Հինգշաբթի օրը, երբ միասնական ընդդիմության ավտշարասյունը շրջում էր քաղաքում, իշխանությունները վերջնականապես ցույց տվեցին, թե իրենց ղեկավարած պետությունը որքան «կազմակերպված» է: Փաստորեն, «կազմակերպված պետություն» ասելով` նրանք նկատի ունեին կարմիր բերետավորներին, Ներքին զորքերին եւ Պետավտոտեսչության աշխատակիցներին, որոնց մեկ զանգով կարելի է մեկ վայրկյանում «կազմակերպել» եւ ուղարկել ընդդիմադիր մարդ բռնելու ու ծեծելու, քաղաքացիական համազգեստով ԱԱԾ աշխատակիցներով մեքենաներ գողանալու` անգամ նախագահական նստավայրի անմիջապես դիմացից:
Իսկ Ռադիոտան դիմաց` հավաքված բազմության մեջ «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության ղեկավար Աշոտ Պողոսյանին քաշքշելուց, քացիներով հարվածելուց հետո, երբ արդեն շտապ օգնության կարիք եղավ ու Ա. Պողոսյանը գրեթե անգիտակից էր, կարմիր բերետավորների հրամանատարը` «երդվում եմ սպայի կոչումով» երդումներ ուտելով` հրաժարվում էր, որ իրենք էին հինգ րոպե առաջ բոլորի աչքի առաջ մարդուն գետնին գցած ոտքերով տրորում, ու «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանին փորձում էր համոզել, թե Ա. Պողոսյանն էր իրենց` բերետավորներին տեսնելով, ավտոմեքենայի դռնից կախված «գետնի վրա քսմսվում»: Երեկ այդ նույն բանակը` ավելի հզորացված, շրջապատել էր Արամ Խաչատրյանի արձանի մոտ ընդդիմության կազմակերպած միասնական բազմամարդ հանրահավաքը ու ժողովրդին վախեցնելու համար հեռախոսակապով իրար բարձրաձայն հրահանգներ էին տալիս` «դուբինկաները բերեք», «մտեք, հավաքեք, տարեք» եւ այլն: Տարածքում պտտվում էին նաեւ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանը` մուգ ակնոցներով, Կենտրոնի ոստիկանապետ Հովհաննես Թամամյանը` կարակուլի գլխարկով, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը, որը հինգշաբթի օրը բոլոր պետավտոտեսուչներին Շահումյան հրապարակում հրահանգեց. «հենց կարմիր լույսի տակով անցնեն, քշեք ուղիղ տուգանային ու խիստ պատժեք»:
Երեկ միասնական ընդդիմությունն ու իշխանությունները կողքի կողքի էին. մեկն Արամ Խաչատրյանի արձանի մոտ իր բազմամարդ հանրահավաքն էր անցկացնում` իշխանություններից ազատություն պահանջելով, մյուսն Օպերայի դատարկ հրապարակում ուղիղ եթերով համերգ էր անցկացնում: Այնտեղ էին միայն ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն ու պատգամավոր Համլետ Թամազյանը: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` դիմելով իշխանություններին, ասաց. «Հայաստանի Հանրապետությունը ձերը չէ: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք հետամնաց, հեշտ հաշտվող, ժողովրդավարությունից հեռու ժողովուրդ չենք: Մեր բժիշկներին, ուսուցիչներին, մասնագետներին, ուսանողներին ստիպելով, ճնշելով` օրենքից դուրս են դնում: Մինչեւ նոյեմբերի 27-ը մենք` իշխանությունը ձեզ վերադարձնելու համար, հետեւելու ենք, պաշտպանելու ենք անգամ հայի փոքրամասնության իրավունքը, որը գնալու եւ ասելու է «…»: Մենք մնալու ենք հրապարակում, վրանների տակ եւ մեր Հայաստանը տուն ենք բերելու: Չենք հեռանալու»: Ավելի ուշ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոստիկանները փակել են Երեւան եկող Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի ճանապարհները եւ չեն թողնում, որպեսզի իր կուսակցության համախոհները գան հանրահավաքի: «Արդարություն» դաշինքի նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որն իր ելույթից հետո անմիջապես հեռացավ, հայտարարեց, որ իրենք չպետք է թույլ տան, որ այս իշխանությունները Հայաստանը դարձնեն ֆեոդալական երկիր: «Մեր ժողովուրդը չի կոտրվում, այս բռնությունները, ճնշումները չեն կարող կոտրել մեր ժողովրդին: Ընդդիմությունն այսօր միասնական է, պայքարում է եւ շարունակելու է պայքարել հանուն արդարության եւ օրինականության»,- խոստացավ Ս. Դեմիրճյանը: Դերասան Երվանդ Մանարյանն էլ իշխանություններին զգուշացրեց, որ իրենք այլեւս թույլ չեն տա, որ «մեր վրա բարձրանալով` իրենք իրենց անօրինական գործողություններն իրականություն դարձնեն»: «Զինվորի պաշտպանի» կոմիտեի նախագահ Գոհար Արմենակյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե ով է իրականում մեղավոր 20-ամյա Ռազմիկ Սարգսյանի հացադուլի համար: «Իվան Գրիգորյան անձը, որն ապրիլի 12-ին խաղաղ ցույցերի ժամանակ ռետինե խողովակով դուրս էր եկել ժողովրդի դեմ: Զինդատախազությունը` Ջհանգիրյանի գլխավորությամբ, որը պարտավոր է պաշտպանել բանակն անօրինականություններից, այն աստիճան է սերտաճել բանակի հանցավոր տարրերի հետ, որ ցանկության դեպքում անգամ անկարող է կատարել իր պարտականությունները: Դիտավորյալ սպանությունները բանակում դառնում են դժբախտ պատահարներ»: Իսկ հետո Գ. Արմենակյանը` դիմելով բանակի ղեկավարությանն` ասաց. «Անգութ, դաժան դու արարած, մի՞թե քեզ էլ է ստեղծել մեր Մայր Աստված, թե՞ արգանդը քո մայրական սատանայի տունն է եղել, թե այդպես է, այդ արգանդը թող չորանար, անապատի նման հավերժ ամայանար, քանզի նրա տվածը մոլախոտ էր, մեկ էլ տատասկ: Անօրենի դատաստանը մի օր կանի մեր տեր Աստված»:
Հանրահավաքի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին Հովհաննես Վարյանը խնդրել էր հանրահավաքից հետո Օպերայի հրապարակում վրաններ չտեղադրել, բայց Ա. Սարգսյանը մերժել էր նրա խնդրանքը` ասելով, որ իրենք մինչեւ նոյեմբերի 27-ը ժողովրդի հետ մնալու են այնտեղ: «Մենք «ոչ» ենք ասում այս իշխանություններին, այս բռնատիրությանը: Այս իշխանությունները չհասկացան, որ ժողովուրդն իրեն չսիրեց, չընդունեց: Հեռացեք, հերիք է, միեւնույն է, դուք չեք ընկալվում: Միեւնույն է, դուք հոկտեմբերի 27-ից առ այսօր յուղ եք վառում,- հայտարարեց Ա. Սարգսյանը։- Ես շատ կուզենայի հպարտանալ իմ երկրի խորհրդանիշներով, կուզենայի հպարտանալ իմ երկրի նախագահով, բայց ես ինչպե՞ս հպարտանամ Ռոբերտ Քոչարյանով: Հնարավո՞ր է դա»: Բազմությունը գոռում էր` «ոչ»: Իսկ հետո` դիմելով ոստիկաններին` ասաց. «Ի՞նչ աչքերով եք նայելու ձեր երեխաների աչքերին, պատասխան ունենալո՞ւ եք, բա դուք ձեր խղճի վրա հեչ որեւէ բան չե՞ք թողնում: Ումի՞ց եք պաշտպանում իշխանություններին: Իշխանությունները ժողովրդին ծառայելու համար են, ոստիկաններ: Առաջին հերթին ձեր հագուստն է պետք փոխել: Հերիք եղավ մարդկանց գողանաք, մեքենաներ կանգնեցնեք: Չենք կանգնելու, մտածեք: Կրթություն ստացած ոստիկանն էլ մտավորական է: Բա դուք չե՞ք ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում: Լավ, դուք ոստիկան եք, վաղը ձեր որդին ի՞նչ է դառնալու: Արհամարհեք այդ մարդկանց ընդհանրապես: Մենք մնալու ենք այստեղ, մինչեւ 27-ը հանրահավաք ենք անելու: Այսօր մեր ամբողջ ուժերը չէ, որ հավաքել ենք այստեղ: Վաղը կրկնապատկվելու ենք, իսկ 27-ը լինելու է կուլմինացիան: Դրա համար են իշխանությունները խուճապի մատնվել»: «Տեսեք, ՀՀԿ նախագահը որեւէ խոսք չասաց այս գործընթացում, Արթուր Բաղդասարյանն էլ Ուկրաինայի Մեյդանում հայտարարեց, թե հեղափոխությունները սկսվել են ու դեռ չեն ավարտվել: Իրենք էլ են դա ուզում»,- իր ելույթում ասաց «Հանրապետության» նախագահը: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ ասաց, որ «կռիվը վերջ չի ունենում: Պետք է գնալ ու հասնել տեղ»: «Այս իշխանությունները ոստիկանների հետեւում թաքնված մտածում են` ո՞նց անեն, որ էլի թալանեն, ի՞նչ անեն, որ ջիփերը քշեն եւ բանտ չնստեն,- հայտարարեց Արամ Կարապետյանն ու իշխանություններին կանչեց «տղայական ռազբիրատի»։ -Այս իշխանության նպատակը կրիմինալը մինչեւ վերջ իշխանության բերելն է: Նրանք ժողովրդի մասին չեն մտածում: Նրանք ուզում են ցույց տալ, որ էս երկրում մենակ իրենք են տղամարդ, եթե տղամարդ եք, եկեք այստեղ մեզ հետ կանգնեք ու ինչ ձեւով ուզում եք, խոսենք: Եթե ուզում եք` պատրաստ եմ յուրաքանչյուր բացատրության` տղայականից սկսած` վերջացրած քաղաքականով: Մենք ենք էս երկրի տերը, եւ որեւէ մեկն իրավունք չունի մտնելու մեր տունն ու ասի` տղամարդ չկա: Գալու ենք ու ցույց ենք տալու` Հայաստանում տղամարդ կա՞, թե՞ ոչ: Ասում է` Դավթաշենի կամուրջը մենք ենք կառուցել: Ուրեմն` Հայաստանում մինչեւ Ղարաբաղից եկած Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի կառուցվե՞լ, թե՞ Մաշտոցի գրերն էլ են իրենք ստեղծել: Բավական է, որեւէ մեկը ձեզանից չի վախենում»:
Ավելի ուշ` նարնջագույն ավտոբուսներով Օպերայի տարածք բերվեցին լրացուցիչ ոստիկաններ ու կարմիր բերետավորներ, որոնք անմիջապես գործի անցան ու սկսեցին քաշքշել ընդդիմության ակտիվիստներին, ովքեր փորձում էին հարթակի մոտ սեղան տեղադրել` խոչընդոտելով ընդդիմության ստորագրահավաքը: Ժողովուրդը հենց հրապարակում առաջարկեց ստեղծել հանձնաժողովը, որը կզբաղվի հեղափոխության ստորագրահավաքով: Ժամը 20:00-ին ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանի, Արամ Զ. Սարգսյանի եւ մյուսների հետ շարժվեց Օպերայի հրապարակ: Ոստիկաններն ու կարմիր բերետավորները դարձյալ ակտիվացան ու հեռախոսակապով պահանջեցին բերել «մահակները»: «Արա գնացին, շուտ բերեք դուբինկեքը»,- վազելով ասում էր կարմիր բերետավորներից մեկը: Եվ քանի որ իշխանությունների կազմակերպած շոու-համերգը հեռարձակվում էր ուղիղ եթերով, վախից, որ ընդդիմությունն իր բազմությամբ կբարձրանա հարթակ, ու ժողովուրդը Հ1-ով կտեսնի, թե ինչ է կատարվում Օպերայի հրապարակում, կարմիր բերետավորներն ու ոստիկաններն արագ շրջապատեցին հարթակը: Սակայն ընդդիմությունը` դրոշներով ու «Ոչ բռնապետությանը» պաստառներով կանգնեց հրապարակում եւ սպասում էր, որ համերգը վերջանա, ու իրենք տեղադրեն իրենց ծիրանագույն վրանները: Ոստիկանության Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը մոտեցավ Հովհաննես Հովհաննիսյանին ու նրան խնդրեց վրաններ ու խարույկ չվառել հրապարակում. «Մինչեւ հիմա ամեն ինչ հանգիստ անցավ, բայց խարույկ մի վառեք ու վրաններ մի դրեք, գնացեք, ցուրտ է, վաղը նորից ձեր հանրահավաքը կանեք»,- հորդորում էր Ն. Նազարյանը: Սակայն Հ. Հովհաննիսյանը Ն. Նազարյանին ասաց, որ հանրահավաքի առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է եւ նա է որոշում, թե ինչ պետք է անի ժողովուրդը: Իսկ Ր. Հովհաննիսյանը ոչ միայն չէր պատրաստվում ետ կանգնել իր ծրագրից, այլեւ նախապես գիշերը հրապարակում անցկացնող ժողովրդի համար փաթեթավորած սնունդ ու քաղցրավենիք էր բերել:
Հետո` ոստիկանապետերը փորձել են անձամբ Ր. Հովհաննիսյանին համոզել, որ տուն գնա ու ցուրտ տեղը չկանգնի-չմրսի, որ իրենք էլ կարողանան հանգիստ իրենց տները գնալ, բայց «Ժառանգության» նախագահը հրաժարվել է: Իսկ նրանք սպառնացել են, թե չեն թողնելու, որ հրապարակում խարույկներ վառեն ու տաքանան, վրաններ տեղադրեն` հայտարարելով, թե հենց նման քայլի դիմեն, իրենք անմիջապես կանցնեն մահակների կիրառմանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ու մյուս ընդդիմադիրները ժողովրդի հետ կանգնել էին եռագույն դրոշի տակ ու քաղաքավարությունից ելնելով` սպասում էին իշխանությունների համերգի ավարտին, որպեսզի սկսեն վրանների տեղադրումը: Ուսանողները վախենում էին մոտենալ ընդդիմությանը, անընդհատ պտտվում էին նրանց շուրջ, բայց ոստիկան էին տեսնում, արագ փախչում էին` ձեւացնելով, թե համերգ են լսում: Ժամը 21-ի սահմաններում ժողովրդին սնունդ բաժանվեց, բայց նրանք ընդդիմադիր առաջնորդներից պահանջում էին բարձրանալ հարթակ, ճեղքել կարմիր բերետավորների կազմած շղթան եւ ուղիղ հեռարձակման առիթն օգտագործելով` իրենց ասելիքն ասել հասարակությանը, որը չգիտի, թե իրականում ինչ է կատարվում քաղաքի կենտրոնում: «Սրանք մենակ իրանց համերգն են ցույց տալիս»,- դժգոհում էր ժողովուրդը:
Համերգից հետո ժողովուրդը տեղափոխվեց հրապարակի հարթակ: Լույսերն անջատելուց հետո, երբ ընդդիմության առաջնորդները փայլաթիթեղներով հատուկ տարաները բերեցին հրապարակ, որպեսզի մեջը խարույկ վառեն, նրանց մոտեցավ Հ. Թամամյանի տեղակալն ու Րաֆֆի Հովհաննիսյանին ասաց. «Խարույկ վառել չի կարելի: Սա կենտրոնական հրապարակ է»: «Բա ինչպե՞ս էր Դաշնակցությունը խարույկները վառած Բաղրամյան փողոցով բարձրանում»,- հարցրեցին ներկաները: Իսկ Հ. Թամամյանի տեղակալը փորձում էր ապացուցել, որ այդ խարույկով ոչ ոք չի տաքանա. «Եթե ես իմանամ, որ սրա կողքը կանգնած մարդիկ կտաքանան, կասեմ` հա: Այստեղ կրակ վառել չի կարելի: Կարող է իրար բրթեն, ընկնեն կրակի վրա, այրվեն եւ այլն»: Հետո ոստիկանների հետ բանավեճի մեջ մտավ ժողովուրդը` ասելով. «Թողեք տաքանանք, մի քիչ հարգեք մեզ»: «Եթե ձեր կողքը կանգնած ենք, ձեզ հարգելով ենք կանգնած, ուրիշ բանի համար չենք եկել: Մենք էլ կարայինք անկողնում պառկեինք, կքնեինք, ի՞նչ է եղել»,- ասաց «Կենտրոնի» փոխոստիկանապետը, որի շեֆը քիչ առաջ գնացել էր քնելու: Հավաքված բազմության միջից մեկն արագ վրա հասավ, ու` դիմելով փոխոստիկանապետին, ասաց. «Տո դուք միշտ էլ հարգել եք ու կհարգեք, պրոստը հրաման կա, կատարում եք` հասկացանք: Բայց կատարեք էն հրամանը, որը բխում է ազգային շահերից»: Ու մինչ խարույկ վառել-չվառելու լեզվակռիվ էր տեղի ունենում, կրակն ինքն իրեն հանգեց, ու փոխոստիկանապետն ասաց. «Տեսաք` իրան-իրան հանգեց, ուրեմն պտի հանգեր»: «Լավ, կրակից վախում եք, բա վրանից ինչի՞ եք վախում, դրա վրա էլ հո մարդ չի՞ ընկնելու, պաժառ ընկնի»,- փոխոստիկանապետին հակադարձեց տարեց մի մարդ: Հրապարակում լուսարձակներ միացրին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցներին հանձնարարեց հրապարակ բերել մագնիտոֆոն ու ժողովրդական երգերի հավաքածուների ձայներիզներ: Ժողովրդի հետ հրապարակում կգիշերեն նաեւ ոստիկաններն ու կարմիր բերետավորները: Իսկ առավոտյան նրանք միասին կմասնակցեն հանրահավաքի:
Լուս` Գերման ԱՎԱԳՅԱՆԻ եւ ՖՈՏՈԼՈՒՐԻ