ԲՀԿ-ի շուրջ

10/03/2012

Երեկ շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Պուրտոյանը որոշել է դուրս գալ կուսակցությունից եւ նորից պատգամավոր դառնալու համար քննարկում է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Էրեբունի համայնքն ընդգրկող ընտրատարածքներից մեկից, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի թեկնածությունը: Ա.Պուրտոյանը, սակայն, երեկ մեր թղթակցին ասել է, որ եթե նույնիսկ չդառնա պատգամավոր, դուրս չի գա ՀՀԿ կազմից: Իսկ իր առաջադրվելու հարցը կորոշվի այսօրվա համագումարից հետո: ԲՀԿ-ին անդամակցելու հարց է քննարկում նաեւ Ապարանից մեծամասնական ընտրակարգով ընտրված անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանին, ում թեկնածությունը, ըստ մամուլում հրապարակված լուրերի, պաշտպանելու է նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս երեկ չէր հերքել այդ տեղեկությունը: Որոշ տեղեկությունների համաձայն, Լ. Խաչատրյանը սկզբում ցանկացել է անդամակցել ՀՀԿ-ին, բայց նրան չեն ընդունել: Ասում են, Լ.Խաչատրյանը չի վայելում ՀՀԿ վերնախավի աջակցությունը, որովհետեւ համարձակություն է ունեցել քննադատել վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: