Ազգային կինոյի առաջին` ՀԱՅԱԿ մրցանակաբաշխությունը երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփել է անկախ Հայաստանի 20 տարիների կինոարտադրանքը: 1991-2011թթ. ընկած ժամանակահատվածում միայն Հայաստանում արտադրված ֆիլմերից մրցանակաբաշխությանը ներկայացվել էր 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն եւ 32 վավերագրական:
Սահմանված 12 անվանակարգերում հաղթողներն արժանացել են ՀԱՅԱԿ արձանիկների: Լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառո…» ֆիլմը, «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Հարություն Խաչատրյանը` «Սահման» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի եւ լավագույն դերասան են ճանաչվել դերասաններ Աննա Էլբակյանը եւ Միքայել Պողոսյանը: «Լավագույն նկարիչ» է ճանաչվել Վարդան Սեդրակյանը, «Լավագույն կոմպոզիտոր»` Յուրի Հարությունյանը` «Խճճված զուգահեռներ», «Մաեստրո» եւ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերի երաժշտության համար: Իսկ «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում մրցանակը տրվել է Առնոլդ Աղաբաբով-Զորայր Խալափյան զույգին: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա»-ն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» ֆիլմը: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմը: «Լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը:
Հայկական կինոյի զարգացման մեջ ներդրում ունենալու համար մրցանակներ են ստացել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, օպերատոր Լեւոն Աթոյանը եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասան Սոս Սարգսյանը, ով նաեւ նախագահում էր մրցանակաբաշխության ժյուրիի կազմը: