ՀՀԿ 13-րդ համագումարին երկրի նախագահի ելույթում կարելի է փնտրել եւ գտնել հակասություններ: Սակայն խնդիրն անճշտությունները չեն, այլ այն, թե ինչպես է երկրի նախագահն ընկալում իրականությունը: Դատելով նրա ելույթից` այն իրականությունը, որտեղ բնակվում են իշխանությունները, եւ այն իրականությունը, որից փախչում (արտագաղթում) են մեր հայրենակիցները, երկու մեծ տարբերություն են ներկայացնում: Կարելի է գեղեցիկ կարգախոսներ հորինել, սակայն իրականությունը դրանից չի գեղեցկանում: Իշխանությունը կոռումպացված է, եւ այդ թեմայով հանգամանորեն կարող է խոսել երկրի նախագահը: Սակայն նա հանդուրժում է կոռումպացված բարձրաստիճան չինովնիկներին` հայտարարելով. «Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը եւ որը կոչվում է կաշառակերություն»: Փոքրիկ ճշտում. հասարակությունը կաշառք է տալիս, քանի որ իշխանությունը կոռումպացված է: Այլ կերպ ասած` «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ էլ կլինի, ոնց եկել է, էդպես էլ գնալու է»:
Այն իրականությունում, որտեղ բնակվում է իշխանական վերնախավը, աշխատանք ունենալը եւ արժանապատիվ աշխատավարձն արդեն իսկ բավարար է երկրին պրետենզիաներ չներկայացնելու համար: «Աշխատանք ունենալն ու արժանապատիվ վարձատրությունն այլեւս ամենատարածված ցանկությունները չեն լինելու մեր երկրում»: Դրանք հիմա էլ ամենատարածված ցանկությունները չեն: Երբ նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էի մեր լավագույն տնտեսագետներից մեկի` Հայաստանից ընտանիքով ընդմիշտ հեռանալուն, «Սինոփսիսում» աշխատող ընկերներիցս մեկն ասաց, որ միայն այս տարվա հունվարի 1-ից իրենց ընկերությունից արդեն 18 ընտանիք է հեռացել Հայաստանից: Եվ, որ ապրիլին Մոսկվայում «Google» եւ «Microsoft» ընկերությունները հարցազրույց են կազմակերպելու, որին մասնակցելու հայտ են ներկայացրել բազմաթիվ մասնագետներ: Հարցազրույցն անցնելուց հետո նրանց տրվելու է դրսում աշխատելու արտոնագիր եւ վիզա: Բոլորն էլ ունեն տուն, ավտոմեքենա, արժանապատիվ աշխատավարձ:
Երկրի նախագահն իր ելույթում չբարձրացրեց արտագաղթի խնդիրը: Սա նշանակում է` ա) կամ չի տեսնում այն` որպես խնդիր, բ) չի պատկերացնում արտագաղթը կանխելու ճանապարհը: Թեեւ փաստացի թվարկեց արտագաղթի հիմնական պատճառները` «էս երկրում օրենք ոչ եղել է եւ ոչ էլ կլինի», եւ «Էս երկիրը երկիր չի»: Եվ սահմանամերձ գյուղի երեխայի աչքերին նայելիս չէ, որ շատերն օրվա մեջ մի քանի անգամ կրկնում են այս միտքը: Ասում են, երբ նայում են ղեկավարների, այդ ղեկավարներին բոլոր հնարավոր միջոցներով սպասարկող օլիգարխների, դատավորի աչքերին:
ՀՀԿ ղեկավարը, սակայն, առարկություն ունի. «Ես ասում եմ` էս երկիրը երկիր ա (…): Էս երկիրը երկիր է, որին կարոտում եւ որի հողը համբուրում են»: Այո, կարոտում են, որովհետեւ այստեղից հեռանում են` թողնելով ծնողներին, հարազատներին, հիշողություններ: Իսկ հողը համբուրում են սփյուռքահայերը: Եվ ոչ միայն համբուրում, այլ մի բուռ էլ վերցնում… հեռանալուց առաջ:
Լուրջ երկիր համարվելու համար վեհամոր Ավետարանի ոդիսականի պատմությունը քիչ է: Քիչ է ցեղասպանության ճանաչման հարցում ինչ-ինչ հաջողություններ արձանագրելը: Լուրջ երկիրը ջանք չէր խնայի իր քաղաքացիներին պահելու համար: Բաց չէր թողնի հերթական հնարավորությունը` ապաստանելու սիրիահայ մեծ համայնքին: Ընդ որում` նախապես ունենալով Լիբանանի եւ Իրաքի հայերի նախադեպը. նրանք, ովքեր եկան Հայաստան ու անմիջապես հեռացան երրորդ երկիր: Վաղուց արդեն կբնակեցներ ազատագրված տարածքները:
Իսկ նախագահն ասում է. «Մեր գործունեությունն այսօրվանից առավելապես ուղղելու ենք դեպի մարդը, դեպի յուրաքանչյուրը, դեպի ՀՀ քաղաքացին: (…) Մենք ենք (ՀՀԿ-ն.- Լ.Ա.), որ ամրացրինք պետությունը, մենք ենք, որ կարող ենք լուծել նաեւ մարդուն հուզող առաջնային խնդիրները»:
Կան կենցաղային մակարդակի հանրահայտ ճշմարտություններ: Դրանք բարձրաձայնելը հաճելի է: Օրինակ` «Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության ու ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական եւ ընտանեկան երջանկությունը` կողոպտելով ու հարստահարելով հանրությանը եւ ազգին»: Կամ` «Մենք բացել ենք քաղաքական համակարգն ու մերժել ենք անհատապաշտ առաջնորդների ու մեծ փողի պարտադրանքն ու մենաշնորհը»: Թեեւ Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի հեռվից նշմարվող ոտնաձայները լսելուն պես` բազմահազարանոց դահլիճները ոտքի են կանգնում ու սկսում լարված ծափահարել: Ոչ ոք չի ցանկանում առաջինը դադարեցնել ծափ տալը: Առավել մեծ մոլորություն է կարծելը, թե Հայաստանում որեւէ կուսակցություն, առավել եւս` ՀՀԿ-ն, հաջողել է մերժել «փողի պարտադրանքն ու մենաշնորհը»:
Նախագահի ելույթից հետո իրո՛ք տպավորություն է ստեղծվում, թե ՀՀԿ առաջնորդն անկեղծորեն հավատում է, որ մեր երկրում ընտրություններն անցնում են բացառապես ազատ: Եվ, որ ՀՀԿ-ն ընտրությունների ֆավորիտ է, քանի որ «Քեզ համար, Հայաստան» կարգախոսի ներքո «քայլ առ քայլ բանակ է ամրացրել, (…) կայացրել հարկային, արդարադատության եւ բազում այլ համակարգեր, գործարար միջավայր բարելավել, հասարակական համակեցության հիմքերն ամրացրել ու երկրի դիրքն ամրապնդել աշխարհում»: «Չեմ չափազանցնում, այս տեսակետից բավականին հաջող ենք գործել»:
Այսուհետեւ ՀՀԿ-ն պատրաստվում է մի կողմ դնել հաջողություն բերած «Առաջ, Հայաստան» կարգախոսն ու գործել լրիվ նոր փիլիսոփայություն ունեցող` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Հանրապետականներին շռայլած հաճոյախոսություններից հետո նրանցից յուրաքանչյուրը կարող է պնդել, որ «Հանրապետական լինելը պատասխանատվություն է: Հանրապետական լինելը պատիվ է: Հանրապետական լինելը հպարտություն է»: Այս նույն կարծիքին են իրենց մասին նաեւ ԲՀԿ անդամները: Ընտրողներն այլ կարծիքի են: Դա կարող էր երեւալ ընտրությունների արդյունքներից» եթե… երկիրը երկիր լիներ: