– Պրն Մուկուչյան, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ԸՕ-ի թերեւս առաջին ապրոբացիան էր: Ինչպե՞ս կգնահատեք այդ «փորձարկումը»:
– Դեռեւս Հրազդանի ընտրություններից առաջ էլ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ տարբեր գյուղական համայնքներում: Ունեցել էինք ընտրություններ նաեւ Իջեւանում, որը նույնպես անցկացվեց նոր ԸՕ կանոնակարգումների համաձայն: Եվ, բնականաբար, փետրվարին Հրազդանում եւ մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունները, որոնց ընթացքում ընտրական իրավահարաբերությունները կարգավորվում էին նոր ԸՕ համապատասխան, այդ թվում նաեւ` ԿԸՀ նորմատիվային որոշումներով: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ ԸՕ-ում ամրագրված դրույթները լիարժեք հնարավորություն են տալիս իրականացնելու արդար, թափանցիկ եւ հրապարակային ընտրություններ:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
– Խնդիրներ առաջ չե՞ն եկել, որոնք մինչ այդ այդքան էլ հրատապ չէին թվում:
– Ի հայտ եկած խնդիրներից մեկը հենց ձեր հիշատակած կետերի շարքում է` 6-րդ հոդվածի 12-րդ կետը (ընտրությունների հրապարակայնությունը): Ըստ այդ կետի, ընտրական իրավահարաբերության որոշ սուբյեկտներ իրավունք ունեն ընտրական տեղամասում իրականացնել լուսանկարահանում եւ տեսանկարահանում` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Այս առումով խնդիր էր առաջանում` ի՞նչ եղանակով իրականացնել նկարահանումը, որպեսզի եւ այդ իրավունքն ունեցողը իրավունք ունենա լիարժեք ծավալով իրականացնել այդ իրավունքը, եւ միաժամանակ` դա չդիտվի որպես իրավունքի չարաշահում, այսինքն` չլինի այնպիսին, որ դրանով խախտվի ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքը: Այս հարցի հետ կապված ԿԸՀ-ում այժմ նախապատրաստվում է նախագիծ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք կունենանք պարզաբանում: Դրանով կպարզաբանվի, թե ինչ եղանակով պետք է կատարվի նկարահանումը, որպեսզի չխախտվի քվեարկության գաղտնիության իրավունքը:
– Այսինքն` լինելու են նկարահանման կոնկրետ չափանիշնե՞ր:
– Այո, կսահմանվեն որոշակի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան հստակ կերպով իրացնել իրավունքը: Նախորդ փորձի ուսումնասիրումն է մեզ հուշել, որ պարզաբանումն այստեղ անհրաժեշտ է: Իրականում ունենում էինք դեպքեր, երբ ուղղակիորեն տեղի էին ունենում նշված իրավունքի չարաշահումներ: Օրինակ, մենք Ընտրական օրենսգրքի այլ հոդվածներում ունենք ամրագրված, որ տեսանկարահանվել կամ լուսանկարահանվել չեն կարող ընտրողների կողմից ստորագրված ցուցակները: Սակայն, ցավոք, մենք ականատես էինք լինում դեպքերի, երբ ցուցակների ստորագրման պրոցեսը նկարահանվում էր: Իսկ ստորագրման պրոցեսի ժամանակ բացահայտվում է ընտրողի` քվեարկության մասնակցելու իրավունքը, ինչը եւս գաղտնիության ինստիտուտի էլեմենտներից մեկն է հանդիսանում: Հետեւաբար, լուսանկարահանումն ու տեսանկարահանումը պետք է անցկացվեն այնպես, որ գաղտնիությունը չխախտվի: Օրենքը հստակ ամրագրել է, որ ստորագրված ցուցակը հրապարակման ենթակա չէ, եւ քվեարկությունը գաղտնի է: Իսկ եթե քվեարկությունը գաղտնի է, սա նշանակում է, որ չի կարելի այնպես նկարահանել, որ բացահայտվի ընտրողի տված քվեն: Մյուս կողմից` իրավունքի իրացումը պետք է միշտ իրականացվի ողջամտության սահմաններում: Այդ իրավունքի իրացումը չպետք է ընտրողների համար առաջացնի խոչընդոտներ կամ վտանգ: Լուսանկարահանման եւ տեսանկարահանման իմաստն այն է, որ հրապարակային դարձվի այն ամենը, ինչ տեղի է ունենում ընտրական տեղամասում:
Հրազդանի ընտրությունների ժամանակ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, երբ ընտրողը ներկայացել էր ընտրական տեղամաս, ցանկանում էր քվեարկել: Սակայն հանձնաժողովի նախագահը նրան պարզաբանում է, որ ինքն այդ տեղամասի քվեարկող չէ եւ պետք է գնա այլ տեղամաս: Այդ պահին ինչ-որ անհայտ անձինք ընտրողից վերցնում են անձնագիրը, խոշոր պլանով նկարում են անձնագիրը: Նկարել կարելի է, բայց այդ ձեւով` երբեք: Չպետք է մոռանանք, որ այն մարդը, ում նկարում են, կամ ում անձնագիրը նկարում են, եւս ունի իրավունքներ:
– Իսկ եթե անձը դեմ չի, որ իր անձնագիրը նկարե՞ն, եւ չի՞ առարկում, եթե այդ պրոցեսի ժամանակ բացահայտում է իր` ընտրության մասնակցելու փաստը:
– Հիմա եթե տեղամաս գա հազար մարդ, եւ բոլորն ասեն` մենք չենք առարկում, մեր անձնագրերը նկարեք, ուրեմն պետք է թույլատրե՞նք: Ընտրական տեղամասը անձնագիր նկարելու վայր չի, կարող են գնալ դրսում ցույց տալ իրենց անձնագրերը, որ նկարեն: Տեղամասում մենք ունենք սահմանափակ ժամանակահատված, քվեարկությունը ունի սկիզբ եւ ավարտ: Այդ ժամանակահատվածում ընտրական տեղամասում գտնվելու իրավունք ունեն նախ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, ովքեր թվով յոթն են, ավելացրած` թեկնածուների վստահված անձինք, ԱԺ ընտրությունների ժամանակ` նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների վստահված անձինք, դիտորդներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Մյուս կողմից` ընտրական օրենսգիրքը նախատեսել է, որ տեղամասում միաժամանակ չեն կարող ներկա գտնվել տասնհինգից ավելի ընտրողներ: Այսինքն` գործ ունենք մի սահմանափակ տարածքի հետ, որտեղ բավականին մեծ թվով մարդիկ են լինելու: Հետեւաբար, մեկի աշխատանքը չի կարելի կազմակերպել այնպես, որ դա խախտի ընտրության ամբողջ գործընթացը կամ ձախողի այն: Մարդիկ անընդհատ գալիս են քվեարկելու, եւ եթե տասնհինգից ավելի ընտրող է լինում ընտրական տեղամասում, հոսքը պետք է դադարեցվի եւ հերթով թույլ տրվի, որ մտնեն ընտրական տեղամաս: Այսինքն` ընտրական ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ԸՕ պահանջներին համահունչ յուրաքանչյուր ընտրող իրավունք ունենա լիարժեք կերպով իրականացնելու իր ընտրական իրավունքները: Այդ թվում` նկարահանումը պետք է կազմակերպվի այնպես, որ չխախտվի ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքը, եւ չխախտվի քվեարկության բնականոն ընթացքը: Ինչպես նշեցի, այս հարցի շուրջ կլինի պարզաբանում, որպեսզի տարաբնույթ մեկնաբանությունները բացառվեն:
– Մինչեւ այդ պարզաբանման հրապարակվելը, կասե՞ք` ընտրողն իրավունք ունի՞ սեփական քվեաթերթիկը լուսանկարել, օրինակ, իր բջջային հեռախոսով:
– Ոչ: Որովհետեւ ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության իրավունքը օրենսգրքով ամրագրված նորմ է: Քվեարկության գաղտնիությունը համարվում է ոչ միայն ընտրողի իրավունքը, այլ նաեւ պարտականությունը:
Շատերն այդ դիտարկմանն ի պատասխան` հիշեցնում են, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բաց քվեարկեց, եւ դա ոչ մի իրավական հետեւանք չունեցավ:
Որովհետեւ նախորդ ընտրությունների ժամանակ այդպիսի իրավանորմ չի եղել: Նման կարծիք արտահայտողները ճիշտ կանեին առաջին հերթին ծանոթանային նոր ընտրական օրենսգրքին, դա համեմատեին նախորդ` մասնավորապես, նշված ժամանակահատվածում գործած ԸՕ դրույթների հետ: Նոր ԸՕ-ով նշյալ խնդիրը կարգավորվում է նորովի: Հատուկ եւս մեկ անգամ նշեմ. ԸՕ-ի հինգերորդ հոդվածի համաձայն. «Քվեարկողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաեւ պարտականություն»: Ընտրական տեղամասից դուրս ընտրողն, իհարկե, սեփական կամքով կարող է իր մտերիմներին տեղեկացնել, թե ում օգտին է քվեարկել: Սակայն ընտրական տեղամասում նա չի կարող հայտնել քվեարկության վերաբերյալ որեւէ տեղեկություն:
– Դուք նշեցիք, որ գաղտնիության էլեմենտ է նաեւ քվեարկությանը մասնակցությունը: Եվ հենց այդ պատճառով էլ ստորագրված ցուցակները չեն հրապարակվում: Եթե փորձեք պաշտպանել այդ իրավունքը տեսանկարահանման ժամանակ, ապա տեխնիկապես ինչպե՞ս է հնարավոր լինելու դա անել:
– Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են: Այս պահին չէի ուզենա առաջ անցնել: Կլինի ԿԸՀ համապատասխան որոշում, պարզաբանում դրա հիման վրա, որով այդ բոլոր հարցերը կհստակեցվեն: Դրանից հետո եթե բաց տեղեր կմնան, պատրաստ ենք մեկնաբանություններ տալու:
ԴԻՏՈՐԴՆԵՐ
– Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին ամենից շատ մտահոգում էր 30-րդ հոդվածի 5-րդ կետը, ըստ որի` դիտորդի կողմից որեւէ թեկնածուի աջակցելու դեպքում ԿԸՀ-ն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից: Տվյալ դեպքում ի՞նչ է նշանակում` «աջակցություն», ի՞նչ չափանիշների հիման վրա է որոշվելու` աջակցություն եղե՞լ է, թե՞ ոչ: Նաեւ` որքանո՞վ է իրական այն վտանգը, որ մեկ դիտորդի անպատասխանատվության պատճառով կարող է տուժել ողջ կազմակերպությունը` զրկվելով դիտորդության իրավունքից:
– Ըստ ԸՕ-ի` դիտորդական առաքելության իրականացումը պետք է լինի անկողմնակալ, դիտորդները չպետք է սատարեն որեւէ թեկնածուի, նրանք պետք է անկողմնակալ իրականացնեն իրենց առաքելությունը, հետեւեն ընտրական գործընթացին եւ դրա վերաբերյալ անեն իրենց եզրահանգումներն ու դատողությունները: Պետք է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ, որոնցից ամենակարեւորն այն է, որ առաքելության իրավունքից զրկելը իրականացվում է ԿԸՀ-ի կողմից` համապատասխան որոշման հիման վրա: Իսկ եթե ԿԸՀ-ն ընդունում է որեւէ որոշում, դա նշանակում է, որ հրապարակային նիստում հարցը բազմակողմանի ներկայացվում է, քննարկվում, եւ բոլոր հանգամանքները մանրամասնորեն քննարկվում են: Ամեն ինչ արվում է թափանցիկ եւ հրապարակային, հետեւաբար` ես այստեղ որեւէ մտահոգության հիմք չեմ տեսնում: Այդ իրավունքը ԿԸՀ-ն պետք է իրականացնի ԸՕ-ի, վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի սկզբունքներին համապատասխան: Օրինակ` օրինականության սկզբունք, համաչափության սկզբունք եւ բազմաթիվ նման սկզբունքներ: Այսինքն` եթե լինեն նման դեպքեր, ապա ԿԸՀ-ն միանշանակ բոլոր փաստական հանգամանքները պետք է դարձնի ուսումնասիրության առարկա: Միայն այդ ուսումնասիրության արդյունքում է հնարավոր ասել` տեղի՞ է ունեցել աջակցություն, թե՞ ոչ: ԿԸՀ որոշումը պետք է լինի հիմնավորված, պատճառաբանված եւ օրինական: Մի քանի խոսքով անդրադառնամ դիտորդական առաքելությունների խնդրին: Նախկին փորձը ցույց է տվել, որ տեղական շատ դիտորդական կազմակերպություններ տեղամասերում մասնակցում են ընտրություններին` որպես դիտորդ, բայց նրանց գործողություններում նկատվում են մոտեցումներ, որոնք խոսում են այն մասին, որ այդ կազմակերպությունները ընտրական գործընթացի մեջ ներգրավվել են այս կամ այն թեկնածուին աջակցելու նկատառումներով: Ասածս ապացուցելու համար ընդամենը մեկ տվյալ բերեմ` նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի կողմից հավատարմագրվել են ութ դիտորդական կազմակերպություններ, որոնք ընդհանուր առմամբ ներկայացրել էին 396 դիտորդներ: Ուշագրավն այն է, որ այդ ութից միայն մեկը վերջում ներկայացրեց իր դիտարկումներն ու գնահատականները: Սա հենց ցույց է տալիս, թե որպես դիտորդ գրանցված կազմակերպություններից քանիսն են լուրջ վերաբերվել իրենց գործունեությանը: Դիտորդությունը` որպես այդպիսին, ոչ միայն գնալ-տեսնելն է, այլեւ եզրակացություններ ներկայացնելը: Իհարկե, շատերը կասեն, թե եզրակացություն գրելը դիտորդի իրավունքն է, կուզի` կգրի, կուզի` ոչ, սակայն ողջամտության շրջանակներում դիտարկելիս` դա թույլ է տալիս պատկերացում կազմել դիտորդական առաքելությունների իրական նկատառումների վերաբերյալ: Ցավալի է, բայց հաճախ է լինում, որ դիտորդական առաքելությունը կամ դրա ղեկավարը ունենում են հակվածություն` աջակցելու կոնկրետ թեկնածուի: Հարցնում են, թե ինչ չափանիշների, հանգամանքների հիման վրա կարելի է նման դատողություն անել: Հանգամանքները շատ տարբեր կարող են լինել: Մենք, օրինակ, ունեցանք դեպք, երբ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները տեղամասեր էին ներկայացել պայուսակներով, նյութերով եւ ձեւաթղթերով, որոնց վրա առկա էր ընտրությանը մասնակցող կազմակերպության լոգոն եւ անվանումը: Հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի ընտրությանը մասնակցող կազմակերպության լոգոն անկախ դիտորդի նյութերում: Օգտվելով առիթից` ուզում եմ հորդորել, որ ընտրական գործընթացներին մասնակից լինեն այն կազմակերպությունները, որոնք իրոք գալիս են դիտորդական առաքելություն իրականացնելու: Նման կազմակերպությունները մտահոգության ոչ մի պատճառ չունեն:
– Դիտորդական առաքելություն իրականացնող բավականին ակտիվ հ/կ-ներից մեկի ղեկավարը հիշեցրեց, որ նախորդ օրենսգրքում կա դրույթ, որի համաձայն` դիտորդը չէր կարող հետապնդվել իր կատարած դիտարկումների եւ եզրակացությունների համար: Նոր օրենսգրքի նախնական տարբերակում այդ դրույթը եղել է, սակայն երրորդ ընթերցման ժամանակ հանվել է: Հ/կ-ները կարծում են, որ այդ դրույթի շնորհիվ դիտորդներն իրենց ավելի անկաշկանդ եւ պաշտպանված էին զգում:
– Հարց է առաջանում` ինչի՞ց պաշտպանվել: Օրենսգիրքը սահմանել է բոլոր այն իրավունքներն ու պարտականությունները, որի շրջանակներում պետք է գործի նաեւ դիտորդը: Դիտորդի ներկայացրած եզրահանգման մեջ կարող են լինել հանգամանքներ, որոնք իրավախախտում են ենթադրում: Օրինակ, դիտորդը գրում է, որ ինչ-որ մեկը ակնհայտորեն խախտում է քվեարկության գաղտնիությունը, կամ հանձնաժողովի նախագահը թույլ տվեց, որ ընտրության իրավունք չունեցող անձը մասնակցի քվեարկությանը: Նշված դեպքերը իրավախախտումներ են, որոնց մի մասը պարզապես քրեական հանցագործություններ են: Իսկ եթե այդ փաստի վերաբերյալ դիտարկում իրականացնողը եղել է միայն կոնկրետ դիտորդական առաքելության անդամը, եթե դիտորդի կողմից բարձրաձայնվում է քրեորեն պատժելի արարքի մասին, դա պետք է անարձագա՞նք մնա: Մի պահ ենթադրենք, որ այդ մասին հայտարարում է ոչ թե դիտորդը, այլ ընտրական գործընթացին մասնակից որեւէ քաղաքացի` ընտրող, եւ դրա հիման վրա հարուցվում է քրեական գործ: Այդ քաղաքացին արդյո՞ք չպետք է իրավապահ մարմիններին ներկայացնի այն հանգամանքները, որոնք ծանոթ են եղել իրեն: Նույնը վերաբերում է նաեւ դիտորդին, եւ դա շատ նորմալ է:
– Այդուհանդերձ, քանի որ ԸՕ-ն արդեն ընդունված է, դիտորդական կազմակերպությունները առաջարկում են, որ ԿԸՀ-ն գոնե որոշման ձեւով ամրագրի այդ դրույթը: Դա հնարավո՞ր է:
– Խնդիրը հնարավոր կամ անհնարին լինելը չէ, այլ անհրաժեշտությունը: Եթե որեւէ դիտորդ գրում է իր կարծիքը, այդ կարծիքի համար պատասխանատվություն չի կարող լինել: Ես առիթ եմ ունեցել խոսելու նաեւ նշված կազմակերպության ղեկավարի հետ, եւ խնդիրը նման հարթության մեջ դիտարկելու կարիք ընդհանրապես չկա: Ի վերջո, կա Սահմանադրություն, որի համաձայն` ցանկացած անձ ազատ է ներկայացնելու իր կարծիքը: ՀՀ օրենսդրությունը միայն ԸՕ-ից չի բաղկացած, որ կառչելով ԸՕ-ի մեկ հոդվածի որոշակի խմբագրումից` փորձ է արվում դատողություն անել ընտրական պրոցեսի եւ ընդհանրապես Հայաստանում առկա իրավունքի մասին: Սակայն իրավունքը սկսվում է Սահմանադրությունից եւ իր մեջ ներառում է բազմաթիվ օրենսգրքեր ու օրենքներ: Եթե ընտրական պրոցեսում առկա է քրեաիրավական հարաբերություն, ապա դա կարգավորվում է քրեաիրավական օրենսդրությամբ: Եթե առկա է քաղաքացիաիրավական հարաբերություն, կարգավորվում է քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Կարծիք հայտնելու համար մարդ երբեւէ հետապնդման չի ենթարկվում: Նման շահարկումն անընկալելի է:
– Դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները նաեւ առաջ են քաշում այն հարցը, թե ի՞նչ իմաստ ունի լիցենզավորումը, եթե դիտորդությունը կամավոր, շահույթ չհետապնդող գործունեություն է եւ որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում: Հ/կ-ներից շատերը կարծում են, որ դրա թաքնված նպատակը դիտորդների թվի կրճատումն է` արհեստական դժվարություններ ստեղծելու միջոցով:
– Արհեստական ոչ մի դժվարություն չկա: Գործընթացը բավականին պարզեցված է եւ կանոնակարգված: Ինչ վերաբերում է իմաստին, ապա իմաստն այն է, որ ունենանք բանիմաց, ընտրական օրենսգրքին եթե ոչ` ամբողջությամբ, ապա գոնե` իրենց մասով տիրապետող դիտորդներ: Իսկ այս առումով ցավալի պատկեր է, քանի որ մի շարք հ/կ-ներ բավականին անլուրջ են վերաբերվում իրենց դիտորդական առաքելությանը: Ներկայացնում են դիտորդների հին ցուցակներ, որտեղ ներառված մարդկանց մեծ մասը վերջին տարիներին ընտրական գործընթացներին եւ օրենսդրությանը ընդհանրապես չի մասնակցել: Արդյունքն այն է լինում, որ կազմակերպության ներկայացրած դիտորդների միայն մի մասն է կարողանում բավարար պատասխանել հարցաշարին: Ի դեպ, դիտորդների լիցենզավորման դրույթը ողջունում են նաեւ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
– Ընտրական օրենսգիրքն ընտրական տեղամասից 50 մետր շառավղով արգելում է մեքենաների կուտակումը: Ի՞նչ ասել է` կուտակում, օրինակ` քանի՞ մեքենան է համարվում կուտակում:
– Ես հետեւել եմ այդ հարցի շուրջ հնչող մեկնաբանություններին եւ պետք է ասեմ, որ շատ հաճախ ցուցաբերվում է չափից ավելի մեխանիկական մոտեցում: Հարցադրումը, թե կոնկրետ քանի՞ մեքենան է համարվում կուտակում, ճիշտ չէ: Օրինակ, եթե երկու ընտրող սեփական մեքենայով եկել են տեղամաս եւ մեքենաները կայանել են տեղամասից ոչ թե հիսուն, այլ քառասունհինգ մետր հեռավորության վրա, ապա հարցնենք ողջամիտ որեւէ մեկին` դա կուտակո՞ւմ է, թե՞ ոչ: Դատողություններ անել, որ երեք մեքենան կուտակում է, իսկ երկուսը` ոչ, դա նորմալ չի: Ավելի կարեւոր է, թե ինչ նպատակ է ունեցել օրենքը` կուտակումը ամրագրելով: Նախկինում իրոք ունենում էինք մարդկանց եւ մեքենաների լուրջ կուտակումներ, որը բացասական երեւույթ էր: Օրենքի այդ դրույթի ամրագրումը նպատակ է ունեցել վերացնել հենց այդ երեւույթը: Այդ դրույթի ապահովումը դրված է Ոստիկանության վրա, եւ օրինակ` Հրազդանում որեւէ բողոք չեղավ, թե Ոստիկանությունն այդ հարցում թերացել է: Այդ նորմը լիարժեք կիրառվեց նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Իսկ եթե փորձենք ողջամտության շրջանակներից դուրս այդ նորմը մեկնաբանելու ինչ-որ հնարքներ որոնել, ապա կարելի է անընդհատ գնալ այդ ճանապարհով եւ տեղ չհասնել:
– Այդ նպատակը բոլորին էլ հասկանալի է, սակայն, եթե որոշելու իրավասությունը տրված է ոստիկանին, ապա ոստիկանը սեփական հայեցողությամբ կարող է որոշել` առկա՞ է կուտակում, թե՞ ոչ, ինչպես այդ պահին հարմար կգտնի:
– Ցանկացած պարագայում կա օրենսդրական նորմ: Եթե ընտրական գործընթացի որեւէ մասնակից` լինի դիտորդ թե վստահված անձ թե ընտրող, տեսնի, որ օրենքի այդ նորմը չի կիրառվում, այնպես, ինչպես պետք է կիրառվեր, օրինակ` Ոստիկանությունը այդ հարցում ցուցաբերում է անգործություն, ապա նա օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկել:
ՑՈՒՑԱԿՆԵՐ
– Ըստ ԸՕ-ի` ընտրողների ցուցակը տեղադրվելու է ինտերնետում, եւ այն հնարավոր է լինելու ներբեռնել: Իսկ վստահված անձինք կարո՞ղ են օգտագործել այդ ցուցակները տեղամասում:
– Ցուցակները օգտագործել, իհարկե, կարելի է: Սակայն պետք է օգտագործել այնպես, որպեսզի դրանով չխախտվեն այլոց իրավունքները: Եթե դիտորդը կամ վստահված անձը տեղամասում իր ներբեռնած ցուցակի վրա նշումներ է անում` առանց խախտելու ընտրության բնականոն ընթացքը, ապա ոչ մի խնդիր չկա: Բոլոր դեպքերի համար աքսիոմատիկ լուծումներ գտնելն անհնար է: Ընտրական օրենսգիրքը բաղկացած է ոչ թե մեկ հոդվածից, այլ բազմաթիվ հոդվածներից եւ սկզբունքներից:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
– Կարծիք կա, որ զինծառայողների ընտրական իրավունքը խախտվում է, քանի որ նրանք չեն կարող մասնակցել ՏԻՄ ընտրություններին եւ մեծամասնական ընտրություններին:
– Որպես իրավաբան` կարծում եմ, որ այլ մոտեցման ամրագրումն ավելի մեծ քննադատության կարող էր արժանանալ: Միանգամից հարցադրում կառաջանար` իսկ ո՞ր ընտրատարածքում պետք է վերջիններս մասնակցեն քվեարկությանը: Ակնհայտ է, որ բոլոր զինծառայողները չեն կարող այդ օրն արձակվել եւ գնալ քվեարկելու այն տեղամասում, որտեղ բնակվում են: Հակառակ մոտեցումն ավելի խոցելի կլիներ: Ինչեւէ, օրենքն ամրագրված է, եւ ԿԸՀ-ն պետք է ապահովի այն մոտեցումը, որն ամրագրված է օրենքով:
– Որոշ փորձագետների մտահոգում է այն փաստը, որ զինվորականների դեպքում ուղղորդված քվեարկությունը միշտ համատարած բնույթ է կրել, եւ որպես քվեարկությունը վերահսկելու միջոց` զինծառայողները քվեարկել են տարբերվող գույնի գրիչներով: Նրանք առաջարկում են, որ ԿԸՀ-ն պարտադիր կարգով ինքը գրիչներ տրամադրի բոլորին` այդ խնդիրը լուծելու համար:
– Եթե անձը գալիս է քվեարկության եւ ցանկանում է սեփական գրիչով քվեարկել` ի՞նչ հիմքով նրան արգելես: Շատ հաճախ հնչում են դատողություններ եւ առաջարկներ, որոնց իրականացման հնարավորությունը դժվար է պատկերացնել: Լավ, ենթադրենք` օրենսդրորեն որոշվեց, որ բոլորը պետք է քվեարկեն ԿԸՀ-ի կողմից տրամադրված գրիչներով: Ինչպե՞ս պետք է դա իրականացվի: Անընկալելի առաջարկներ են: Օրենքը քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու հնարավորություններ է տալիս. եթե նկատվեն դեպքեր, հանգամանքներ, օրինաչափություններ (այդ թվում` թանաքի գույնի կամ մեկ այլ չափանիշի հիման վրա), որոնք կհաստատեն, որ քվեարկությունն ուղղորդվել է կամ դրա արդյունքները աղավաղվել են, ապա դա կքննարկվի եւ համապատասխան լուծում կտրվի: Իսկ եթե փորձենք գնալ այդ առաջարկի ետեւից, ապա կարող ենք բախվել մանրուք թվացող խնդիրների, որոնք ամբողջության մեջ կարող են լուրջ խնդիր դառնալ: Օրինակ` քանի՞ գրիչ պետք է հատկացնի ԿԸՀ-ն: Ընտրողների թվո՞վ, դրա կրկնակի՞ն: Նախկինում եղել են դեպքեր, երբ ընտրողը պատահաբար վերցրել է քվեախցում դրված գրիչը: Կամ` հնարավո՞ր է գտնել այդքան մեծ քանակությամբ նույնական գրիչներ, որոնց թանաքի գույնը իդեալականորեն նույնը կլինի եւ ոչ մի երանգով չի տարբերվի: Չի կարելի ստեղծել մի իրավիճակ, որը կարող է հանգեցնել անլուծելի խնդիրների: Առավելեւս, որ դրա իմաստը չեմ տեսնում:
– Զինվորականների հետ կապված եւս մի հարց: Տեսականորեն հնարավո՞ր է, որ զինծառայողը քվեարկի եւ՛ զորամասի ցուցակով, եւ՛ ընտրության օրն արձակման թերթիկ վերցնելով` մեկնի իր հիմնական հաշվառման վայրը եւ երկրորդ անգամ քվեարկի այնտեղ:
– Ոչ: Դա բացառված է: ԸՕ-ն նախատեսել է ցուցակների նախապատրաստման գործընթաց ընտրություններից 40 օր առաջ եւ 2 օր առաջ: 40 օր առաջվա ցուցակը ինչ-որ առումով նախնական, ճշգրտման ենթակա ցուցակ է: Իսկ 2 օր առաջը նշանակում է` վերջնական ցուցակի կազմում շատ սեղմ ժամկետում: Դա արվել է, որպեսզի հաշվի առնվեն բոլոր հնարավոր տարբերակները: Այդ թվում` նաեւ այն տարբերակը, որ զինծառայողն այդ օրը մեկնում է իր բնակության վայր եւ ցանկանում է ընտրությունը կատարել այնտեղ: Ակնհայտ է, որ այդ դեպքում նրա անունը զինվորականների ցուցակից հանվելու է: Դժվար էլ է պատկերացնել, որ զինծառայողը նախ քվեարկում է զորամասին մոտ գտնվող տեղամասում, հետո կայծակնային արագությամբ մեկնում է իր բնակության վայր եւ այնտեղ էլ է քվեարկում: Նման բան միայն երեւակայության մեջ կարող է լինել, առավել եւս, եթե խոսում ենք ոչ թե մեկ զինվորի մասին, այլ հազարների:
– Բայց չէ՞ որ նախկինում եղել են դեպքեր, երբ զինծառայողները նախանձելի արագությամբ տեղամասից տեղամաս են գնացել եւ քվեարկել մի քանի տեղ: Համենայնդեպս, նման հաղորդագրություններ եղել են մամուլում:
– Ես իրավաբան եմ եւ գնահատական տալիս եմ փաստերի հիման վրա: Իսկ նման փաստ ինձ հայտնի չէ: Եվ վերջապես, կրկնակի քվեարկությունը բացառվում է առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ ԸՕ-ն ամրագրել է անձնագրի, զինվորական գրքույկի եւ իններորդ ձեւի դրոշմակնքման մեխանիզմ: Նախատեսվում է հատուկ նյութի օգտագործում, որը պետք է առնվազն տասներկու ժամ պահպանվի: Այսինքն` դրոշմակնիքը լինելու է փաստաթղթի մեջ քվեարկության ողջ օրվա ընթացքում: Անգամ սահմանված է, թե անձնագրի կամ զինգրքույկի որ էջում պետք է լինի դրոշմակնիքը: Զինծառայողի համար անձը հաստատող փաստաթուղթը զինվորական գրքույկն է: Եթե նա զինվորական ցուցակում արդեն քվեարկել է, ապա նրա զինգրքույկը դրոշմակնքվելու է: Իսկ դրոշմակնիքի առկայության պարագայում նա չի թույլատրվելու երկրորդ տեղում քվեարկության: Ավելին, նման փորձն անգամ ԸՕ-ով որակվում է` որպես հանցագործության փորձ ընտրողի կողմից: Հենց սրանք են այն մեխանիզմները, որոնք բացառում են այս նորմերի չարաշահումը:
ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ
– Պրն Մուկուչյան, թեեւ նախկինում արդեն խոսել եք այս մասին, սակայն հարցը դեռ շարունակում է արծարծվել: Արդյո՞ք տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը կարող է թաց (օգտագործված) լինել` հաշվի առնելով, որ ԿԸՀ-ն դրանք տրամադրելուց առաջ տեղադրում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու փակում եւ կնքում:
– Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նշելու, որ այդտեղ ոչ միայն իրավախախտում առկա չէ, այլեւ կնիքը պետք է հենց թաց էլ լինի: Պետք է նկատի ունենալ, որ դրոշմը, դրա տառաչափը, ամբողջականությունը ստուգելու համար կնիքներ արտադրող ընկերությունը ի սկզբանե դրոշմակնքում իրականացնում է: Դրանից հետո այդ կնիքները ստուգվում են ԿԸՀ-ում: Այնուհետեւ հրապարակային եւ շատ թափանցիկ եղանակով բոլոր կնիքները տեղադրվում են համապատասխան ծրարների մեջ, փակվում են, կնքվում են եւ խառն ընտրանքի եղանակով տրամադրվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: ԸԸՀ-ներն էլ դրանք փոխանցում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Բացի այդ, դրանք նոր ստեղծվող կնիքներ չեն: Դրանք օգտագործվող կնիքներ են, որոնք քվեարկության ավարտից հետո օրենքով սահմանված ժամկետում վերադարձվում են ԿԸՀ: Եվս մի հանգամանք նշեմ: Այս կնիքներն ընդամենն օգտագործվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի փաստաթղթերը կնքելու համար, եւ երկրորդ` քվեատուփի մոտ կանգնած անդամը ստուգում է ընտրողի ծրարի վրա կնիքի բացակայությունը, կնքում է ծրարը եւ գցում է քվեատուփը: Սա հրապարակային գործընթաց է, որին հետեւում են եւ հանձնաժողովի անդամները, եւ դիտորդները, եւ վստահված անձինք ու լրագրողները: Այսինքն, եթե հայտնվում է ծրար, որի վրա առկա է կնիք, դա արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է: Եթե ֆիքսվեց նման հանգամանք, դա արդեն առանձին քննության նյութ է հանդիսանում: Այս ամբողջ մեխանիզմի պարագայում կնիքի նախնական օգտագործման տրամաբանությունն ընդհանրապես ի չիք է դառնում:
– Դրոշմակնիքների հարցում խնդիր ծագեց նաեւ Հրազդանի ընտրությունների ժամանակ: Կներկայացնե՞ք Ձեր մեկնաբանությունը` կապված այդ խնդրի եւ ՀԱԿ-ի բողոքի հետ:
– Խնդիրը գալիս էր նրանից, որ ըստ դիմողների կարծիքի, պետք է տրամադրվեին այդ դրոշմակնիքները, որոնցով պետք է իրականացվեր դրոշմակնքում ընտրողների անձնագրերում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, լինելով այդ իրավահարաբերության կողմ, ներկայացրել էր դիրքորոշում, համաձայն որի, այդ դրոշմակնիքները պետք է կիրառվեն առաջին համապետական ընտրություններից սկսած: Ըստ ԸԸՀ-ի` դա բխում էր Ընտրական օրենսգրքի պահանջներից: Դիմող կողմի կարծիքով` դա ԸՕ-ի պահանջներից չէր բխում: Հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը ամրագրված է դատական ակտում: Այնտեղ եւս ամրագրվեց, որ անձնագրերի դրոշմակնքման համար նախատեսված կնիքների կիրառումը պետք է սկսվի առաջին համապետական ընտրությունների ժամանակ: Այդ հարցում արդեն վերջակետը դրված է: Եթե որեւէ հարցի վերաբերյալ առկա է ՀՀ դատարանի վճիռ, ապա ցանկացած յուրովի մեկնաբանում, յուրովի դիրքորոշում, որպես իրավաբան` անթույլատրելի եմ համարում:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
– Հոդված 126-ի 8-րդ կետի համաձայն, պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե` «քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ», եւ եթե «թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցվել է 2-ից պակաս թեկնածու»: Այս պայմանների մեջ հակասություն չկա՞:
– Ոչ, այստեղ բացարձակապես որեւէ հակասություն չկա: Թեկնածուները նախ առաջադրվում են: Կա առաջադրման ժամկետ: Դրա ավարտից հետո կա գրանցման ժամկետ: Օրենքը նախատեսում է, որ գրանցման պահին առնվազն երկու թեկնածու պետք է լինի: Երրորդ կետով կանոնակարգվում է հենց այդ հարցը: Դրանից հետո սկսվում է նախընտրական քարոզչություն, լռության օր եւ քվեարկության օր` մի ամբողջ ժամանակահատված: Իսկ այդ ժամանակահատվածում թեկնածուն` գնահատելով սեփական հնարավորությունները կամ այլ հանգամանքներ` կարող է մինչեւ քվեարկության օրը հանել իր թեկնածությունը: Ասենք` քվեարկությունից մի քանի օր առաջ ինքնաբացարկ է ներկայացնում: Դա նրա իրավունքն է: Եվ նա պարտավոր էլ չի բացահայտել պատճառը: Այդ դեպքում արդեն ընտրությունը չկայացած չի համարվում: Դա կանոնակարգվում է արդեն հոդվածի առաջին մասով: Այսինքն, ցանկացած ընտրատարածքում պետք է գրանցվի առնվազն երկու թեկնածու, սակայն վերջնական քվեարկությունը կարող է կայանալ մեկ թեկնածուի դեպքում: Այդ նորմի նպատակն այն է, որպեսզի ապահովվի մրցակցությունը: