«Դժբախտաբար, կեղծիքների մասին խոսում են ընտրություններից առաջ, եւ դրան անդրադառնում միայն ընտրություններից հետո, իսկ ընթացքում հավուր պատշաճի վերահսկողություն չի կատարվում,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` ավելացնելով,- Ընդդիմադիր ուժերը պետք է ուժ գտնեն մեծամասնական ընտրակարգերում համատեղ պայքարի համար: Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան յուրաքանչյուր տեղամասում ապահովել 5-10 վստահված անձ, դա կարող է փոխել ընտրության ելքը»: Խ. Քոքոբելյանը նշել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատրաստ է մեծամասնական ընտրատարածքներում աջակցել ոչ միայն իր, այլեւ մյուս ընդդիմադիր ուժերի թեկնածուներին: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ ընտրություններում դաշինքով հանդես գալու հնարավորությանը, Խ. Քոքոբելյանն ասել է, որ համագործակցության սկզբունքների մասին կհայտարարվի «Ազատ դեմոկրատների»` մարտի 16-ին կայանալիք համագումարում: Պատասխանելով հարցին, թե հնարավոր դաշինքի դեպքում ով կգլխավորի համամասնական ցուցակը, Խ. Քոքոբելյանն ասել է, որ ցուցակի առաջին տեղում տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ես անձամբ պատրաստ եմ զիջել առաջին տեղը Ր.Հովհաննիսյանին եւ գտնում եմ, որ, այո, Րաֆֆի Հովհաննիսյանը այն քաղաքական գործիչն է, ով պետք է գլխավորի ցուցակը: Ասում եմ դա առանց կեղծ համեստության` ելնելով առկա քաղաքական իրողություններից»,- ասել է Խ. Քոքոբելյանը: