Ձեզանից որեւէ մեկը փող կծախսի՞՝ գնելու համար մի բան, որը նրան պետք չի գալու։ Իհարկե, ոչ (եթե, իհարկե, այլ հանգամանքներ չկան, ասենք՝ նրան չեն ստիպում)։ Իսկ այնպիսի բան, որը նրան վնա՞ս է. առավել եւս՝ ոչ։ Օրինակ, եթե դուք ծանր ռոք կամ որեւէ այլ երաժշտություն չեք սիրում (ավելին, այն ազդում է ձեր նյարդերի վրա), ապա չեք գնի այդ երաժշտության սկավառակը եւ տանը չեք լսի։ Հո մազոխի՞ստ չեք։ Սակայն երբեւէ մտածե՞լ եք, որ մենք արդեն քանի տարի «գնում ենք» այդպիսի շատ ապրանքներ։
Տնտեսագիտության մեջ կա այսպիսի հասկացություն՝ հանրային բարիքներ։ Տնտեսագիտության հետ կապ չունեցող մարդկանց երկու խոսքով ասեմ. հանրային բարիքների արտադրությունը բիզնեսի առումով եկամտաբեր չէ, սակայն պետությանն անհրաժեշտ է, եւ դրանց արտադրությամբ («արտադրել» բառն օգտագործվում է լայն իմաստով) զբաղվում է պետությունը։ Որպես օրինակ` կարելի է նշել պաշտպանությունը, անվտանգության, իրավապահ համակարգը, միջնակարգ կրթությունը, ճանապարհները, կամուրջները եւ այլն։
Շատ չխորանալով սրա բացատրության մեջ (համոզված եմ, որ ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը)՝ անցնեմ առաջ։ Եվ այսպես, ո՞ւմ միջոցներով է պետությունն ապահովում հանրային բարիքների արտադրությունը: Իհարկե, հենց հանրության, որոնք տարբեր հարկերի, տուրքերի, վճարների տեսքով «վճարում» են այդ բարիքների դիմաց։ Ասենք, վճարում ենք պաշտպանված լինելու համար (պետությունը մեր վճարած միջոցներով բանակ է պահում)։
Այս պարագայում պետությունն ինքն է որոշում, թե որ բարիքն է հասարակությանն առավել անհրաժեշտ, այլ կերպ ասած՝ մեր փոխարեն որոշում է կայացնում (սրան բացասաբար չի կարելի վերաբերվել, քանի որ մեզանից ոչ ոք առանձին դա չէր անի)։ Այստեղ, պետության կողմից տրամադրվող հանրային բարիքը կարող է դուր գալ կամ դուր չգալ հասարակության որոշակի շերտին։ Սակայն հաշվի են առնվում մեծամասնության կարիքները, քանի որ ցանկացած պարագայում դժգոհողներ կլինեն։ Շեշտում եմ՝ մեծամասնության։
Հիմա վերջ տամ այս «դասախոսությանը» եւ խոսեմ ավելի առարկայորեն։
Պարզվում է՝ կան այնպիսի «բարիքներ», որոնք ոչ թե բավարարում են մեծամասնության պահանջմունքները, այլ լրիվ ընդհակառակը…
Դրա ամենափայլուն օրինակը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն է՝ Հ1-ը։ Նախ` ինչո՞ւ այս հեռուստաընկերությունը կոչվեց «հանրային»։ Այսօր ՀՀ-ում գործում են բազմաթիվ մասնավոր հեռուստաընկերություններ, սակայն մասնավորը, շուկայի օրենքների համաձայն, պետք է իրերին վերաբերվի զուտ եկամտաբերության տեսակետից։ Այս առումով, նրանք պատրաստում եւ ցուցադրում են այնպիսի հաղորդումներ, որոնց լսարանը մեծ է եւ որոնց ժամանակ գովազդ տեղադրելով` կարելի է փող աշխատել։ Մինչդեռ կան այնպիսի թեմաներ, որոնց արծարծումը պետության համար կարեւոր է, սակայն բիզնեսի առումով` շահավետ չէ։ Որպես օրինակ` կարելի է նշել մանկական, գիտամշակութային, կրթական հաղորդումները, որոնք կարելի է դիտարկել որպես «հանրային բարիքներ»: Մասնավոր սեկտորը դրանք իր միջոցներով չի ապահովի։ Մեր օրերում ավելի մեծ պահանջարկ ունեն ժամանցային հաղորդումները, շոուները եւ այլն (նշեմ, որ արտասահմանյան որոշ երկրներում՝ օրինակ, Ֆրանսիայում, մասնավոր հեռուստաընկերություններին օրենքով պարտադրվում է անդրադառնալ որոշ թեմաների, իսկ մեզանում այդպիսի բան չկա)։ Ահա այս բացն, ըստ էության, պետք է լրացնի Հանրային հեռուստատեսությունը։ Այն պետք է ուղղված լինի հանրության բոլոր շերտերի շահերին։
Հասարակությունն, ի վերջո, դրա համար վճարում է՝ բյուջեից հատկացվող միջոցների տեսքով։ Օրինակ, այս տարի Հ1-ին հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ, որը մեր հանրապետության համար բավական մեծ գումար է՝ ավելի մեծ, քան, ասենք, ավանդների վերադարձի համար հատկացված գումարները։ Տրամաբանության համաձայն, կարելի է ենթադրել, որ Հ1-ը պետք է ավելի կարեւոր խնդիրներ լուծի, քան հացի փող չունեցող հազարավոր թոշակառուներին ապրուստի որոշ միջոցներ տրամադրելը։ Իրո՞ք դա այդպես է։ Ժամանցային, սպորտային եւ այլ հաղորդումների տեսակետից ամեն ինչ կարծես թե նորմալ է։ Իհարկե, եթե համեմատում ես արտասահմանյան ալիքների հետ, որակն այն չէ, բայց «յոլա տանում» է։ Սակայն կա մի հաղորդում, որը հեռուստադիտողի աչքում այդ հեռուստաընկերության մյուս աշխատակիցների կատարած լավ աշխատանքն էլ ջուրն է գցում: Խոսքն, իհարկե, «Հայլուրի» մասին է։
Բոլորս էլ հասկանում ենք, որ «պետական» բառը «հանրային» բառով փոխարինելով, ըստ էության, ոչ մի բան էլ չի փոխվի, եւ այս ալիքը մշտապես կմնա իշխանությունների «դուդուկի տակ պարող»։ Սակայն ամեն ինչ պետք է անել չափի մեջ, ոչ թե այդ աստիճանի բացահայտ, անսքող ատելությամբ խոսել որոշակի անձանց մասին եւ, հակառակը, ամեն լավ բան վերագրել իշխանություններին եւ նրանց գովելուց բացի` ուրիշ բան չասել։ Դա իշխանություններին «արջի ծառայություն» մատուցել է, կարճ ասած՝ շատ վատ PR: Որպես հեռուստադիտող, շատ տհաճ է, երբ ինչ-որ մի տղա (կամ աղջիկ), քմծիծաղով ու ընդգծված արհամարհանքով է խոսում մի մարդու (կամ մարդկանց) մասին, որին մի քանի անգամ զիջում է թե՛ իր գիտելիքներով, թե՛ փորձով, թե՛ վաստակով՝ մոռանալով, որ ինքն ընդամենը հաղորդավար է։
Եթե այցելեք Հ1-ի պաշտոնական ինտերնետային կայքը, կհանդիպեք այսպիսի տողերի. «Մեր լրատվական քաղաքականության առանցքային խնդիրներն են անհատի, հասարակության եւ պետության շահերը չոտնահարելը, հանրապետական լրատվական դաշտի համար օրինակելի չափորոշիչներ ձեւավորելը… »։
Բա մարդու իրավունքները ոտնահարելն էլ ո՞նց է լինում։ Մի քիչ էլ բացեմ փակագծերը։ 2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլում Ռ. Քոչարյանը ստացավ 50%-ից պակաս ձայն։ Ըստ ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների՝ առաջին փուլում գործող նախագահը ստացավ 700.808 ձայն, իսկ ընդդիմության ներկայացուցիչները՝ Ս. Դեմիրճյանը, Ա. Գեղամյանը, Ա. Կարապետյանը, Վ. Մանուկյանն ու Ա. Սարգսյանը միասին՝ 707.635 ձայն։ Այսինքն, նույնիսկ ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 700 հազար ընտրող իր ձայնը տվել էր մարդկանց այս խմբին։ Ովքե՞ր են այսօր ամենից հաճախ հայտնվում «Հայլուրի» թիրախում՝ հենց վերոնշյալ գործիչները։ Ու այդպես գռեհկաբար արտահայտվելով նրանց մասին՝ նրանց հետ միասին «ձեռքի հետ» ոտնահարվում են նաեւ այս 700 հազար (ըստ պաշտոնական տվյալների) ընտրողների՝ մարդկանց իրավունքները։ Շատերը պարզապես նյարդայնանում են այդ հաղորդումը դիտելով, եւ իրենց առողջության մասին մտածելով՝ պարզապես փոխում են ալիքը։
Այսօր բոլոր հեռուստաալիքներն էլ ընդգծված բարյացակամ վերաբերմունք ունեն իշխանությունների նկատմամբ, սակայն ամենազայրացուցիչը Հ1-ն է՝ իր «Հայլուր» ծրագրով։ Որովհետեւ ոչ ոք նրա չափ չի անցնում սահմանները: Բացի այդ, եթե մյուս ալիքներն ինքնաֆինանսավորվող են եւ պետությունից գումարներ չեն ստանում, ապա Հ1-ի գոյությունը մեծապես պայմանավորված է հարկատուների միջոցներով։ Իսկ այդ հարկատուների թվում քիչ չեն նրանք, ովքեր մտնում են վերոնշյալ 707.635-ի մեջ, եւ ովքեր ամենեւին էլ գոհ չեն, որ իրենց հաշվին իրենց իսկ նյարդերը քայքայում են։ Բայց ի՞նչ կարող ես անել։
Շատ հարցեր կան: Օրինակ, ո՞վ գոհ կլինի, եթե իր հաշվին գոյատեւող իրավա«պահ»ները խախտում են հենց իրենց իրավունքները, կամ իրենց միջոցներով ոմանք մի 100 հոգանոց պատվիրակություններով գործ անելու անվան տակ արտասահմանում «կայֆավատ» են լինում, հետո էլ խոսում աղքատության հաղթահարման մասին…
Հիմա պա՞րզ է, թե ինչպես ենք վճարում մի բանի համար, որը ոչ միայն մեզ պետք չէ, այլեւ, որոշ դեպքերում, նույնիսկ վնասակար է առողջության համար։