Անտարբեր է քաղաքականության նկատմամբ

13/03/2012

Ռեժիսոր Ռոման Բալայանը «Նովիե Իզվեստիի» թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով իր քաղաքական հայացքներին, ասել է, թե ինքը միշտ ընդդիմադիր է, սակայն անտարբեր է քաղաքականության նկատմամբ: Հարցին, թե` մասնակցո՞ւմ եք որեւէ հասարակական շարժման, Ռ. Բալայանը պատասխանել է, թե ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական կառույցների նկատմամբ ինքն անտարբեր է: «Ամբողջ կյանքում դա այդպես է եղել, առավել եւս` այժմ: Երբ ընդդիմությունը երազում է գրավել իշխանավորների տեղը, ինձ համար դա ընդդիմություն չէ: Ես մշտական ընդդիմության մեջ եմ: Քանի որ ես երբեք համաձայն չեմ: Ոչ նոր իշխանության, ոչ խորհրդային իշխանության հետ: Ես ունեմ ներքին ազատության իմ սեփական ըմբռնումը, որն էլ արտացոլվում է իմ կինոնկարներում… Ախր ես էլ արարքներ չեմ գործում: Անփոփոխ է միայն այն, որ ես ոչ մի կազմակերպության եւ նման բաների մեջ չեմ մտնում»,- ասել է Ռ. Բալայանը` հավելելով, թե երբ իրեն առաջարկում են ինչ-որ նամակ ստորագրել, որը գրված է այնպես, որ միայն չարություն է առաջացնում, ապա ինքը հրաժարվում է: «Եթե քննադատությունն ամոթ չի առաջացնում քննադատվողի մեջ, այլ չարություն, ապա նրանք, ում քննադատում ես, ավելի վատը կդառնան»,- ասել է ռեժիսոր Բալայանը:

Պատասխանելով հարցին, թե Կիեւում բնակվելով` որքան հաճախ է այցելում Հայաստան, Ռ. Բալայանն ասել է, թե տարին մեկ անգամ գալիս է Հայաստան` մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: «Բնականաբար, այնտեղից ես այցելում եմ հայրենիք` Ղարաբաղ, մորս գերեզման եւ հանգուցյալ եղբորս երեխաներին տեսության: Նրանք բնակվում են Ստեփանակերտում», – ասել է նա: