Խախտում չկա՞

10/03/2012

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում իր մարզային այցելություններով ու Հանրապետական կուսակցության օգտին քարոզչությամբ չի խախտում Ընտրական օրենսգիրքը: «Այդ այցելությունները որակում եմ որպես նաեւ գաղափարների տարածում, եւ այլն, եւ այլն: Պետք է նկատի ունենանք հետեւյալը, որ ԸՕ տեսանկյունից եթե մենք նայում ենք, Ընտրական օրենսգիրքը սահմանում է մի բան` նախընտրական քարոզչության ժամանակահատված, որի ընթացքում սահմանափակումներ են սկսում կիրառվել ամենատարբեր բնույթի: Իսկ եթե նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս է իրականացվում այդ գործունեությունը, հետեւաբար` այս գործունեությունն ընդհանրապես չի կարող որակվել որպես նախընտրական քարոզչության կամ սահմանված կարգի խախտում: Համենայնդեպս, Ընտրական օրենսգրքի տեսանկյունից այստեղ խախտում ընդհանրապես պետք չի որոնել, որովհետեւ այդպիսին չկա»,- ասել է Տ. Մուկուչյանը:

Համաձայն Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասի` «նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սահմանված է ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք օրենքի խախտում չէ՞ այն, որ պաշտոնատար անձինք պետական միջոցների հաշվին են մեկնում մարզեր եւ քարոզչություն իրականացնում, այսինքն` պետական միջոցներն օգտագործում են հօգուտ նեղ կուսակցական շահի եւ հարկատուների հաշվին խոստումներ տալիս, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է. «Եթե քարոզարշավի ժամկետներից դուրս տեղի է ունենում մի գործողություն կամ անգործություն, որը, որոշ մարդկանց կարծիքով, խախտում է որեւէ օրենքի պահանջ, համենայնդեպս` դա Ընտրական օրենսգիրքը չէ, եւ այդ հարցերով իրավասու մարմինը ԿԸՀ-ն չէ»:

«Պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, մինչդեռ, վարչապետի եւ պետական այլ պաշտոնյաների մարզային այցերում, զանգվածային լրատվամիջոցներով դրանց լուսաբանման մեջ Ընտրական օրենսգրքի խախտում տեսնում է: Հիմնավորելով, որ այդ քարոզչությունը խախտում է ընտրողների հավասար ընտրական իրավունքը` Ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածը, կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանը մի քանի դիմում է ներկայացրել ԿԸՀ եւ մերժում ստանալով` հայց է նախապատրաստում դատարան դիմելու համար: «Ի՞նչ է նշանակում` հավասար. ես պետք է կարողանամ հավասար քարոզչություն լսել, եւ այլն, բայց այդ հնարավորությունն ինձ չի տալիս, որովհետեւ պետական միջոցները օգտագործում է նա, ով ունի, եւ գնում են, քարոզում են: Այսինքն` խախտվում է ընտրական հավասար իրավունքը»,- ռադիոկայանի հետ զրույցում ասել է Թորոսյանը: Բացի Ընտրական օրենսգրքից, Ռ. Թորոսյանի պնդմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը խախտում է նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածը, ըստ որի` կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի գնահատականներին, ապա ի տարբերություն իշխանական ուժերի, որոնք հավասարության իրավունքի որեւէ խախտում չեն տեսնում այստեղ, ընդդիմության համար ակնհայտ է խտրական վերաբերմունքը` հատկապես հեռուստաեթերում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Հաշվի առնելով, թե ինչպես է լուսաբանվում վարչապետի եւ ՀՀԿ ղեկավարության յուրաքանչյուր քայլ, եւ ինչպես է լուսաբանվում «Ժառանգության» պատգամավորների գործունեությունը` այստեղ, իհարկե, հավասարության նշան դնելու համար պետք է ստեղծագործական մեծ երեւակայություն ունենաս: Նաեւ տեսնում ենք, թե վարչական ռեսուրսի ինչպիսի անթաքույց օգտագործում է տեղի ունենում, եւ դա ցուցադրվում է»: Նաեւ հավելել է. «Ոչ միայն վարչապետի հետ կապված, շատ այլ դրվագներ ենք տեսել` տարբեր պետական հիմնադրամներ օգտագործվում են կուսակցական քարոզարշավների նպատակներով, եւ կարծեք թե արդարանում են, որ դա երիտասարդական ինչ-ինչ միջոցառումներ են, բայց անթաքույց տեղի է ունենում ՀՀԿ, այսպես ասեմ` մկանների ցուցադրություն»: