Հրաշքների աշխարհում-2

10/03/2012

«Կառուցեցին կոմունիստները հայ ժողովրդի հետ միասին, քանդեցին ժողովրդավարները Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին», եւ` «Եթե ուզում եք հրաշքներ տեսնեք, գնացեք Սովետական Հայաստան»: Ահա այն երկու հիմնական կարգախոսները, որոնցով պատրաստվում է առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Երեկ այս մասին հայտարարել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` հավելելով, թե դեռեւս որոշված չէ ՀԿԿ մասնակցության ձեւաչափը, եւ դեռ պարզ չէ` կոմունիստներն ընտրություններին կմասնակցեն միայնա՞կ, թե՞ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության հետ դաշինքով: «1990-ից հետո դրախտային Հայաստանը շողուլից ընկավ, քանի որ Աստված մեզ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՀՀՇ, որոնք խժռեցին ու թալանեցին երկիրը, իսկ հիմա փորձում են անմեղսունակ երեւալ: Բայց ասում եմ, որ 90-ից հետո տեղի է ունեցել տնտեսական խոշոր հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի,- հայտարարել է Թովմասյանը` հավելելով,- 70 տարի շարունակ կոմունիստները կառուցել են, բանվորին անվճար բնակարան տվել, ուսանողին` անվճար կրթություն եւ աշխատանք, իսկ հիմա Թամանյանին են պեղում, Թամանյանին են շեղում, եւ Երեւանի կենտրոնը դարձրել են ճոխ բնակարանների տայգա, ուր ոչ ոք չի բնակվում»: