ՀՀԿ-ն ու «Պալաչը»

10/03/2012

Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ խիստ նկատողություն է հայտարարվել ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ, «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանի նկատմամբ` ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար: Հիշեցնենք, որ վերջինս խնդիրներ ունեցավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գ.Ծառուկյանն ավելացրել էր Աբովյանից Երեւան եկող անվճար ավտոբուսների քանակը, ինչը գրեթե կաթվածահար էր արել Աբովյան-Երեւան գիծը շահագործող «Քինգ Դելյուքս» ընկերությանը, որը պատկանում է Հարությունյանին: Վերջինս նաեւ հարցազրույցներ էր տվել եւ վիրավորական արտահայտություններ ուղղել Գ.Ծառուկյանին: Ավելացնենք, որ «Պալաչը» ՀՀԿ անդամ է դարձել ընդամենը փետրվարին: «Շարքային կուսակցության անդամ էր, փորձ էր արել իր անձնական խնդիրները քաղաքականացնել, քաղաքական ճանապարհով լուծել, ինչը մենք համարում ենք անընդունելի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գ.Սահակյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, ՀՀԿ վերնախավն է «Պալաչին» դրդել նման քայլերի, որպեսզի ընտրություններին ընդառաջ թուլացնի Աբովյանում Գ.Ծառուկյանի միանձնյա ազդեցությունը: Մեկնաբանելով այդ տեղեկությունները` Սահակյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որն իր կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ նման վարքագիծ կդրսեւորի»: