Շատերի համար անսպասելիորեն, ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի ամենաինտրիգային մասը դարձավ դրա տնտեսագիտական հատվածը։ Ինտրիգի պատճառն այն էր, որ տնտեսագիտական մասն ավելի շատ հիշեցնում էր հեռակա բանավեճ՝ կառավարության տնտեսական գործունեությունը քննադատողների հետ։ Նախագահի խոսքերով, տնտեսության բնագավառում իրենք վկան են եղել «վայքննադատության իսկական խրախճանքի»։ Ս. Սարգսյանը կառավարության ընդդիմախոսներին մեղադրեց ոչ կոմպետենտ եզրակացություններ անելու, աչքակապությամբ զբաղվելու մեջ՝ նշելով, որ նրանց համար «կարեւորը բարձր գոռալն է»։ Ովքեր ամբողջությամբ լսել են ելույթը եւ քիչ թե շատ ծանոթ են ՀՀ-ի տնտեսական լրահոսին, անմիջապես ենթադրեցին, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Ըստ երեւույթին, Հ. Բագրատյանն ինքն էլ այդպես է ընկալել, քանի որ շատ օպերատիվ՝ ելույթի օրն իսկ արձագանքեց բաց նամակով։ «Այն կարծիքին չեմ, որ Ձեր ելույթի տնտեսագիտական մասն ինձ է ուղղված: Ամենեւին: Ես ո՞վ եմ։ Մի քիչ շատ կլիներ, անտեղի: Բայց թույլ տվեք ասել, այն նաեւ ինձ է ուղղված: Ի վերջո, դուք իրավունք ունեք իշխանությունից դուրս գտնվող մեկ այլ ճշմարտություն եւս իմանալու: Ես էլ այս երկրի ու, առավել եւս, տնտեսական համակարգի հիմնադիրներից մեկն եմ»,- գրել էր Հ. Բագրատյանը՝ մանրամասն անդրադառնալով Ս. Սարգսյանի ելույթի տնտեսագիտական մասին։ Ելույթի տնտեսական մասն իրոք խոցելի էր, եւ ԶԼՄ-ները դրան կանդրադառնային ոչ պակաս հաճույքով։ Սակայն չհասցրեցին։ Ասելու բան էլ, ըստ էության, չմնաց։ Նշենք, որ փոխադարձ մեղադրանքները հիմնականում վերաբերում էին կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետության գնահատման մեթոդաբանությանը՝ թե ով ինչը ինչի հետ է համեմատում եւ ինչպես։ Սերժ Սարգսյանն, օրինակ, նշել էր, որ ընդդիմախոսները համեմատում են հունվարը դեկտեմբերի հետ եւ ըստ դրա դատողություններ անում։ «Ոչինչ, որ հունվարը դեկտեմբերի հետ համեմատելով ոչ կոմպետենտ եզրակացություններ անելն ուղղակի աչքակապոցի է, կարեւորը բարձր գոռալն է»,- նշել էր Սերժ Սարգսյանը։ Հ. Բագրատյանն այս դիտարկմանը պատասխանել էր. «Երբեք թույլ չեմ տվել պրիմիտիվ ձեւով համեմատելու հունվարը դեկտեմբերի հետ: Սովորաբար այդտեղ անկումն անխուսափելի է: Եվ դա ճիշտ է բոլոր նախագահների եւ կառավարությունների համար»։ Նշենք, որ լրագրողներն էլ երբեք հունվարը դեկտեմբերի հետ չեն համեմատել։ Նման համեմատություն անում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը եւ ներկայացնում ցուցանիշը։ Իսկ հրապարակումների մեջ, անգամ սկսնակ լրագրողները, եթե մեջբերում են այդ ցուցանիշը, դրա հիման վրա որեւէ ենթադրություն չեն անում՝ հասկանալով, որ հունվարը դեկտեմբերի հետ համեմատելն իրոք անմտություն է։ Ամիսը ամսի համեմատելու հետ սեր ունեն որոշ պաշտոնատար անձինք, ովքեր ամեն անգամ ասուլիսներ են տալիս եւ «պեղելով» որեւէ դրական ցուցանիշ՝ այն ներկայացնում են որպես «դրական միտում»։
Հ. Բագրատյանն, իր հերթին, Ս. Սարգսյանին մեղադրել էր, որ նա իր ելույթում տարբեր մակրոտնտեսական ցուցանիշների համեմատության համար որպես բազիսային տարի` օգտագործում էր տարբեր տարեթվեր։ «Ձեր ելույթը հետեւողական չէ։ Մեկ դուք 2011-ի թիվը համեմատում եք 2006-ի հետ, մեկ 2012-ի պլանային թիվն եք համեմատում 2006-ի հետ, մեկ էլ, երբ նպատակահարմար է, իբրեւ բազիսային տարի` նշում եք 2007-ը։ Ենթադրում եմ, որ Ձեզ դիտավորյալ շփոթեցրել են»։ Սակայն, ինչպես Ս. Սարգսյանը չէր հստակեցրել, թե ով է «վայքննադատության» հեղինակը, այնպես էլ Բագրատյանը չի նշել, թե ով է շփոթեցնողը։
Նախագահի հաջորդ մեղադրանքն այն էր, որ երբ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը ազդարարում է անկում, ապա բոլոր ընդդիմախոսները դրան հավատում են, իսկ երբ դրական ցուցանիշ է լինում, ապա պաշտոնական վիճակագրությունը համարում են լրիվ սուտ՝ առանց բանի տեղ դնելու։ Այս մեղադրանքին Հրանտ Բագրատյանը պատասխանել էր. «Իմ բոլոր վերլուծությունները պաշտոնական վիճակագրության թվերն են։ Որպեսզի կասկածներ չլինեն, ամեն անգամ առանց զլանալու կնշեմ աղբյուրը»։ Մեթոդաբանությունից բացի, հեռակա բանավեճը ծավալվել էր կոնկրետ ցուցանիշների շուրջ։ Կարեւորներից մեկն, օրինակ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշն է։ Ս. Սարգսյանն այս առնչությամբ նշել էր. «Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2011թ. կազմել է մոտ 3174 ԱՄՆ դոլար 2006թ. 1982 դոլարի դիմաց` աճելով 1.6 անգամ: Այս ցուցանիշն ինձ համար բավարար ցուցանիշ չէ: Նույնիսկ ամոթալի ցուցանիշ է, որովհետեւ այսօր քաղաքակիրթ երկրներում մեկ շնչին հասնում է 30-ից մինչ 50.000 դոլար ՀՆԱ: Բայց, ինչպես եւ մենք մշտապես ասել ենք եւ պայմանավորվել ենք, ամեն ինչը պետք է դիտարկենք միայն ու միայն համեմատության մեջ, հակառակ պարագայում հարց է առաջանում` իսկ ո՞վ է դատավորը: Այս ցուցանիշը միջազգայնորեն համադրելի գներով մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2011թ. կազմել է մոտ 5395 դոլար»։
Նշենք, որ եթե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դիտարկում ենք համադրելի գներով՝ հաշվի առնելով գնողունակության պարիտետը (purchasing power parity), ապա Համաշխարհային բանկի տվյալներով` այն 2006թ. եղել է 4631 դոլար, իսկ 2007-ին՝ 5261 դոլար։ 2006-ի համեմատ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն համադրելի գներով աճել է 16.5%-ով, իսկ 2007-ի համեմատ՝ ընդամենը 2.5%-ով։ Փաստորեն, Համաշխարհային բանկի տվյալներով, 5 տարվա ընթացքում համադրելի գներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 2.5%-ով։ Սա խայտառակ ցուցանիշ է։ Այսինքն՝ ցանկացած երեւույթի մասին խոսելիս կարելի է այն ներկայացնել քիչ թե շատ ձեռնտու տեսանկյունից, «կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ բաժակի» սկզբունքով։ Հրանտ Բագրատյանն այս հարցի վերաբերյալ ասել է. «1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2006թ. 1982 դոլարից 2011-ին հասել 3174 դոլարի, ասում եք դուք։ Ես 2006-ի կամ Ռ.Քոչարյանի պաշտպանը չեմ։ Բայց չի կարելի վերցնել դոլարով դրամի գերարժեւորված տարին համեմատել թերարժեւորվածի հետ։ Ի վերջո, տնտեսագիտությունը մասնագիտություն է։ Ուրեմն, 2007-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 3903 դոլար (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երեւան, 2008, էջ 79)։ Այս ցուցանիշով մենք աշխարհում 89-րդն էինք: 2011-ի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նախնականով 3090 դոլար է (նախնական, քանզի ՀԲ-ն դեռ չի ամփոփել) եւ մենք հայտնվել ենք 114-րդ տեղում։ Ինչպե՞ս կարող էիք այս փաստերը ելույթում շարադրել այնպես, որ շռնդալից զարգացման տպավորություն թողնեիք, միայն Ձեզ է հայտնի»։ Ավելացնենք նաեւ, որ եկամուտների խիստ բեւեռացվածության պայմաններում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճը, ըստ էության, ոչինչ չի նշանակում. դրանից շահում են միայն մի խումբ մարդիկ։ Մյուս ցուցանիշները՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, սոցիալական ոլորտի ծախսերը եւ այլն, պակաս կարեւոր չեն։ Սակայն դրանց այս հոդվածում չենք անդրադառնա. նախագահի ելույթը բազմիցս ցուցադրվել է, իսկ Հ. Բագրատյանի նամակը երկու օր առաջ տպագրվել է գրեթե բոլոր էլեկտրոնային ԶԼՄ-ներում։ Իսկ բոլոր այդ խնդիրներին հայաստանյան ԶԼՄ-ները պարբերաբար անդրադարձել են այս ամբողջ ժամանակահատվածում։
Խնդիրը, սակայն, այն է, որ այս ամենը՝ հաշվարկներն ու խնդիրները, հասու են միայն քիչ թվով մարդկանց եւ միայն նրանց են հետաքրքիր։ Հասարակության մեծ մասին ոչ այս թվերն են հետաքրքրում, ոչ էլ այդ թվերի մեկնաբանությունները։ Մարդիկ առաջընթացի կամ ձախողման վերաբերյալ իրենց գնահատականներն ունեն, որոնք հիմնված են սեփական կենսամակարդակի փոփոխության վրա։ Թերեւս ավելի նախընտրելի կլիներ, եթե հանրապետության նախագահը իր ելույթի տնտեսագիտական մասը կառուցեր ոչ թե քննադատողներին ուղղված մասնագիտական քննադատության հիման վրա, այլ բոլորին հասկանալի լեզվով պարզապես խոսեր թերացումներից եւ հաջողություններից եւ առաջիկա ծրագրերից։ Այլ կերպ ասած՝ կիսվեր մտահոգություններով եւ հաջողություններով։ Իսկ այս դեպքում նախագահի ելույթը ավելի շատ հիշեցնում էր հեռակա բանավեճ՝ մեկ կամ մի քանի ընդդիմախոսների հետ։
Մյուս կողմից, բանավեճը (թեկուզ խիստ մասնագիտական) դրական երեւույթ է, որքան էլ այն հասարակության մի մասին հետաքրքիր չլինի։ Սակայն մեր երկրում բացակայում է դրա մշակույթը։ Օրինակ՝ շատ ուրախ կլինեինք, եթե նախագահի ելույթում եւ Բագրատյանի նամակում նշված խնդիրները ոչ թե քննարկվեին ելույթի կամ նամակի տեսքով, այլ դրանց շուրջ հրապարակային բանավեճ լիներ ուղիղ եթերով, որտեղ հարցերն ու պատասխանները տեղում կտրվեին, եւ բոլորի համար էլ պարզ կլիներ՝ ով է ճիշտ, ով սխալ։ Ենթադրում ենք, որ դրան մի կողմից` կմասնակցեր Հրանտ Բագրատյանը, մյուս կողմից` այն անձը, ով (ըստ Բագրատյանի) դիտավորյալ շփոթեցրել է նախագահին։ Իսկ այս դեպքում անհավասար պայքար է ստացվում։ Սերժ Սարգսյանի ելույթը՝ իր տնտեսագիտական մասով հանդերձ, մի քանի օր շարունակ օրը մի քանի անգամ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, իսկ Բագրատյանի եւ այլոց հակափաստարկները տեղ են գտնում միայն ինտերնետում եւ առավելագույնը` մի քանի հազար տպաքանակ ունեցող թերթերում։ Հնարավորություն տվեք, որ կառավարության ընդդիմախոսներն էլ կարողանան իրենց ասելիքը ներկայացնել, ինչպես նորմալ, քաղաքակիրթ երկրներում է։ Դրա համար, ի դեպ, ոչ մեծ ֆինանսներ են հարկավոր, ոչ էլ հաստափոր հայեցակարգեր ու ծրագրեր։ Ս. Սարգսյանն իր ելույթում ասում էր. «Մեզանում այսօր բազմաթիվ մարդիկ կան, ովքեր եղել են արտերկրում եւ ակամա համեմատել այն Հայաստանի հետ, բարի նախանձով լցվել այն ամեն լավի ու գեղեցիկի նկատմամբ, որ տեսել են դրսում: Նաեւ ցավ են ապրել, որ նույնը չկա Հայաստանում: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում փոխել: Մենք ումի՞ց ենք պակաս»։ Ոչ մեկից պակաս չենք։ Սակայն, եթե չի փոխվում, ուրեմն ինչ-որ բան, այնուամենայնիվ, խանգարում է։