«Ջազզվեն» իր դիրքորոշումը կհայտնի փորձաքննությունից հետո

15/03/2012

«Ջազզվե» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ նախօրեին «Բարբրի Լիմիթեդ» ընկերության տարածած հաղորդագրության կապակցությամբ իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո: Հաղորդագրության մեջ ասված է. «Անդրադառնալով վերջերս մամուլում տեղ գտած տեղեկատվությանը` կապված «Ջազզվե» ընկերության կողմից «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու հետ, հարկ ենք համարում նշել, որ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը 25.11.2011թ. «Ջազզվե» ՍՊԸ-ին ուղարկված նամակով խնդրել է դադարեցնել «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը: Խոսքը վերաբերում է դեռեւս 2003թ. բացված` Երեւան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առաջին «Ջազզվե» սրճարանին, որտեղ օգտագործվող պատերի հարդարանքը «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը` նմանեցրել է իր ապրանքային նշանին: «Ջազզվե» ընկերությունը 24.02.2012թ. ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2012թ. որոշումը` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունն ընդդեմ «Ջազզվե» ՍՊԸ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Ներկայումս հայցադիմումն ուսումնասիրվում է «Ջազզվե» ընկերության շահերը ներկայացնող «Լեքս Փարթներս» իրավաբանական գրասենյակի կողմից: Հաշվի առնելով այն, որ հայցի առարկա հանդիսացող ապրանքային նշանը դեռեւս 2003-ից օգտագործվում է բոլորովին այլ` ընկերության գործունեության հետ որեւէ կերպ չառնչվող ծառայությունների շրջանակում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից ներկայումս կատարվում է խնդրո առարկա ապրանքային նշանի պատկանելիությունը որոշելու վերաբերյալ փորձաքննություն, «Ջազզվե» ընկերությունն իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը Հայաստանում ներկայացնող «Լեգալատա» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ Մեծ Բրիտանիայում գրանցված եւ գործող աշխարհահռչակ ապրանքային նշանների իրավատեր «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունն իր ապրանքային նշանների պաշտպանության խնդիր է տեսնում Հայաստանի Հանրապետությունում: «Լեգալատա» ընկերությունը տեղեկացրել է նաեւ, որ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը նոյեմբերի 25-ին նամակով դիմել է «Ջազզվե» ՍՊԸ-ին` խնդրելով դադարեցնել իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործումը, քանի որ դա «Ջազզվեն» անում է առանց իր համաձայնության: Այժմ «Բարբրի Լիմիթեդը» ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը արգելելու պահանջով դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: