում։ Սակայն պարզվում է՝ ոչ աշխատատեղեր են կրճատվել ճգնաժամի ժամանակ, ոչ էլ արտադրության ծավալներ։ Հիմա ինչի՞ն հավատալ՝ հոլովակի՞ն, թե՞ պաշտոնական վիճակագրությանը։ Հա, երեւի կասեք, որ հոլովակում երիտասարդը խոսում է ոչ թե ամբողջ տնտեսության, այլ կոնկրետ իրենց ձեռնարկության մասին։ Այդ դեպքում ընդհանրապես անհասկանալի է՝ ո՞րն է հոլովակի իմաստը, ի՞նչ է ցանկանում ասել, կամ՝ ի՞նչ կապ ունի իշխանությունը ճգնաժամից չտուժած ձեռնարկության հետ (ընդ որում, ավելի ճիշտ կլիներ, եթե տիտրով նշվեր, թե այդ ո՞ր ձեռնարկությունն է կարողացել ճգնաժամի ժամանակ բարգավաճել. հերոսներին պետք չէ թաքուն պահել)։ Հետո արդեն հեղինակի ձայնը ավելացնում է, որ վերջին 4 տարիների ընթացքում պետության ֆինանսավորմամբ եւ օժանդակությամբ կատարվել է 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում արդյունաբերական ոլորտն արդիականացնելու եւ տեխնիկապես վերազինելու համար։

Պակաս ուշագրավ չէ նաեւ գյուղի մասին հոլովակը։ «Վերջին 4 տարիների ընթացքում պետական սուբսիդիաների միջոցով գյուղացին ստանում է մատչելի պարարտանյութ, դիզվառելիք, սերմացու եւ մատչելի տոկոսադրույքներով վարկ»,- ասում է ձայնը՝ մոռանալով նշել նաեւ կովերի կրծքերը լվանալու պրակտիկ խորհուրդների մասին։ Կատակը` մի կողմ, բայց գյուղի հարցում խոսելու տեղ շատ քիչ կա։ Գյուղատնտեսության ոլորտում անկումը շարունակվեց անգամ ճգնաժամին հաջորդող տարում, այն էլ՝ ավելի ուժեղ չափով։ Իսկ նշված բարիքները՝ օրինակ, ցածր տոկոսադրույքով վարկը կամ դիզվառելիքը, գյուղացուն տրամադրվում են ոչ թե վերջին 4 տարիների ընթացքում, այլ բոլորովին վերջերս։ Ավելի կոնկրետ՝ այն ժամանակ, երբ համոզվեցին, որ հողերն աղոթելը արդյունք չի տալիս։ Ինչ վերաբերում է վարկերին, ապա շատ է գրվել թե՛ դրանց իրական նպատակների, թե՛ տված օգուտի մասին։ Նշենք նաեւ, որ հոլովակի սկզբում մի գյուղացի պապիկ ասում է. «Ես գիտեմ, որ մենակ չեմ հաղթահարելու դժվարությունները»։ Ենթադրվում է, որ պապիկն ուզում է ասել՝ մենակ չեմ՝ դժվարությունները հաղթահարելու հարցում (թեպետ շեշտադրությունը այնքան էլ լավ չի զգացվում)։ Ոչ ոք էլ մենակ չի՝ դժվարությունները հաթահարելու հարցում, սակայն դա պարտադիր չի նշանակում, որ հենց պետությունն է օգնողը։ Հակառակը՝ ավելի հաճախ մարդիկ համախմբվում են (հարազատներով, բարեկամներով ու ընկերներով), որպեսզի հաղթահարեն հենց պետության ստեղծած դժվարությունները։

Կամ, օրինակ, մշակույթի մասին։ «Ես գիտեմ, որ մշակութային կյանքն ավելի աշխույժ է դարձել»,- ասում է մի երիտասարդ աղջիկ։ Այս դեպքում, թերեւս, չառարկենք. եթե ասում է, ուրեմն մի բան գիտի։

Արշավի հեղինակները, ըստ ամենայնի, ցանկացել են նյութը մատուցել երկու փուլով, որպեսզի առաջինում ցույց տան, թե ի՞նչ քայլեր են արել, իսկ երկրորդով՝ թե այդ քայլերն ի՞նչ արդյունքների են բերել։ Սակայն այս դեպքում տրամաբանական այդ կապը չկա։ Եվ դա զարմանալի չի։ Մեզանում առաջին տեղում թվերն են ու տարբեր վարկանիշային աղյուսակներում զբաղեցրած տեղերը։

Արդեն անգիր արեցինք, որ պետությունը հեշտացրել է բիզնեսի գրանցումը եւ հնարավոր է դարձրել գրանցել այն ինտերնետում՝ հաշված րոպեների ընթացքում։ Այդ մասին խոսվել է թե՛ մեր պաշտոնյաների ելույթներում, թե՛ «Ես գիտեմ»-ի առաջին փուլում։ Արդյո՞ք այդ քայլը նպաստում է նոր ձեռնարկությունների ստեղծմանը։ Եթե` ոչ, ուրեմն այդ մասին հիշատակել չարժեր։ Եթե` այո, ուրեմն դա պետք է թվային արտահայտությամբ բերեր ընկերությունների գրանցման աճի։ Այդ նորարարությունը սկսել է գործել նախորդ տարվա ապրիլից։

Ապրիլ ամսից մինչեւ տարեվերջ գրանցվել է 2036 նոր ՍՊԸ, 7719 անհատ ձեռնարկատեր, եւ այլն։ Թվում է՝ տպավորիչ թվեր են։ Սակայն նախորդ տարիների համեմատ` այդ թիվն առանձնապես չի փոխվել։ Բավական է նշել, որ ճգնաժամային 2009թ. ապրիլից մինչեւ տարեվերջ ձեռնարկատերերի թիվն աճել էր 6645-ով, ՍՊԸ-ներինը՝ 1607-ով։ Եթե հաշվի առնենք, որ 2009-ի ընթացքում լուծարվել են 2000-ից ավելի ԱՁ-ներ եւ 600-ից ավելի ՍՊԸ-ներ, ապա կստացվի, որ սկզբնական գրանցումների քանակն «օն-լայն» համակարգի ներդրումից հետո չի փոխվել։ Չենք ասում, որ նախաձեռնությունը վատն է։ Սակայն դրա դերը գերագնահատելն ու դա առավոտից իրիկուն մարդկանց հրամցնելն էլ մի բան չէ։

Կարելի է մանրանալ եւ վերլուծել բոլոր թվերը, պարզապես չենք ուզում ժամանակից առաջ ընկնել։ Բուն քարոզարշավը դեռ առջեւում է։ Իսկ եթե մի պահ այս եւ նման նախաձեռնությունների հեղինակներն ազնիվ գտնվեն, պետք է մի տեսահոլովակ էլ նկարահանեն այն մարդկանց մասին, ովքեր հեռացել են Հայաստանից եւ ովքեր պատրաստվում են նման որոշում կայացնել: Նրանց կարգախոսը, ամենայն հավանականությամբ, կլինի` «Ես գիտեմ, որ ամեն ինչ վերջացել է…»։