Սնանկացման «շոո՞ւ», թե՞ իմիտացիա

15/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ «Արմավիա» ավիաընկերությունը մամլո հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ապրիլին ավիաընկերությունը Հայաստան է բերելու նոր մեծ օդանավեր, ինչպես նաեւ` ընդլայնելու է թռիչքների աշխարհագրական ուղղությունները` թռիչքներ իրականացնելով դեպի Միլան, Ստոկհոլմ, Բիրմինգհեմ եւ Ամրիտսար:

Ընդ որում` սա արվում է այն դեպքում, երբ ընդամենը 2 օր առաջ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դժգոհում էր «Արմենիա» ՓԲԸ-ի սակագներից` նշելով, որ ավիաընկերությունը կսնանկանա, եթե օդանավակայանը 25%-ով չիջեցնի սակագները: Երեկ ավիաընկերության այս նոր քայլի մասին նախ փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայից: «Այո՛, օրեր առաջ պարոն Բաղդասարովը ասել է, որ եթե օդանավակայանը չգնա զիջումների, ապա «Արմավիան» կհայտարարի իր սնանկացման մասին, բայց նշեմ, որ դա կլիներ այն դեպքում, եթե կողմերը չգային պայմանավորվածությունների: Այսօր կողմերը եկան համաձայնությունների, եւ «Արմավիան», բացի այն, որ շարունակում է իր աշխատանքը` իրականացնելով իր բոլոր չվերթերը, նաեւ շարունակում է բացել նոր չվերթեր, բերել նոր ինքնաթիռներ: Մի խոսքով` շարունակում է աշխատել հայկական շուկայում»,- պատասխանեց Ն. Ավետիսովան: Մենք փորձեցինք նաեւ որոշ հարցերի պատասխաններ ստանալ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությունից: Մեր հարցերին պատասխանեց «Զվարթնոցի» գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը.

– Երեկ առավոտյան ավարտվեցին երկու ընկերությունների միջեւ բանակցությունները: Ի՞նչ համաձայնության եկաք: Ըստ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի երեքշաբթի օրն արած հայտարարության` 2 ընկերությունները համաձայնության չեն եկել, իսկ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն էլ «Զվարթնոցը» փոխել է: Ի՞նչը հանկարծ փոխեց իրավիճակը:

– Սկզբունքորեն օդանավակայանը չի բանակցել «Արմավիա» ավիաընկերության հետ, եւ գործընթացն արդեն դուրս է եկել բանակցելու շրջանակից: ՀՀ վարչապետի կողմից ստեղծվել էր հանձնաժողով, եւ 2 անգամ մենք հանդիպել ենք նշյալ հանձնաժողովի հետ, որին նաեւ ներկա է եղել «Արմավիա» ավիաընկերության ղեկավարությունը` ներկայացնելով իրենց պահանջները: Որեւիցե խնդիր, խոչընդոտ կամ բացասական տրամադրվածություն չի եղել մեր կողմից, եւ մեզ ուղղված բոլոր կոնստրուկտիվ հարցերը շատ արագ արձագանք են ստացել: Իսկ երեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ որեւիցե փոփոխություն չի եղել: Կարծում եմ` պետք է հիմք ընդունել նույն օրը Քաղավիացիայի վարչության այն հայտարարությունը, ըստ որի` 2 կողմերը հաշտվել են եւ խնդիր չունեն: Իսկ թե դրանից հետո պարոն Բաղդասարովն ի՞նչ հայտարարություն է արել, չեմ կարող ասել, քանի որ չեմ տիրապետում, թե իրենց ի՞նչ տեղեկատվություն է հաղորդվել: Հավանաբար, ինչ-որ մեկը նրան մի բան ասել է, բայց` ոչ մեր ընկերությունից:

– Դուք նշում եք, թե բանակցություններին որեւէ փոփոխություն չի եղել, բայցեւ հաշտվել եք իրար հետ: Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը, եթե նկատենք, որ «Արմավիան» հայտարարել էր, որ օդանավակայանի սակագների 25% նվազեցման դեպքում կշարունակի աշխատել, այլապես ընկերությանը սնանկացում է սպառնում:

– Ես չեմ կարող մեկնաբանել «Արմավիայի» հայտարարությունները, քանի որ դրանք շատ բազմազան են եւ կապված չեն իրար հետ:

– Բայց այդ հայտարարությունների կոնկրետ հասցեատերը Ձեր ընկերությունն է:

– Բացատրեմ իրավիճակը: Օդանավակայանի սակագները կազմում են չվերթի ձեւավորման ընդհանուր արժեքի 10-15%-ը: Մինչ օրս օդանավակայանի սակագների պատճառով որեւիցե ընկերություն չի սնանկացել: Սակագինը նավթի արժեք չէ, որ ամեն օր փոփոխվի: Վերջին անգամ սակագները վերանայվել են 2005թ., հետեւաբար` վերջին 7 տարիներին դրանք մնացել են անփոփոխ: Ընդ որում` 2005թ. Հայաստան են մուտք գործել մոտ 8 նոր ավիաընկերություններ, որոնք բավական հայտնի են եւ շուկայում մեծ ազդեցություն ունեն: Եթե Հայաստանի շուկան պատրաստ չլիներ այդ ընկերություններին ընդունել` թե՛ ծառայությունների, թե՛ սակագների, թե՛ ինֆրաստրուկտուրայի տեսակետից, ապա դրանք ցանկություն չէին ունենա Հայաստան գալ: Այսօր մեր օդանավակայանից օգտվում են շուրջ 24 ավիաընկերություններ:

– Ներառյալ «Արմավիա՞ն»` որպես ազգային փոխադրող:

– Որպես փոխադրող` այո՛, «Արմավիան» եւս, սակայն նկատենք, որ «ազգային փոխադրող» գաղափարը շատ ավելի բաց գաղափար է: Մեզ համար ազգային փոխադրող է այն ավիաընկերությունը, որը զարգացնում է օդանավակայանը, այլ ոչ թե ուղեւորներ է փոխադրում Ա կետից Բ կետ: Ավիաընկերությունների գնահատմամբ` 3 հանրապետությունների մեջ մենք ունենք լավագույն թռիչքուղին եւ կառամատույցը, իսկ արդյունքում` չունենք տրանզիտ ուղեւորներ, որոնք պետք է ստեղծի ազգային փոխադրողը, այսինքն` ուղեւորներ բերել Մոսկվայից եւ ուղարկել Թեհրան: Սա է օդանավակայանի զարգացման հիմնական կոնցեպտը: Հակառակ դեպքում նման օդանավակայանը մեզ պետք չէր, եւ կարող էինք կառուցել Վրաստանի օդանավակայանի պես փոքր օդանավակայան եւ կունենայինք այնքան ուղեւոր, ինչքան անհրաժեշտ էր այդ հատվածի համար: Ինչպես նաեւ պարտադիր չէ, որ ազգային փոխադրող ընկերությունը լինի մեկը, այլ դրանց թիվը կարող է լինել 3 կամ 4: Ինչեւէ, նշեմ, որ այս պահին «Արմավիան» հատուկ պայմանագիր ունի Կառավարության հետ, որը ստորագրվել է 2003թ. եւ սպառվում է 2013թ.: Այդ պայմանագրի համաձայն` ավիաընկերությունը ստացել է հատուկ արտոնություններ` հատուկ չվերթերի ուղղությունների իրավունք, այդ ուղղությունների մասով որոշումներ կայացնելու, եւ որոշակի առումով դա մոնոպոլ իրավունք է տալիս ավիաընկերությանը` որտե՞ղ թռնել, ի՞նչ հաճախականությամբ, ինչպեսեւ` կան սահմանափակումներ այն ավիաընկերությունների առջեւ, որոնք ցանկություն ունեն դա անել:

– Այսինքն` «Զվարթնոցը» դժգո՞հ է ազգային փոխադրողից:

– Միանշանակ: Ես չեմ ուզում ասել, որ մենք դժգոհ ենք «Արմավիայից», քանի որ այսօր այն այդքան էլ ազգային փոխադրողի դեր չի տանում, բայց իր վարած քաղաքականությունը չի նպաստում օդանավակայանի ցուցանիշների բարձրացմանը: Մեր օդանավակայանը նախատեսված է սպասարկելու տարեկան 3,5 միլիոն ուղեւորի, մինչդեռ սպասարկում ենք 1,6 մլն ուղեւորի: Եվ ոչ թե մենք, այլ Կառավարությունն է որոշել այդ չափանիշները. դեռեւս 6 տարի առաջ սահմանեց դրանք: Իսկ երբ 2002թ. մեր ընկերությունը ստանձնեց օդանավակայանի ղեկավարումը, որոշվեց, թե օդանավակայանն ի՞նչ ինֆրաստրուկտուրա կարող է ունենալ:

– Այնուամենայնիվ, «Արմավիա» եւ «Զվարթնոց» ընկերությունների միջեւ հակասություններն ու խմորումները նոր չեն: Ի՞նչն է պատճառը:

– 1 տարի առաջ նույն խնդիրը կար, եւ այն ժամանակ էլ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչությունում համաձայնագիր ստորագրվեց, եւ մենք համաձայնեցինք պարտքերի մարման ժամանակացույց ունենալ: Արդյունքում` ունենք այսօրվա պարտքը: Այսօրվա դրությամբ, այդ պարտքը կազմում է 5 մլն դոլար: Եթե ընկերությունն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում գործել, ապա ուղիներ է փնտրում, թե որտեղի՞ց կարող է իր ծախսերը նվազեցնել, բայց օդանավակայանի սակագինն այդ ուղիներից ընդամենը 15% է իր շրջանառությամբ: Ես չգիտեմ` մյուս առումներով «Արմավիայի» մոտ բոլորը հարցերը կարգավորվա՞ծ են, թե՞ ոչ, եթե հիմա ավիաընկերությունը խոսում է օդանավակայանի սակագների մասին:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Խոսքը ընկերության ծախսերի մասին է` ինքնաթիռների վարձույթ, որն ահռելի ծախս է, չվերթի սպասարկման 50%-ը կազմող ավիավառելիք, անձնակազմի, օդաչուների ծախսեր: Այսինքն` այս բոլոր հարցերը լուծվել են, եւ մնացել է օդանավակայանի սակագների՞ հարցը: Մենք այդ հարցի պատասխանը չունենք:

– Այնուամենայնիվ, «Արմավիան» մեկ անգամ չէ, որ նշել է օդանավակայանից ստացած խոստումների մասին, ըստ որոնց` օդանավակայանի շինարարությունից հետո սակագները նվազելու են: Մինչդեռ հակառակը` ուղեւորների սպասարկման վճարը 2 եվրոյով թանկացավ: Ինչո՞ւ:

– Նման խոստումներ մեր օդանավակայանը չէր կարող տալ, քանի որ օդանավակայանի սակագները քննարկվել են 2005թ. եւ հաստատվել են Կառավարության կողմից: Տվյալ պարագայում ցանկացած փոփոխություն պետք է նույնպես հաստատվի Կառավարության կողմից: Այսինքն` ընկերությունն ունի սահմանված սակագներ, որ պետք է գործեն: Ինչ վերաբերում է 2 եվրոյով թանկացմանը, դա ավիաընկերության արժեքը չէ, այլ այն հարկն է, որ երկրից մեկնող յուրաքանչյուր ուղեւորից գանձվում է: Այդ սակագինը օդանավի սպասարկման սակագինը չէ, այլ տարիֆ է, որ ուղեւորը տոմսը գնելուց վճարում է, իսկ ավիաընկերությունն էլ պարտավոր է այդ գումարը փոխանցել օդանավակայանին: Ավիաընկերությունը դեռեւս 6 ամիս առաջ տեղյակ էր հարկի բարձրացման մասին, սակայն այդ ժամանակ չարձագանքեց:

– Իսկ երեկ ի՞նչ համաձայնության եկաք: Ինչպե՞ս հաշտվեցիք:

– Մենք համաձայնել ենք այն բոլոր պահանջներին, որ «Արմավիան» ուներ, ընդ որում` դա շարունակական գործընթաց է: Նույնը եղել է 2011թ., եւ խնդրել ենք մեկ բան, որ պարտքի նվազում լինի: Իրականում մեր ընկերությանը մտահոգում է գոյացած պարտքը` հատկապես, երբ ընկերության սեփականատերը եւ ղեկավարությունը հայտարարում են իրենց ընկերության սնանկացման գործընթացի մասին:

– Ի՞նչ փոխզիջման գնացիք:

– Ցավոք, այս պահին չենք կարող փոխզիջման գնալ, քանի որ մեր առջեւ դրված է պայման, եւ ընկերությունը չի նախատեսել, որ այդ գումարը պետք է կորցնել:

– Այսինքն` պարտքի մարման ժամկե՞տն է երկարացվել:

– Իհարկե, երկարացրեցինք:

– Իսկ «Արմավիան» ի՞նչ ժամանակահատվածում է պարտավորվել մարել պարտքը:

– Պարտքի ժամկետը բաշխվեց օրերի, ամիսների վրա, եւ հուսով ենք, որ մինչ տարեվերջ «Արմավիան» կկատարի իր պարտավորությունները: Մենք նույնիսկ սահմանել ենք որոշակի հատված, որ իրենց տրամադրենք ընթացիկ պարտքի 1,5 ամիս սահմանաչափ: Այսինքն` ընկերությունն այսօրվա կուտակած պարտքը կարող է վճարել 1,5 ամիս հետո: Եվ շատ կարեւոր հանգամանք է այն, որ մենք այսօր ինքնաթիռը լիցքավորում ենք այն ավիավառելիքով, որը գնել ենք դեռեւս 1 ամիս առաջ, բայց «Արմավիայից» գումարը ստանում ենք 1,5 ամիս հետո, այնինչ ավիաընկերությունն ուղեւորից այդ գումարը ստանում է տոմսը գնելու պահին` միջինը 1 ամիս առաջ: Ավիավառելիքի հատվածում հստակ փոխկապվածություն կա. ավիաընկերության սեփականատերն ու ավիավառելիք ներմուծողը նույնն են: Այսինքն` ավիավառելիքը ներմուծում է «Միկա լիմիթեդ» ընկերությունը, որը պատկանում է «Արմավիայի» սեփականատիրոջը, եւ վաճառում է օդանավակայանին: Ընդ որում` օդանավակայանը չի կարող ասել իր նախընտրած գինը սակագնի ձեւավորման ժամանակ, քանի որ 2008թ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստեղծել է հստակ բանաձեւ, որով գնված ավիավառելիքի վրա օդանավակայանը կարող է հաշվարկել իր մարգինալ տարբերությունը եւ վաճառել ընկերությանը: Իսկ ցանկացած գերազանցման կամ նվազեցման դեպքում մենք խնդիր ունենք, քանի որ ամեն ամիս բոլոր հաշվետվությունները գնում են ՏՄՊՀ: Այսինքն` մենք ազատ չենք մեր որոշումների մեջ` ի տարբերություն «Միկա լիմիթեդի», որը, փաստորեն, ավիավառելիքը վաճառում է մեզ` գումարը վերցնելով, իսկ այնուհետ մենք վաճառում ենք նույն նավթը նրան, որը վճարումն ուշացնում է: Մինչդեռ նավթը վաճառելիս չի թույլատրում, որ գումարն ուշացնենք: Իրականում օդանավակայանը հայտնվել է թիրախում` հայտնվելով մի իրավիճակում, որտեղ երկու լուծումներից մեկը գումարը կորցնելն է, որ ավիաընկերությունը կուտակել է:

– Այնուամենայնիվ, բանակցություններին, ըստ «Արմավիայի» աշխատակիցներից մեկի մամուլին տված հարցազրույցի, խոսվել է սակագների իջեցման եւ հարկերի բարձրացման տարբերակի մասին: Ընդ որում` նշվում է, որ «Արմենիան» բանակցություններ է սկսել ՀՀ պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաների հետ: Ինչպե՞ս հասկանալ իրավիճակը:

– Նման բան գոյություն չունի: Ո՛չ երեքշաբթի, ո՛չ չորեքշաբթի առավոտյան տեղի ունեցած հանդիպմանը նման բան չի եղել, եւ օդանավակայանն է մշակել քննարկված ձեւակերպումները` ներկայացնելով հանձնաժողովին: ՊԵԿ-ի հետ որեւէ հանդիպում չի եղել, եւ մեր ընկերությունը որեւէ քննարկում չի վարել նրանց հետ: Իսկ այս պահին չեմ կարող մեկնաբանել «Արմավիայի» աշխատակիցների նշյալ հայտարարությունը, քանի որ չեմ հասկանում, թե ո՞րն է դրանց բովանդակությունը:

– Եվ վերջում` երեկ «Արմավիան» հայտարարեց իր նոր ծրագրերի մասին` նոր ուղղությունների ընդլայնման եւ օդանավերի գնման մասին: Օդանավակայանը տեղյա՞կ է այդ մասին:

– Մենք տեղյակ չէինք այդ մասին: Ամեն դեպքում մեր բոլոր քննարկումների ժամանակ հիմնական պահանջը ավիաընկերությունից այն էր, որ մեզ ներկայացնի բիզնես-պլան, իսկ թե ի՞նչ է անելու «Արմավիան»` չգիտենք: Եթե 1 օրում իրենք որոշում են կայացրել զարգացնել ավիաընկերությունը` շատ ուրախալի է: