Սյունիքի ՀՀԿ նախընտրական շտաբի մարզային կառույցի աշխատանքները ղեկավարելու է ոչ թե Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը, այլ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է henaran.am-ը` հավելելով, թե օրեր առաջ Սյունիք մեկնած ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը ցանկացել է հաշտեցնել Ս. Խաչատրյանին եւ Մ. Հակոբյանին, ինչը, սակայն, նրան չի հաջողվել: Կայքի փոխանցմամբ` չի բացառվում, որ մարզպետ Ս. Խաչատրյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվի Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում: Ս. Խաչատրյանը երեկ հրաժարվել է պատասխանել կայքի հարցերին` պատճառաբանելով, թե զբաղված է: «Մի վայրկյան էլ ժամանակ չունեմ»,- ասել է նա: