ՀՀԿ-ականը ԲՀԿ-ից օգնություն է խնդրում

13/03/2012

Երեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին` խնդրելով ֆինանսապես աջակցել գյուղի ճանապարհները բարեկարգելու համար: Մեր հարցին ի պատասխան, թե ՀՀԿ-ական լինելով, ինչո՞ւ է դիմել մեկ այլ կուսակցության ղեկավարի, Ռ. Աթայանն ասել է. «Ես կուսակցությունը չեմ խառնում, 3 տարի առաջ մենք խնդրել էինք ԲՀԿ նախագահին եկեղեցու վերանորոգման համար գումար տա, ու նա 4 մլն դրամ գումար տվեց: Ես չէի, մեր գյուղացիներից մեկն էր դիմել նրան` որպես բարերարի: Հիմա ես էլ դիմել եմ, որ օգնի 1,5 կմ ճանապարհը սարքենք»: Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ գյուղապետն իր կուսակցությունից առավել հավատում է ԲՀԿ-ին, Ռ. Աթայանը պատասխանել է. «Հավատալը ո՞րն ա: Մի անգամ մեր գյուղացիներից մեկը եկել էր Ղափան, էդ մարդուն ասաց` 3 մլն փող տվեք եկեղեցու համար, 4 մլն տվեց, հետո էլ ասաց` դուք 4մլն-ով կարա՞ք եկեղեցի սարքեք: Հիմա էլ որպես բարերար դիմել եմ, էդ ա»: Իսկ ինչ վերաբերում է ամիսներ առաջ գյուղապետի պաշտոնից հրաժարվելու եւ ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին նրա դիմումներին, ապա ՀՀԿ-ական գյուղապետն ասել է. «Իմ դիմումներն էլի ուժի մեջ են, ես ոչ դիմում եմ վերցրել, ոչ էլ բան եմ արել: Մարզպետն ինձ կանչել ա, ասել ա` գնացեք-աշխատեք: Եթե որոշումն անվավեր ճանաչվի, ես իմ դիմումները ետ կվերցնեմ»: Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ հարաբերություններին, մասնավորապես, ՀՀ կառավարության 627N որոշմամբ գյուղը ԶՊՄԿ-ին հանձնելուն, ապա Ռ. Աթայանն ասել է. «Մամայիս գերեզմանն ո՞ւմ պիտի տամ: Թող ոչ մեկն էլ չմտածի, որ կգա գյուղ` կվերցնի: Դա աբսուրդ ա, բացառվում ա»: