Ես գիտեմ, որ դժվարը… համոզելն է

10/03/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ծանոթներիցս շատերը վերջին շրջանում հարցնում են՝ ո՞վ է «Ես գիտեմ» հեռուստատեսային արշավի հեղինակը։ Նկատի ունեն հեռուստատեսությամբ ցուցադրվող այն հոլովակները, որոնցում մեր հայրենակիցները հավատացնում են, որ «դժվարը հեշտացել է», եւ հետո հնարավորինս հակիրճ ներկայացվում է, թե կոնկրետ ինչն է ավելի հեշտացել։

Օրինակ, որ վարորդական իրավունքի համար այլեւս «փսիխո» պետք չէ, եւ այլն։ Հենց սկզբից նշենք, որ արշավը որոշ չափով օգտակար է։ Սակայն մարդիկ ցանկանում են իմանալ՝ այդ ո՞ր բարեգործ կազմակերպությունն է իր վրա վերցրել մարդկանց իրազեկելու ազնիվ գործը։ Հարցը բնական է, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ հեռուստաեթերը բավական թանկ արժե, եւ հասկանում են, որ դժվար թե ինչ-որ հասարակական կազմակերպություն այդքան գումար ծախսեր բարի նպատակներով։ Շատերն անգամ այցելել են հոլովակում նշված կայքը՝ www.esgitem.am, սակայն հեղինակին հայտնաբերել այդպես էլ չեն կարողացել։ Կայքում տեղադրված են 25 բարեփոխումների տեքստային տարբերակները եւ տեսանյութերը։ Սակայն ամեն ինչ այնքան անհասցե չէ, որքան թվում է։ Միանգամից նշենք, որ նախաձեռնության հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Եթե ավելի կոնկրետացնենք, գաղափարի հեղինակը կառավարությունն է, իրականացնողը՝ «Ամերիա» խորհրդատվական խումբը, ֆինանսավորողը՝ Համաշխարհային բանկը։ Արշավը մեկնարկել է փետրվարի 1-ին՝ 1 ամսով (նկատի ունենք տեսահոլովակները)։ Նպատակը՝ ՀՀ քաղաքացիներին իրազեկել կառավարության կողմից 2007-2012թթ. ընթացքում հանրային կառավարման ոլորտում իրականացված ավելի քան 25 բարեփոխումների մասին։ Ըստ ծրագրի ղեկավարների` քաղաքացիները շատ հաճախ հանդիպում են խոչընդոտների, սակայն, երբ նրանք տեղեկացված են լինում, ամեն ինչ այլ կերպ է լինում: Ընդ որում, արշավը բավական թանկ է արժեցել՝ ընդհանուր առմամբ` 100 հազար դոլար։

Մեր հայրենակիցները միգուցե այնքան էլ ուշադրությամբ չեն հետեւել փետրվարի առաջին օրերի պաշտոնական լրահոսին, այլապես հարցեր չէին առաջանա։ Այս նախաձեռնության մասին եղել է ասուլիս՝ կառավարության եւ «Ամերիայի» ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ավելին, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության փետրվարի 2-ի նիստում հատուկ անդրադարձել է այդ նախաձեռնությանը՝ նշելով. «Փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով մենք սկսել ենք մի մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Մենք ձեզ հետ միասին այս բնագավառում շատ հետեւողական ենք եղել: Այս աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիներն իրազեկված լինեն, թե ինչպիսի ծառայություններ ենք մենք նրանց մատուցում եւ ինչպիսի փոփոխություններ ենք իրականացնում այդ ծառայությունների որակը բարձրացնելու համար, որպեսզի այն իրավունքները, որոնք ունեն մեր քաղաքացիները, իրացվեն ամբողջությամբ: Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները պետք է իրազեկված լինեն շուրջ 18 գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, եւ մենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ սկսել ենք լայնածավալ իրազեկման ակցիա: Զանգվածային լրատվական միջոցները տեղեկացնելու են մեր քաղաքացիներին, թե ինչ նոր հնարավորություններ ենք նրանց համար ստեղծել, եւ ինչպես նրանք կարող են օգտվել այդ հնարավորություններից»: Իհարկե, այստեղ մի փոքր հակասություն կա, քանի որ արշավի նպատակը ոչ թե պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավումն էր, այլ արդեն իբրեւ թե բարելավված ծառայությունների մասին հանրությանը տեղյակ պահելը։

Ի դեպ, «բարեփոխում» ասվածը նշված 25 կետերից ոչ բոլորի դեպքում է միանշանակ։ Օրինակ, որպես բարեփոխում ներկայացված է ՀՀ Ազգային պատկերասրահի ֆոնդի թվայնացումը։ Դա լավ քայլ է, բայց ՀՀ քաղաքացուն հուզող խնդիրների թվում երեւի զբաղեցնում է վերջին տեղը։ Կան նաեւ այնպիսի բարեփոխումներ, որոնց շուրջ կարելի է վիճել։ Հոլովակում նշվում է, որ ավտոմեքենայի տեխզննման կտրոնն այժմ կարելի է պարզապես վերցնել բանկից` կատարելով համապատասխան վճարումը, եւ անմիջապես փակցնել մեքենայի դիմապակուն, եւ կտրոնի կնքումը տեխզննման կայանի կողմից այլեւս պարտադիր չէ։ Սա որոշ չափով հեշտացնում է վարորդների գործը, սակայն մյուս կողմից` ցույց է տալիս, որ պետության համար առաջնահերթը ոչ թե մեքենաների տեխնիկական վիճակն է, այլ տեխզննման պրոցեսից գումարներ հավաքելը։ Իհարկե, կան նաեւ դրական եւ իսկապես օգտական քայլեր։ Սակայն դրանց մասին խոսելն իմաստ չունի. ի վերջո, 100.000 դոլարը ծախսվել է հենց այդ մասին խոսելու նպատակով։

Խնդիրն այն է, որ այս նախաձեռնությունից քիչ թե շատ տեղյակ քաղաքացիներից շատերն անմիջապես շտապեցին այն որակել` որպես նախընտրական քարոզչություն, որի գլխավոր նպատակը ոչ թե քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելն ու օգուտ տալն է, այլ ինքնագովազդը։ Սոցիալական կայքերում ու տարբեր ֆորումներում մեր հայրենակիցները հիմնականում մեկ հարց էին տալիս` ինչո՞ւ այս նախաձեռնությունն ի հայտ եկավ հենց ընտրությունների նախաշեմին։ Հայաստանում ոչ ոք չի հավատում նման զուգադիպություններին, այն էլ` նախընտրական շրջանում։ Այս տեսակետը չկիսողները` որպես հակափաստարկ, մատնանշում էին հիմնականում այն փաստը, որ թե՛ հոլովակում, թե՛ կայքում ոչ կառավարության անունն է շեշտվում, ոչ էլ որեւէ քաղաքական ուժի (այն, ինչի մասին խոսում էինք սկզբում)։ Սակայն արշավը անհասցե է միայն առաջին հայացքից։ esgitem.am կայքում կան հղումներ, որոնք հիմնականում տանում են դեպի կառավարության կայքէջ։ Դրանցից ոմանք, իսկապես, պարզաբանում են համառոտ ներկայացված բարեփոխման բովանդակությունը, ներկայացնում որոշ պարզաբանումներ։ Սակայն կան հղումներ, որոնք լրիվ այլ տեղ են տանում։ Տեղ, որը հիշեցնում է նախընտրական պաստառ։

Օրինակ, կայքում զետեղված բարեփոխումների ցանկում առաջին տեղում նշված է «Իրավաբանական անձանց պետական գրանցում»։ Այս բաժնում կարդում ենք. «Այժմ փոքր բիզնեսը կարելի է գրանցել ընդամենը 30 րոպեում` մոտենալով միայն մեկ պատուհանի կամ էլեկտրոնային եղանակով report.gov.am կամ e-register.am կայքերում»: Նախադասության շարահյուսությունը տրամաբանող մարդուն հուշում է, որ բիզնեսը օնլայն կարելի է գրանցել ինչպես e-register.am, այնպես էլ report.gov.am կայքում։ Սակայն, եթե «կլիկ» անենք վերջին կայքի հղման վրա, ապա կբացվի «ՀՀ կառավարության գործունեության արդյունքները» էջը։ Այդ էջում անգամ խոշորացույցով հնարավոր չէ գտնել գործիք, որի միջոցով հնարավոր է բիզնես գրանցել։ Փոխարենը՝ էջի ամենավերեւում կտեսնեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը եւ մի հատված նրա նախընտրական ծրագրից։ Կառավարության գործունեության արդյունքները էջի ստորին մասում են։ Սա report.gov.am կայքի գլխավոր էջն է։ Իսկ ներածության բաժնում ներկայացված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ծավալուն խոսքը` կառավարության գործունեության արդյունքների եւ հեռանկարների մասին:

Ասել, որ սա ուղղակի քարոզչություն է, այն էլ՝ կառավարության պաշտոնական կայքում, իհարկե դժվար է։ Սակայն նույնքան դժվար է հակառակն ապացուցելը։ Կարճ ասած, իշխանությանը հաջողվել է մի զարկով երկու նապաստակ խփել. բարեփոխումները տեղ հասցնել եւ «ձեռքի հետ» սեփական փիառով զբաղվել։ Մեր գերպետականամետ հայրենակիցներից ոմանք, հնարավոր է, մեզ մեղադրեն ծայրահեղության մեջ՝ նշելով, որ ամեն ինչի մեջ միայն վատն ենք տեսնում։ Ճշտենք, որ խնդիրը մեր «տեսնելը» չէ. այլ այն, թե ինչ է տեսնում հասարակությունը։ Մենք ընդամենը փոխանցում ենք մարդկանց կարծիքը այս ամենի մասին։ Ովքեր ցանկանում են ինքնուրույն համոզվել մարդկանց ընկալումների հարցում, կարող են այցելել տարբեր սոցիալական կայքեր ու ֆորումներ, օրինակ, www.akumb.am։ «Ինչո՞ւ այս իրազեկումը սկսվեց նախընտրական շրջանում, ընդ որում, երբ պաշտոնական քարոզչությունը դեռ չի մեկնարկել: Սա սովորական իրազեկո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, նախընտրական արշավ»,- հարցրել է ֆորումի մասնակիցներից մեկը, ինչին հետեւել են բավականին սպասելի պատասխաններ: «Վաղուց է արդեն, որ այս ու դրա նման ամեն ինչ օգտագործվում է ճիշտ որպես քաղաքական գովազդ: Մի՞թե այս դեպքը միակն է», կամ՝ «Կուտ ա, ոնց որ միշտ, մեր սիրելի կառավարությունը կատարում ա երեւացող ոչ շատ անհրաժեշտ ու ծախսատար փոփոխություններ ու դրանց անվանում «բարեփոխում»: Եվ այսպես շարունակ։

Այս եւ նման տիպի բազում կարծիքները, որոնք արտահայտվում են ինտերնետում (անգամ վարչապետի բլոգում), ցույց են տալիս, որ քաղաքացիները, մեղմ ասած, չեն հավատում իշխանությանն ու նրա քայլերին, անգամ, եթե դրանք արվել են ամենաազնիվ մղումներով։ Ի դեպ, Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի այն հատվածում, որը տեղադրված է report.gov.am կայքում, կարելի է կարդալ. «Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն»։ Փաստորեն, իշխանությունն էլ ընդունում է, որ վստահության մթնոլորտի ձեւավորումը շատ կարեւոր խնդիր է։ Շատ ավելի կարեւոր, քան Ազգային պատկերասրահի ֆոնդի թվայնացումը կամ վարորդական իրավունքի համար «փսիխոյի» պահանջի վերացումը։ Իսկ թե որքան ենք մոտեցել վստահության խնդրի լուծմանը վերջին 4-5 տարվա ընթացքում, արդեն սուբյեկտիվ մոտեցման հարց է։