ՀՀ իշխանությունը սահմանադրական նորմերից բացի` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաներով հանդիսանում է մարդու կյանքի իրավունքի երաշխավորը:
Մասնավորապես` վերջին ժամանակներում շատ են քննարկվում մարդու առողջ էկոհամակարգում ապրելու, արդար դատաքննության, կրթության, սեփականության, սոցիալական, տնտեսական իրավունքների մասին խնդիրները: Մինչդեռ Հայաստանում, չգիտես ինչու` չեն խոսում մարդու կյանքի իրավունքի մասին, որը ներկայումս ոտնահարվում է ոչ թե առանձին դեպքերով, այլ համակարգային ձեւով, որն էլ իր հերթին` ստեղծում է այլ իրավունքների փակուղի: Համաձայն Սահմանադրության` «Պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից»: Ավելին` մարդու արժանապատվության սկզբունքը ճանաչված է Սահմանադրությամբ, հետեւաբար` արգելվում է մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Այսպիսով, փորձենք վերլուծել Հայաստանում մարդու կյանքի կամ ապրելու իրավունքի դաշտը, որը բարեխիղճ վարչարարության պարագայում պետք է պաշտպանված լիներ բոլոր տեսակի ոտնձգություններից: Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) տվյալներով` 2011թ. 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական զամբյուղը ամսական կազմում է 62.300 դրամ, որի միայն պարենային զամբյուղը` 35.000 դրամ է: ԱՎԾ տվյալների համաձայն` ՀՀ բնակչության` Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված սպառողական զամբյուղի 30%-ը կազմում են հացամթերքները, ինչը խոսում է այն մասին, որ հայերի ամսական կերակուրի մեծ տոկոսը կազմում է հացը: 2010թ. համեմատ` 2011թ. հացամթերքի գները երկրում բարձրացել են 11%-ով: Ընդ որում, 2011թ. հացի մանրածախ գներն աճել են 8.6%-ով: 62.300 դրամ կազմող սպառողական զամբյուղի ֆոնին մեր ազգաբնակչության նվազագույն աշխատավարձը պաշտոնապես կազմում է 32.500 դրամ: Առավել զավեշտական է, որ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակը կազմում է 10.900 դրամ: Այլ կերպ ասած` մարդու կենսաապահովման` պետության կողմից ճանաչված սպառողական զամբյուղը մի քանի անգամ գերազանցում է կենսաթոշակի եւ նվազագույն աշխատավարձի չափին: Ստացվում է, որ մարդու կյանքի իրավունքը ոտնահարվում է հենց անբարեխիղճ վարչարարության հետեւանքով, քանի որ վերոնշյալ աշխատավարձով կամ կենսաթոշակով ապրող յուրաքանչյուր հայ մարդ կարող է ամսվա 10 կամ 20 օրն ապրել: Հայաստանի իշխանությունները սպառում են պետության ամենակարեւոր ռեսուրսը` մարդու կյանքը: Իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահմանադրությամբ պաշտպանված մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց իշխանությունների կողմից: Հետաքրքիր է` կենսաթոշակային տարիքի 10.900 դրամ թոշակ ստացող որեւէ քաղաքացու մտքով անցե՞լ է 62.300 դրամ սպառողական զամբյուղ կազմած Կառավարության դեմ հայց ներկայացնել եւ իրավական դաշտում պաշտպանել ապրելու իր իրավունքը, մանավանդ, որ սահմանադրական ճանապարհով այդ իրավունքը պաշտպանված է: Մարդու կյանքի, ապրելու իրավունքի տիրույթը հասկանալու համար մենք փորձեցինք որոշակի պարզաբանումներ ստանալ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանից:
– Տիկին Ալավերդյան, մարդու կյանքի իրավունքը պաշտպանված է ինչպես երկրի գլխավոր փաստաթղթի դրույթներով, այնպես էլ` Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներով: Որտեղի՞ց է սկսվում եւ ավարտվում մարդու կյանքի իրավունքի տիրույթը:
– Մարդու կյանքի իրավունքը շատ կարեւոր է եւ լավ է, որ բարձրացնում եք այդ թեման: Ժամանակին եւ այսօր էլ` ես շատ մեծ նշանակություն եմ տալիս այդ իրավունքին: Որպես մարդու իրավունքների առաջին պաշտպան` առաջին իմ զեկույցներում կյանքի իրավունքը շատ մեծ ուշադրության է արժանացել: Մենք ունենք բավականին լավ վերլուծություն. օրինակ` 2005թ. զեկույցը, որը, ցավոք, պաշտոնապես չհրապարակվեց, բայց այնտեղ շատ պարզ ներկայացված էր մարդու կյանքի իրավունքի տիրույթը: Ի սկզբանե, երբ միջազգային բոլոր փաստաթղթերով մշակվել է կյանքի իրավունքը` այն վերաբերում էր մարդուն կյանքից զրկելու, կյանքը վտանգելու եւ այլ հանգամանքներին: Այսինքն` սկզբում խոսվում էր ֆիզիկական վտանգների մասին, իսկ հետագայում կյանքի իրավունքը ստացավ բավականին լայն մեկնաբանություն, մասնավորապես շատ մեծ նյութ կա Մանֆրեդի մեկնաբանությամբ, ով մարդու կյանքի իրավունքը դիտարկել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով եւ երկու կոնվենցիաներով: Կյանքի իրավունքի մեջ մտնում է առողջությունը, շրջակա միջավայրը, արդար դատավարությունը, սոցիալական պաշտպանվածությունը, ազատությունից զրկելը (որը մարդու կյանքին առնչվող առանձին դրվագներից է համարվում) եւ այլն: Վերը թվարկված մեկնաբանությամբ, անշուշտ, Հայաստանում մարդու կյանքի իրավունքը վտանգված է:
– Հասարակական խոցելի շերտերը` թոշակառուները, սահմանափակ կարողություններ ունեցող անձինք (մասնավորապես` ժառանգ կամ խնամակալ չունեցողները) ապրում են պետության սոցիալական աջակցության հովանու ներքո: Եթե այս խմբերի` հաշմանդամության կամ ծերության թոշակները երեք անգամ պակաս են սպառողական զամբյուղի գնից, ի՞նչ եք կարծում, իրավական հարթության վրա սա կարո՞ղ է դիտվել որպես մարդու կյանքի իրավունքի ոտնահարում, այն էլ` կառավարության կողմից:
– Այո, շատ կոնկրետ ասում եմ` այո, դա մարդու կյանքի իրավունքի ոտնահարում է: Լինի դա «Ժառանգությունը» կամ մեկ այլ քաղաքական ուժ, բազմաթիվ առաջարկություններով հանդես ենք եկել` հիմնավորելով, որ նվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր չի կարող լինել, որովհետեւ վտանգվում է մարդու ապրելու իրավունքը: Նվազագույն աշխատավարձը չի կարող կոչվել աշխատավարձ, եթե այն ցածր է սպառողական զամբյուղից:
– Ընդ որում, թե՛ կենսաթոշակը, թե՛ նվազագույն աշխատավարձը չեն համընկնում սպառողական զամբյուղի գոնե պարենային մասին: Այսինքն` վտանգված է մարդու կենսագործունեությունը:
– Անմիջապես կապեմ ՀՀԿ 13-րդ համագումարին հնչեցրած գործող նախագահի ելույթի հետ: Երբ նա բերում է «աբսոլյուտ» թվեր` հայտարարելով, որ այսքանով մեծացել, այսքանով աճել են այսինչ թվերը` նրա խոսքերն անմիջապես կորցնում են իմաստը` պաշտոնապես ամրագրված սպառողական զամբյուղի հետ համեմատելիս: Այլեւս խոսել այն մասին, թե արդյո՞ք մարդը կարող է ապրել սպառողական զամբյուղի նույնիսկ կես գնով կամ 40-60%-ով` ավելորդ է: Արդյո՞ք հարիր է այս համեմատությունների ֆոնին որեւէ դրական շարժի մասին խոսել. Իհարկե` ոչ: Դուք մատնանշեցիք խոցելի խմբերին, բայց հարկ է նկատել, որ աղքատ խավի 30%-ը զբաղված է եւ ստանում է աշխատավարձ: Մենք արդեն խոսում ենք բոլորովին այլ երեւույթի մասին. Այն է` աշխատավարձը եւս չի կարող անվանվել աշխատավարձ, որովհետեւ այն կոչված է նախ ապահովելու մարդու ֆիզիկական ինքնաարտադրման հնարավորությունը: Եթե աշխատավարձը հավասարազոր չէ սպառողական զամբյուղին, ուրեմն` մարդու ինքնաարտադրումը խեղված է: Դրա համար, երբ մենք խոսում ենք քաղաքական եւ քաղաքացիական իրավունքից, ես մշտապես ասում եմ` թույլ տվեք խոսենք սոցիալական իրավունքից, որն ամենակոպիտ ձեւով ոտնահարված է ազգաբնակչության առնվազն 60-75%-ի հանդեպ: Մեր բնակչության 60-75%-ի կենսաապահովումը խաթարված է:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը ոտնահարում է Հայաստանի բնակչության կյանքի զանգվածային իրավունքը:
– Անշուշտ, հանգիստ կարող ենք հայտարարել այդ ձեւակերպումը, քանի որ դա ապացուցված եւ հիմնավորված է:
– Դուք եղել եք Մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Ձեր պաշտոնավարման ընթացքում Կառավարության դեմ սոցիալական կամ ապրելու իրավունքի ոտնահարման վերաբերյալ բողոք, հայց եղե՞լ է:
– Մեր դատարանները չեն կարող նման հայց ընդունել, քանի որ Կառավարությունը կոլեգիալ մարմին է, իսկ մեր դատական համակարգն աշխատում է անձնական պատասխանատվության սկզբունքի ներքո: Դա նշանակում է, որ դու պետք է կոնկրետ անուն տաս: Ի դեպ, այդ իմաստով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ բազմաթիվ բողոքներ, որոնց դեպքում թվում է` կարելի է գտնել մեղավորին, բայց այդպես չէ: Նման դեպքերում մենք արձանագրում ենք, որ այո, Դուք ճիշտ եք ասում, Ձեր իրավունքները ոտնահարված են, բայց ոտնահարված են արդեն օրենքով: Հայաստանում վերջին տարիներին իմ աչքի առաջ, իմ դիմադրության պայմաններում ընդունվում են օրենքներ, որոնցով ոտնահարվում են մարդու իրավունքները: Դա շատ կարեւոր գիծ է, որով կարծես գռեհիկ մեկնաբանություն է տրվում միջազգային իրավունքին: Միջազգային իրավունքի բուն էությունը, որի մասին կան բազմաթիվ փաստաթղթեր եւ որոշումներ` այն է, որ օրենքը պետք է սահմանափակի այն չափով, որոնք պահանջում են ժողովրդավարական արժեքները: Անշուշտ, մարդու կյանքի իրավունքի այսչափ նսեմացումը ժողովրդական արժեք չէ: Իշխանություններն ասում են` սա է մեր բյուջեի հնարավորությունները: Երբ մենք բյուջեն կրկնապատկելու առաջարկություններով հանդես ենք գալիս, ասում են` ձեր առաջարկություններն ընդունելի, գրագետ չեն եւ հնարավոր չեն: Բյուջեն կրկնապատկելու համար բավական է երկու ուղղությամբ աշխատել` կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարելով: Միլիոն անգամ ասվել է արդեն, որ Հայաստանում ստվերը գտնվում է ամենապայծառ վայրերում: Պետք է սկսել օլիգարխներից: Հիշեցնեմ, որ մեզ մոտ առկա համակարգային կոռուպցիան կոչվում է քաղաքական կոռուպցիա: Եթե մենք չենք կարողանում փոխել համակարգը, վերացնել բացեիբաց իրականացվող ստվերը, կոռուպցիայի դեմ պայքարել դատական համակարգից սկսյալ, ապա ես չեմ հավատում, որ հռչակված որեւէ փաստաթուղթ կարող է աշխատել: Շատերն ասում են` Հայաստանում ավտորիտարիզմ է. կներեք, բայց ես համաձայն չեմ: Հայաստանում անիշխանություն է, ով կարողանում է` նա փախցնում է, իսկ դա ավտորիտար կամ տոտալիտար` ուժեղ իշխանության վարքագիծ չէ:
– Սպառողական զամբյուղի հաշվարկը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Սպառողական զամբյուղի վերաբերյալ Կառավարության որոշում` որպես այդպիսին, գոյություն չունի: Արդյո՞ք սա, այսպես ասած` «տրյուկ» չէ, օրինակ` կյանքի իրավունքը վիճարկելիս դատական ատյաններում որպես պատասխանող կողմ հանդես գալուց խուսափելու իմաստով:
– Ոչ, թեեւ հարցը շատ խորիմաստ է: Միշտ եւ ամենուր է այդպես, որովհետեւ սպառողական զամբյուղի հաշվարկը յուրաքանչյուր եռամսյակ վերանայվում է: Գների փոփոխականությունը շատ մեծ ազդեցություն ունի այդ դաշտում, եւ սպառողական զամբյուղի հաշվարկը պետք է պարբերաբար թարմացվի: «Տրյուկը» բոլորովին այլ տեղում է, երբ օրենքով պետք է սպառողական զամբյուղը հավասարեցնենք աշխատավարձին, բայց դա չենք անում: Մենք օրենքն ընդունում ենք, եւ միջազգային փորձագետներն ասում են` ինչ լավ է, գրված է, որ պետք է հավասար լինեն նվազագույն աշխատավարձը նվազագույն սպառողական զամբյուղին:
– Բայց իրականում ՀՀ-ում իրավունքների փակուղի է: Հայաստանը համարվում է ծերացած երկիր, քանի որ ազգաբնակչության մոտ 65%-ը կենսաթոշակային տարիքի մարդիկ են: Երիտասարդները, չկարողանալով իրացնել աշխատանքի իրենց իրավունքը, մեկնում են: Մենք կորցնում ենք տնտեսական զարգացման առողջ ներուժը, որն էլ պետք է կարողանար ապահովել թոշակառուների կեցությունը: Իրականում իրավունքների այդ փակուղին ստեղծել են իշխանությունները, որի արդյունքում խոցելի խմբերի կյանքի իրավունքի բեռն ի զորու չեն թոթափել:
– Այո, իշխանություններն իրենք են ստեղծում այդ փակուղին, ավելին` այդ փակուղին ինչ-որ իմաստով եկամուտներ է բերում իշխանավորների մի նեղ խմբին: Ընդ որում` բոլոր իրավիճակներում մեր երկրում առկա այդ նեղ խումբն է շահում: Նորմալ, ֆունկցիոնալ պետության մեջ հասարակության լայն խավի վիճակի վատթարացումը պետք է ազդեր իշխանության լծակներ ունեցող խմբի վիճակի վրա: Հայաստանում հակառակ պատկերն է. Բոլոր պարագաներում այդ խումբը եկամուտների մեծ հոսք ունի: Այսօրվա նվազագույն աշխատավարձը պարտադրում է մարդուն ապրել օր ու մեջ կամ կիսասոված: Անդրադառնալով կենսաթոշակառուներին, պետք է նշեմ, որ, կներեք արտահայտությանս, բայց մենք ամեն տարի արտադրում ենք աղքատների մի մեծ խումբ: Թոշակի անցնելուց հետո մարդը դասվում է աղքատների ցանկում: Մեր համակարգը նրան դարձնում է աղքատ:
– Փաստորեն, մենք նաեւ զրկված ենք բարեխիղճ վարչարարության իրավունքից, որը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքներից եւ ազատություններից մեկը:
– Դա իրավունք չէ` պարտականություն է: Մարդու իրավունքների ոտնահարման երկու ուղղություններ կան. Դասական ինստիտուտներում չեն հասկանում` ինչ է անում Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում, մասնավորապես` նա պայքարում է դիսկրիմինացիո՞ն դեպքերի դեմ, թե՞ նա պայքարում է վատ վարչարարությամբ ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Այսինքն` միջազգային պրակտիկայում եւ տեսությունում դրանք դիտարկվում են որպես երկու, թեեւ իրար հետ կապված, այնուամենայնիվ, առանձին ճյուղեր: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում այդպես էլ գրված է, որ մարդու իրավունքները կարող են խախտվել չինովնիկների կողմից ոչ բարեխիղճ կատարմամբ կամ չկատարմամբ: Այսինքն` պարտականությունը չի կատարվում: Այո, ձեր հարցապնդումը շատ ակտուալ է, եւ հիմնական շեշտը պետք է դնենք վատ վարչարարության վրա: