Շահագրգիռ չէ

10/03/2012

«ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: 20 տարի շարունակ արդյունավետ քայլեր չեն կատարվել տվյալ ուղղությամբ: Տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն տարածաշրջանային երկրների կողմից եւ ոչ թե երրորդ ուժերի միջամտությամբ: Վերջիններիս նպատակը ոչ թե երկրագնդի տարբեր վայրերում առկա խնդիրների լուծումն է, այլ` ընդհակառակը` նոր խնդիրներ ստեղծելը»,- ադրբեջանական «Salam News» գործակալության փոխանցմամբ, երեկ` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբագիր Բահրամին: «Նախիջեւանում մեր արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա: Իրանը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները այդ խնդրի արդար եւ արագ լուծման համար: Առաջին օրվանից ի վեր` այդպիսին է եղել Իրանի դիրքորոշումը»,- հավելել է Բահրամին:

Իսկ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը երեկ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը համարվում է դիվանագիտական աշխատանքի ամենաարդյունավետ օրինակներից մեկը: Նրա խոսքով` Մինսկի խումբն այս ընթացքում կարողացել է ձեւավորել համաձայնությունների իրագործելի մի հարթակ` ամենաբարդ հակամարտության կարգավորման համար: «ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դերը բոլորին է հայտնի: Կցանկանայի հատուկ ընդգծել երկրների ղեկավարների, այդ թվում` ՌԴ նախագահի ներգրավումն այդ գործընթացին: Կարծում եմ, որ այդքան էլ վատ պատմություն կամ հարթակ չունենք, իսկ հակամարտության կարգավորումը կախված է քաղաքական կամքից»,- հավելել է Ռյաբկովը: