Հանրապետական կուսակցության` նախօրեին տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, ինչպես հայտնի է, որոշվել է թեկնածուներ առաջադրել 41 մեծամասնական ընտրատարածքներից 33-ում: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնականում որոշված է, թե ՀՀԿ-ն որ տարածքում ում թեկնածությունն է պաշտպանելու: Ընդամենը մի քանի ընտրատարածքի թեկնածուների հետ կապված դեռ քննարկումներ են ընթանում:
Ի դեպ, 33 թիվը բոլորովին էլ պատահական չէ: Ինչպես տեղեկացրել էինք, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ եղած հերթական լարվածության շրջանակներում փետրվար ամսին տեղի ունեցած կոալիցիոն մի քանի հանդիպումների ժամանակ մեծամասնական ընտրատարածքները բաժանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչպես տեղեկացրել էինք, 41 մեծամասնական ընտրատարածքներից ԲՀԿ-ին այս անգամ բաժին է հասել յոթը: Այսինքն` կոալիցիոն այդ բանակցությունների ու պայմանավորվածությունների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հայտնել է, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի դեմ ընդամենը 7 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրի: Է.Շարմազանովը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, թե նման պայմանավորվածություն է եղել, եւ ասաց, որ իրենց առաջադրումները ԲՀԿ-ի քայլերով չեն պայմանավորել: «Մենք ավելի ճիշտ ենք հաշվարկում մեր ուժերը եւ ուզում ենք ավելի արդյունավետ օգտագործել ՀՀԿ-ի ռեսուրսը»,- ասաց նա:
Եվ այսպես, ՀՀԿ-ն հետեւյալ 33 ընտրատարածքներում առաջադրելու է կամ պաշտպանելու է հետեւյալ թեկնածուներին:
Թիվ 1 ընտրատարածք (Ավան) – Էդիկ Գեւորգյան` Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան: Այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ չի առաջադրվի:
Թիվ 2 (Նոր Նորք) – Սամվել Ֆարմանյան` «Հայլուրի» տնօրեն: Նախորդ անգամ այս ընտրատարածքից ընտրված Ռաֆիկ Պետրոսյանը չի առաջադրվի:
Թիվ 3 (Քանաքեռ-Զեյթուն) – Արթուր Ստեփանյան` «Քեթրին» բարեգործական հիմնադրամի ղեկավար:
Թիվ 4 (Արաբկիր) – Արտակ Սարգսյան` «ՍԱՍ» խանութների ցանցի սեփականատեր: Նախորդ անգամ ՀՀԿ-ն պաշտպանել է պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի թեկնածությունը:
Թիվ 5 (Արաբկիրի եւ Դավիթաշեն համայնքների մի հատվածը) – Արթուր Գեւորգյան` Դավթաշենի թաղապետ: Նախկինում ՀՀԿ-ի թեկնածուն Լեւոն Սարգսյանն էր:
Թիվ 6 (Աջափնյակ) – Ռուբեն Հովսեփյան, Աջափնյակի թաղապետ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը: Հարություն Փամբուկյանը չի առաջադրվի:
Թիվ 7 (Մալաթիա-Սեբաստիա) – Սամվել Ալեքսանյան` պատգամավոր:
Թիվ 8 (Մալաթիա-Սեբաստիա) – Կորյուն Նահապետյան` պատգամավոր:
Թիվ 9 (Կենտրոն) – Ռուբեն Սադոյան` պատգամավոր:
Թիվ 10 (Կենտրոն) – Գարեգին Նուշիկյան` «Նուշիկյան» ընկերության սեփականատեր:
Թիվ 13 (Էրեբունի) – Մհեր Սեդրակյան` Էրեբունի համայնքի նախկին թաղապետ: Նախորդ անգամ ՀՀԿ-ն այս տարածքում պաշտպանել է Արմեն Պուրտոյանի թեկնածությունը:
Թիվ 14 (Արագածոտն) – Վրեժ Մարկոսյան` «Տիգրան Մեծ» հրատարակչության եւ տպարանի սեփականատեր:
Թիվ 15 (Արագածոտն) – Մնացական Մնացականյան` Թալինի քաղաքապետ:
Թիվ 16 (Արարատի մարզ) – Մուրադ Մուրադյան` «Բամո» ընկերության սեփականատեր:
Թիվ 17 (Արարատի մարզ) – Կարինե Պողոսյան` Արտաշատի թիվ 11 դպրոցի տնօրեն: Այս տարածքից 2009թ. ընտրվել է Հովիկ Աբրահամյանը:
Թիվ 19 (Արմավիրի մարզ) – Սեդրակ Սարոյան` պատգամավոր:
Թիվ 20 (Արմավիրի մարզ) – Հրանտ Գրիգորյան` պատգամավոր:
Թիվ 21 (Արմավիրի մարզ) – Ալեքսան Պետրոսյան` պատգամավոր:
Թիվ 22 (Գեղարքունիկի մարզ) – Մանվել Բադեյան` պատգամավոր: ՀՀԿ-ն այս անգամ չի պաշտպանի Տիգրան Արզաքանցյանի թեկնածությունը:
Թիվ 24 (Գեղարքունիքի մարզ) – Հակոբ Հակոբյան` պատգամավոր:
Թիվ 27 (Կոտայքի մարզ) – Համլետ Հայրապետյան:
Թիվ 29 (Լոռու մարզ) – Արկադի Համբարձումյան` պատգամավոր:
Թիվ 30 (Լոռու մարզ) – Վիկտոր Դալլաքյան` պատգամավոր:
Թիվ 31 (Լոռու մարզ) – Կարեն Սարիբեկյան` պատգամավոր:
Թիվ 32 (Լոռու մարզ) – Կարեն Կարապետյան` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Սուրիկ Պողոսյանը չի առաջադրվի:
Թիվ 33 (Շիրակի մարզ) – Աշոտ Աղաբաբյան` պատգամավոր:
Թիվ 34 (Շիրակի մարզ) – Արման Սահակյան` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր:
Թիվ 36 (Շիրակի մարզ) – Մխիթար Վարագյան` պատգամավոր:
Թիվ 37 (Սյունիքի մարզ) – Հայկ Գեւորգյան` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրկանի որդու ուսուցիչը:
Թիվ 38 (Սյունիքի մարզ) – Վահե Հակոբյան` պատգամավոր:
Թիվ 39 (Վայոց Ձորի մարզ) – Աշոտ Արսենյան` պատգամավոր: Սամվել Սարգսյանը չի առաջադրվի:
Թիվ 40 (Տավուշի մարզ) – Միքայել Վարդանյան` պատգամավոր:
Թիվ 41 (Տավուշի մարզ) – Հակոբ Հակոբյան` պատգամավոր։
Մեր տեղեկություններով` նախնական պայմանավորվածության համաձայն` այս 33 ընտրատարածքներից 23-ում ՀՀԿ-ի դեմ կոալիցիոն կուսակցությունները թեկնածու չեն առաջադրելու: Մյուս 10 ընտրատարածքներում կարող են առաջադրել, եւ պատգամավոր կդառնա այն թեկնածուն, ով կհաղթի, այսպես ասած, «մրցակցային պայքարի» արդյունքում: Այդ ընտրատարածքներից են, օրինակ, Անիի շրջանն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքը, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է Մխիթար Վարագյանին: Այստեղ իր թեկնածուին` Արթիկի ոստիկանապետ Արթուր Պետրոսյանի եղբորը առաջադրելու ցանկություն ունի նաեւ ՕԵԿ-ը: Կամ` Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածք, որտեղ ՀՀԿ-ի թեկնածուի` «Քեթրին» հիմնադրամի ղեկավար Արթուր Ստեփանյանի դեմ կարող է ԲՀԿ-ից նորից առաջադրվել Աշոտ Տոնոյանը: Նույնը վերաբերում է նաեւ թիվ 41 եւ մի քանի այլ ընտրատարածքների:
Հայտնի է նաեւ, որ իշխանությունները որոշել են Արարատ եւ Վեդի քաղաքներն ու հարակից մի շարք գյուղերն ընդգրկող թիվ 18 ընտրատարածքը հատկացնել «Ավշար» գինու եւ օղու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանին, ով կուսակցական չէ, բայց պատգամավոր է դարձել ՀՅԴ-ի համամասնական ցուցակով: Ասում են, որ Ա.Գրիգորյանն այդ տարածքում ՀՅԴ-ից առավել պետք է ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար:
Իսկ ԲՀԿ-ին հատկացված 7 ընտրատարածքներից չորսը` թիվ 25, 26, եւ 28 ընտրատարածքները, գտնվում են Կոտայքի մարզում, մեկը` թիվ 23-ը` Սեւանում: Այստեղ առաջադրվելու է Հրանտ Մադաթյանը: Գյումրիի թիվ 35-ում արդեն առաջադրվել է ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: ԲՀԿ-ին մեծամասնական ընտրատարածք բաժին կհասնի նաեւ Երեւանում` Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների որոշ հատվածներն ընդգրկող 11 եւ 12 ընտրատարածքները: Բոլորովին վերջերս տեղեկություններ եղան, թե թիվ 12 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրելու է ընդամենը մի քանի օր առաջ իր կուսակցության շարքերը համալրած ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի թեկնածությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` 11-ում առաջադրվելու է Գրիգորի Մարգարյանը, ով անկուսակցական է, եւ չի բացառվում, որ անդամակցի ԲՀԿ-ին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն նախորդ խորհրդարանական ընտրություններում ունեցել է 8 մեծամասնական պատգամավոր, եւս երեքը միացել են այս 5 տարիների ընթացքում: Սակայն այս անգամ ՀՀԿ-ն որոշել է այդ կուսակցությանը 7 տեղ տալ, իսկ մրցակցային բոլոր 10 տեղերում ԲՀԿ-ն կարող է թեկնածուներ առաջադրել: Հնարավոր է, որ մեկ-երկու տեղում հաղթի: ՀՀԿ-ն «վերցրել» է ԲՀԿ-ի մի քանի մեծամասնական ընտրատարածք: Օրինակ, թիվ 21-ը, որտեղ առաջադրելու է Ալեքսան Պետրոսյանին: Նախկինում այս տարածքից ընտրվել է Ռուստամ Գասպարյանը, ով հետո մտավ ԲՀԿ: Որոշ տեղեկությունների համաձայն` իշխանությունները ՕԵԿ-ին կօգնեն, որ մեկ-երկու ընտրատարածքում մեծամասնական թեկնածուները հաղթանակ տանեն:
Սա 41 մեծամասնական ընտրատարածքների համար իշխանական կուսակցությունների բաժանած քարտեզն է: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը երեկ հայտարարել է, որ իրենք նույնպես թեկնածուներ կառաջադրեն բոլոր 41 ընտրատարածքներում: Մեծամասնական թեկնածուներ կունենան, հավանաբար, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Իսկ ինչ վերաբերում է համամասնական ցուցակներին, ոչ մի կուսակցություն այդ մասին դեռ տեղեկություններ չի տրամադրում, թեեւ արդեն հայտարարում են, որ դրանք գրեթե պատրաստ են: Ս.Սարգսյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կուսակցության ղեկավար մարմնին կներկայացնի հավանաբար շաբաթվա վերջին տեղի ունենալիք նիստերից մեկի ժամանակ: Անցած շաբաթ ՀՀԿ-ն հաստատեց կուսակցության 5 փոխնախագահներին` Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, ավելացան նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը եւ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը: Արդյո՞ք ցուցակը կկազմվի կուսակցական հիերարխիային համապատասխան: Այսինքն` Ս.Սարգսյանին կհետեւեն այս 5 պաշտոնյաները: Թե՞ կառաջնորդվեն արդեն պաշտոնների կշռով, այսինքն` Ս.Սարգսյանին կհետեւեն Տ.Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: «Կուսակցության նախագահը կլինի առաջին համարը, ամենակարեւորը դա է»,- ասաց Է.Շարմազանովը: