Անվճարին չեն հավատում

27/11/2005

Արդեն ավանդույթ է դարձել այն, որ Առողջապահության նախարարությունը բնակիչներին քաղաքական նշանակության որեւէ ընտրությունից առաջ անվճար բուժսպասարկման բաց դռների օր է հայտարարում: Այս անգամ էլ է բաց դռների օր հայտարարվել հանրաքվեից առաջ՝ նոյեմբերի 24-25-ը: Թե բուժաշխատողները, թե բնակիչները գիտեն, որ այդպիսի ակցիաներն ինքնանպատակ չեն: Այս երկու օրերին հանրապետության բոլոր պոլիկլինիկաները լծվել են ազգանպաստ այս գործին: Թվում է, թե վճարովի բուժսպասարկումից դժգոհ եւ անվճարունակ հայ ժողովուրդը հնարավորինս պետք է օգտագործեր այս առիթը, եւ պոլիկլինիկաներում այցելությունների մեծ հոսք լիներ: Սակայն բնակիչները լուրջ չեն ընդունել այս իրողությունը: «Կենտրոն» համայնքի երկրորդ բուժմիավորման պոլիկլինիկայում հիմնական հաճախորդներն ավելի շատ են, քան «բաց դռների» հաճախորդները: Փոխտնօրեն Ֆիռլենա Գրիգորյանը դա բացատրում է նրանով, որ իրենց բնակիչներն առանց այդ էլ անվճար բուժսպասարկում ստանում են: «Մեր համայնքի բնակչության բուժսպասարկումը հագեցած է,-ասաց տիկին Գրիգորյանը: -Մեզ մոտ, բացի քիթ-կոկորդի, նեւրոպաթոլոգի եւ վիրաբույժի կաբինետներից, մնացածն անվճար է»:

Այս մշտական անվճար բուժսպասարկումից օգտվում են մինչեւ յոթ տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, զինակոչային եւ նախազինակոչային տարիքի տղաները: Իսկ բնակիչները հավատացնում են, որ անվճար բուժսպասարկմանն այնքան էլ չեն վստահում, մանավանդ, որ դա միշտ որեւէ ընտրության հետ է կապվել: Երեկ ժամը 14.00-ի սահմաններում երկրորդ բուժմիավորման պոլիկլինիկայի անվճար բուժսպասարկումից օգտվել էր մոտ 20 հաճախորդ, որից 14-ը դիմել է գինեկոլոգիայի կաբինետ:

Ա.Ա.