– Վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստուգումներ կատարեց բենզինի շուկայում, հիմա էլ Գյուղնախարարությունն է ուսումնասիրություններ կատարում թեյի շուկայում: Ի՞նչ է ստանում սպառողն այդ ձեւական ուսումնասիրություններից, եւ արդյո՞ք այդ ուսումնասիրություններից կամ ստուգումներից հետո այդ խախտումները չեն կրկնվում:
– Այդ մտավախությունը կա եւ հիմնավորված է: Հետեւողականությունն է մեզ մտահոգում: Այսինքն` յուրաքանչյուր պատժից հետո պետք է շարունակվի ուսումնասիրությունների փուլը, որպեսզի պարզվի, թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան: Առայժմ չունենք փաստացի ապացույցներ, թե իրավիճակը որքանով է շտկվել: Պարզապես մնում է ապավինել այն հանգամանքին, որ ընկերությունները զգաստանում են եւ չարաշահումների այլեւս չեն դիմի: Օրինակ, բենզինի շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման պատճառով մի քանի փոքր ձեռնարկություններ սնանկացան եւ փակվեցին:
– Այնուամենայնիվ, շաքարավազի շուկայում մենաշնորհի մասին ինքներդ բարձրաձայնել եք տարիներ շարունակ, բայց միեւնույն է` իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ գերատեսչական մարմինները ստուգումներ չեն իրականացնում նաեւ այդ ոլորտում, եթե խախտումն ակնհայտ է:
– Ես դա չեմ կարող ո՛չ հասկանալ, եւ ո՛չ էլ ընկալել: Մենք գիտենք, որ Հայաստանում շաքարավազի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող մրցակից-ձեռնարկություն գոյություն չունի, իսկ մեր նպատակը դրա հակակշիռը ստեղծելն է: Բիլ Գեյթսի հայտնի ձեռնարկությունը տրոհեցին-կիսեցին` չարաշահումներից խուսափելու համար: Նույնը կարելի է կիրառել այս դեպքում: Իսկ ինչ վերաբերում է շաքարավազի որակական կողմն ուսումնասիրելուն` խոսքը շաքարավազի խոնավության մասին է, չեմ ընդունում դրա մերժելը: Դեռեւս դեկտեմբերին Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք շաքարավազի, օղու, հացի, կարագի, սուրճի որակական ուսումնասիրություններ կատարելու համար, բայց մինչ օրս այդ պայմանավորվածությունը չի իրականացվել:
– Ձեր նշած անպատժելիությունը որքանո՞վ է պայմանավորված քաղաքական գործընթացներով, եւ սննթամթերքի ոլորտում անցկացվող ստուգումներն արդյո՞ք նախընտրական շոուներ չեն:
– Կասկած չկա, եւ հասարակությունն էլ քաջատեղյակ է, որ մեծ օլիգարխները կա՛մ կապված են իշխանությանը, կա՛մ իշխանության մաս են: Մենք բազմիցս լսել ենք, երբ ՀՀ նախագահը հայտարարել է, թե գործարարներ պետք է քիչ լինեն կամ չլինեն Ազգային ժողովում: Մնում է մի քանի ամիս սպասել իշխող ուժի խոստման հետեւողականությանը: Իսկ մենք մանուկ չենք, որ հավատանք մեծահարուստ ձեռնարկատիրոջ այն խոսքերին, թե ինքը բիզնես չունի, եւ որ իր բիզնեսն իր կնոջն է: Դա նշանակում է, այսպես ասած` «թախտաբիթի խաբել»: Իսկ նախընտրական շրջանում գների աճը դանդաղում կամ կանգնում է, հետեւողական բացահայտումների երեւույթը շատանում է, այնինչ ընտրություններից հետո վերականգնվում է նախկին վիճակը: Ավելին` նույնիսկ գազի գինը տարին մեկ վերանայվում է, եւ հիմա հետաձգում են` մինչ ընտրական շրջանի ավարտը: Այսօր «Երեւան-ջուրը» ջրի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել: ՀՀ Կառավարությունն ու ֆրանսիական ձեռնարկությունն ունեն պայմանագիր` 10 տարվա գնային սցենար, ըստ որի` առաջին 3 տարիների ընթացքում (խոսքը 1996թ. մասին է) ջրի սակագինը պետք է աճի, իսկ հաջորդ 7 տարիներին պետք է նվազի` հասնելով 95 դրամի: Հիմա 6-րդ տարին է, եւ սակագինը պետք է 2 անգամ նվազած լիներ, բայց ես համոզված եմ, որ միջպետական այդ պայմանագիրը չի կատարվելու: Գնի իջեցման նշյալ պլանը չի կատարվելու, կամ կկատարվի շատ չնչին գնանկումով: Իսկ այդ պլանն իրականացնողը եւ հետեւողը ՀՀ կառավարությունն է: Նշյալ ձեռնարկությանը պետք է նախատեսվեր տուգանք կամ լիցենզիայից զրկում:
– Ինչո՞ւ չարվեց:
– Մի կողմից` պասիվության ու անտարբերության, մյուս կողմից` կան շահեր, որոնք իմ հասկացողությունից դուրս են: Իհարկե, շահեր միշտ էլ կան, բայց թե ով ումից ինչքան շահ ունի, չեմ կարող ասել: Տվյալ պարագայում ասածս ամրապնդեմ հետեւյալ օրինակով. «ԱրմենՏել-ում» պետությունն ուներ 10 տոկոս բաժնեմաս, որն ուղղակի զիջեցին: Տրանսպորտի եւ կապի նախարարն ԱԺ ամբիոնից ասաց, թե այդ 10 տոկոսը կառավարման խորհրդում իրենց տալիս էր 5-ից 1 ձայն, ապա ասաց, որ 10 տոկոսն իրենց ի՞նչ պետք է տա: Մինչդեռ այս 10 տոկոսը ենթադրում է եկամուտ պետբյուջեին: Նույն վիճակը տիրում է նաեւ գազի ձեռնարկությունում, որտեղ ՀՀ-ն ուներ 45 տոկոս բաժնեմաս, որը հիմա դարձել է 20: Իսկ դա հետեւանք է մեր նախաձեռնող չլինելու եւ հետկուլիսային շահերի, որոնց, կրկին շեշտեմ` չեմ տիրապետում:
– Սպառողն այլեւս չի վստահում անգամ իր աչքով տեսածին, օրինակ, պիտանելիության ժամկետին եւ այլն, մինչդեռ տնտեսական մրցակցության օրենքները բավական գրավիչ են: Ինչո՞ւ:
– Տնտեսական մրցակցության հարցում մեր կուրատորները Գերմանիան եւ Լիտվան են, որոնք հաճախ ներկա են գտնվում քննարկումներին, ֆինանսավորում են: Որոշ դրական տեղաշարժեր գրանցվեցին «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում, բայց դրա արդյունավետությունն ու հետադարձ կապը դեռեւս չկա, եւ դրանից չեմ կարող բավարարված լինել: Օգնության կարգով տրված գումարները ոչ ռացիոնալ են ծախսվում: Իսկ ինչ վերաբերում է սպառողների վերաբերմունքին, ապա կարող եմ ասել, որ դա մեզ մոտ կարծրատիպային եւ նեգատիվ դրսեւորում ունի: Գերատեսչություններն ունենում են գերատեսչական շահեր: Եթե ես ԶԼՄ-ներից եմ տեղեկանում, որ տեսչությունը ստուգումներ է անցկացրել եւ պատժամիջոցներ է կիրառել, ապա դա նորմալ չէ:
– Այսինքն` հ/կ-ներին էլ պետք է ներգրավե՞ն այդ ստուգայցերին:
– Այո՛, անկասկած: Եթե գերատեսչության ներկայացուցիչն ասում է` «Չե՞ք ուզում մասնակից լինել», ապա ենթատեքստը, ակնարկը հասկանալի է դառնում: Իսկ շատ դեպքերում ինչ-ինչ պատճառներով մեզ չեն ընդգրկում, հավանաբար, կա՛մ հարմար չէ, կա՛մ ձեռնտու չէ, որովհետեւ, երբ ես գերատեսչական մարմնի հետ ստուգման եմ գնում, ասում եմ` մեծ ցանցային խանութներ մտնենք, օրինակ, «Սթար», «Երեւան սիթի», եւ այլն: Այսինքն` մեզ ներգրավելով` մեծանում է օբյեկտիվությունը:
– Իսկ սպառողներից ստացած ահազանգերն ավելացե՞լ են, թե՞ ոչ:
– Ցավոք, վերջին շրջանում ահազանգերը քչացել են, իսկ հիմնականում ահազանգերը պայմանավորված են կենցաղային ապրանքների որակով, այսինքն` դրանք վերադարձնելով խանութներին: Օրինակ, սննդի հարցում շատ կուզեի, որ մի սպառող երշիկով կամ թթվասերով գա, եւ հետեւողական լինի իր իրավունքի խախտման խնդրին: Մենք կարող ենք այդ գործն ընդհուպ դատարան տանել, այնինչ` որպես կանոն, չեն ցանկանում: Մտածում են, որ խնդրի մասին ահազանգելով, իրենց պարտքը կատարել են:
– Ի վերջո, սպառողական հոգեբանության փոփոխություն նկատո՞ւմ եք: Այսօր սպառողը տարակուսում է ապրանք գնելիս` մտածելով, որ ինքը կրկին խաբված է:
– Բանալին վաղուց գտնված է: Անբարեխիղճ մրցակցության եւ որակի վտանգավոր լինելու կասկածները հիմնականում արդարացված են: Իսկ բանալին բացախոսությունն ու հրապարակայնությունն է, ինչի մասին բազմիցս նշել եմ: Օրինակ, կարելի է ստուգայց կազմակերպել, հացերը կշռենք եւ ուղարկենք լաբորատորիա, իսկ հետո հրապարակենք կեղծիքի տոկոսը: Իսկ խուսափելու տարբերակները` նմուշի գինը, լաբորատորիային վարձատրությունը եւ այլն, որոնք թվարկում են, ընդունելի չեն ինձ համար: