Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի ընտրությունը ՌԴ քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կբերի, թեեւ շատ դեպքերում նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին քաղաքականությունը թելադրվում էր Պուտինի կողմից: Կիրակոսյանի դիտարկմամբ` նոր զարգացում կապրեն Եվրասիական միության գաղափարները, քանի որ, ըստ նրա` ակնկալվում է, որ Վ.Պուտինը Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում կգործադրի այս միությանը միանալու համար: Ռ. Կիրակոսյանի խոսքով` մյուս փոփոխությունը կլինի ԼՂՀ հիմնահարցում. «Կլինի ոչ թե քաղաքականության, այլ գործընթացի փոփոխություն: Մեդվեդեւը շատ ակտիվ էր նախագահների հանդիպումներում, նա կարող էր սեղմել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի ձեռքը, ժամերով սուրճ եւ թեյ խմել նրանց հետ: Մեդվեդեւի ոճը` շատ ժամանակ ծախսելը եւ իր անձնական կապիտալը ներդնելն էր այս պրոցեսում, բայց Պուտինը շատ ժամանակ չի զոհի այդ հանդիպումների վրա, նա ձեռքեր չի սեղմի, նրա ոճը կլինի ջարդել ձեռքերը եւ ճնշել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին»,- ասել է քաղաքագետը:
Նա միաժամանակ ընդգծել է, թե ՀՀ-ի վրա այս տիպի ճնշումը չի գործի, որովհետեւ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէ. «Քոչարյանը ունի լավ անձնական հարաբերություններ Պուտինի հետ, Սարգսյանը` ոչ: ՀՀ-ի համար սա լավ է եւ նշանակում է, որ Պուտինի անձնական ճնշումը չի ազդի ՀՀ-ի վրա, բայց Պուտինը ՄԽ շրջանակներում կվերցնի դիվանագիտական առաջնայնությունը»: