Մարտի 8։ Ուրիշ մարտի 8։

10/03/2012

Միայն ամսաթիվը չէր, որ հիշելու պատճառ դարձավ: Մարտի 4-ին Ազատության հրապարակում ակամայից մի այլաշխարհիկ քաղաքական իրադարձության կողքով անցնելը հուշեր արթնացրեց:

Քեզ համար, քո մտքերով անցնում ես օպերայի հրապարակի միջով ու հանկարծ լսում ես դպրոցական տարիներից հետո էլ երբեւէ չլսած «հրապարակ են մտնում «Արջուտ» գյուղի հայոց արծիվները»` այնպես համոզիչ մոռացված նախադասությունը: Մեր դպրոցական ժամանակ Լենինյան շրջանի առաջավոր բանվորներն էին այդպես հրապարակ մտնում: Հետո հրապարակ էին մտնում «Նիզամի» գյուղի «արծիվները»: Հետո եկան «Կաթնաջուր» գյուղի ու էլի ուրիշ գյուղերի արծիվներ:

«Սյունյաց արծիվների» համագումարն էր:

Արծիվներն, իհարկե, ավելի շատ թեւները կոտրած հավքի էին նման, որոնց այնպես անհրաժեշտ էր կրթվել, գիրք կարդալ, հղկվել ու բացել իրենց միջի իրենց գյուղերի բնությամբ տրված անկասկած թաքնված պոտենցիալը… բայց, ավաղ… նրանց կրթությունը ոչ թե թերի էր մնացել, այլ չէր սկսվել, իսկ պոտենցիալը` բնությամբ տրված` լրջագույն անեսթեզիայով քնեցրել էին:

Արծիվները սեւազգեստ գյուղի տղաներ էին, որ բերվել էին ավտոբուսներով Հայաստանի տարբեր շրջաններից, ու բարձրախոսով նրանց համառորեն ներշնչում էին իրենց արծիվ լինելու անվիճելի պարագան: Անկեղծ ասած, նրանց բացարձակապես չէր էլ հուզում` իրենք թռչունների դասի հատկապես որ տեսակին են պատկանում: Էրեխեքը ամբիցիոզ չէին: Նրանք բացարձակապես անհաղորդ էին այդ տիտղոսներին, որոնք անհասկանալի տեղից, բայց բարձրաձայն գալիս էին կպչելու իրենց, բայց չէին կպչում, որովհետեւ էրեխեքը ադի-բուդու կրպակների ապակիներին էին կպել, ինչպես արծիվները` բարձր ժայռերին…

Տղաներին գյուղից անվճար քաղաք էին բերել: Սրանք, դժբախտաբար, ոչ Գիքոր էին, ոչ Գավրոշ: Գավրոշի մասին տեղեկություններ չունեին, Գավրոշի ոգին նրանց մեջ ի ծնե մեռած է, իսկ Գիքորի պարկեշտությունն ու համեստությունը չկար: Տղաներին գյուղից ուղղակի քաղաք էին բերել ու ադի-բուդին, գարեջուրը գրավել էին նրանց` ըստ տարիքի, ըստ աճման կարգի:

Նրանց մեջ երբեք չի արթնանալու Գավրոշի կռիվը, ինչքան էլ ներշնչեն նրանց արծվազգիների դասին իրենց անուրանալի պատկանելությունը: Իրենք իրականում գիքորներ են, որոնք ահավոր ամաչում են գիքորությունից, որովհետեւ, եթե Գիքորին ասել էին, որ ինքն ընդամենը «քորփա էրեխա է, անիրավ աշխարհում», ապա սրանց բարձրախոսներով համոզում էին, թե արծիվ տղերք են, որոնցից կախված է երկրի թեւաթափ ապագան:

Տղաներ, մեծաքանակ, անդեմ, որոնց երեւի ինչ-որ բանով շահագրգռել էին, միայն անվճար քաղաք գալու հեռանկարն ինչ ասես արժե, ու տոնը ստացվում էր: Օպերայի պատին` մեծ-մեծ բառեր, համագումար, նախագահ, պետություն: Այս ագիտ-շոուն կարող էր եւ զվարճալի լինել, եթե ազատության հրապարակի անցյալն այդպես մանրակրկիտ ու չխամրող չունենայիր կենսագրության մեջ:

1989-ին քաղաքում պարետային ժամ էր: Ռուսական տանկերը շրջապատել էին մեր հրապարակը: Դա նույնն էր, եթե գրավեին մեր տները: Մենք այդպես էինք ընկալում: Համալսարանի առաջին կուրսում այդ թվականի մարտի 8-ին մասնակցել եմ մի աննախադեպ երեւույթի, որն այսօր էլ այսքան բան իմանալուց ու հասկանալուց հետո միամտություն չեմ համարում, այլ, պատիվ պահանջողի բողոք, ինչքան էլ միամիտ թվա: Քանի որ տղամարդկանց որեւէ բողոքի ակցիա ուղեկցվում էր ձերբակալությամբ` համալսարանում որոշվեց, որ կին դասախոսներն ու ուսանողուհիները մարտի 8-ին բողոքի ցույցի էին դուրս գալու ռուսական տանկերի ու մեր իշխանությունների դեմ: Այդ մարդկանց թվում` շատերը 17 տարեկան էին: Նույն տարիքի, ինչ տարիքի էին «արծիվներից» շատերը: Բայց մեզ ոչ ոք չէր ոգեւորում, որ մենք պատկանում ենք հավքի որեւէ տեսակի, մենք մեր ճնճղուկ վիճակով բողոք ունեինք ու շատ ինքնուրույն էինք հասունացնում բողոքը: Մարտի 8-ը ադիբուդիախառն ատրակցիոն չեղավ: Բաղրամյան պողոտայից թեքվելով Իսահակյան փողոց` մենք հայտնվեցինք ռուսական զորքի շրջափակման մեջ ու առաջին անգամ կյանքում սեփական աչքերով տեսա` ինչպես կարող է մարդը կատաղությամբ ուժ գործադրել այլ մարդու վրա` չեմ էլ ուզում ասել` մանավանդ կանանց ու աղջիկների, որովհետեւ բոլորովին էական չէ, որ սեռն է ենթարկվում զինվորի հարվածին: Իսահակյան փողոցում այդ օրը արժանապատվության խնդիր էինք լուծում` միամիտ գուցե, պարզունակ դրսեւորմամբ երեւի` բայց ինքնուրույն, ինքնակամ ու համոզված, որ այսպես ճիշտ է: Այդ օրը ռուս զինվորի դուբինկայի հարվածից ինձ ազատեց անգլերենիս դասախոս տիկին Գալստյանը` համարյա փախցնելով ու բարձրացնելով Իսահակյանի վրայի շենքերից մեկում ապրող իր ծանոթի բնակարան: Իսկ ուրիշ էլ որ տարիքում կարելի է հավատալ, որ հենց դու կարող ես փրկել երկիրդ ներխուժած տանկերից, եթե ոչ ուսանող տարիքում:

Գրելուց առաջ ուզում էի ճշտել, թե որ թվականն էր այդ մարտի 8-ն ու պարետային ժամը: Զանգեցի այն ժամանակ մեր համալսարանի 5-րդ կուրսի ուսանողներից մեկին, որն այսօր Երեւանում քաղաքական ու պետական ոլորտներում հայտնի դեմք է: Հարցնում եմ. «88-ն է՞ր, թե՞ 89-ը», պատասխանում է` «88-ն էր, որովհետեւ ես ձերբակալված էի»: Մենք արծիվ չէինք կարծում մեզ, մեզ ավտոբուսով չէին բերում, ձերբակալությունն անգամ հերոսություն չէր` այլ` անհաջողություն: Այդ թվերին ուսանողական շարժում կազմակերպողներից ոմանք այսօր կամ քաղաքականության մեջ են, կամ սպանված են պատերազմում, կամ սեփական մուտքի մոտ, կամ բանտում են` անհասկանալի, անըմբռնելի արարքի պատճառով: Համենայնդեպս, սերունդ էր, որ կարող էր գնալ Գերագույն խորհրդի դեպուտատի տուն ու համոզել, որ որոշում պետք է ընդունվի, ու մեզ լսում էին, ու գոնե ասում էին. «Կմտածենք»:

Թե ինչ եղավ հետո` տխուր վեպի նյութ է:

Գուցե այս զանգվածն այն գիտակից մասը չէ, որի հետ կարելի է համեմատել մեր ուսանողական շարժումը, բայց այդ դեպքում, ուսանողական գիտակից ու կրթված խավի հետ համեմատելու դեպքում տեսնում ես, որ վերջիններիս երազանքը երկրից դուրս կրթությունը շարունակելն ու ապրելն է: Իսկ ո՞վ կարող է մեղադրել այս որոշումը: Դժբախտաբար` չենք կարող, իրավունք չունենք:

Երկրին պատկանելու համար երիտասարդը չի զգում երկրի ձգողության ուժը, որովհետեւ լծակ չունի որեւէ օղակում երկրի նույնիսկ դժվար կյանքին մասնակից լինելու: Երկիրը դարձել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի բաժնետերը քչերն են:

Ինչպե՞ս կորավ ռուսական տանկերի դեմ դուրս եկող սերունդը: Տարբեր կերպ դասավորվեց նրանց ճակատագիրը: Բայց միանշանակ է, որ հետք թողեց երկրի պատմության մեջ, որովհետեւ ամենաանմիտ, միամիտ, պարզունակ բողոքը ինքնաբուխ էր, ազնիվ էր, հանուն արժանապատվության էր:

Երբ ազատության հրապարակի ասֆալտը քանդում էին, որ նորից պատեն` մտածեցի` մաքրեցին մեր հետքերը, ցրտին ու շոգին արժանապատվություն հարգել պահանջող սերնդի հետքը: Սենտիմենտալ միտք է, համաձայն եմ, բայց էլի անկեղծ զգացում էր` առանց սինթետիկ խառնուրդների:

Ուզում եք հազար երիտասարդական կառույց ստեղծեք` հրահանգով, ավտոբուսով մեծաքանակ տեղափոխությամբ, գումար խոստանալով, ամառային անվճար հանգիստ ապահովելով, բազե ու արծիվ անվանելով` դուք դրանով միայն ծիծաղելի եք, որովհետեւ առաջին իսկ ադի-բուդու կրպակը տանելու է նրանց հեռու` ինչքան էլ հետ կանչեք բարձրախոսով:

Հագցրեք, կերակրեք, կրթեք այդ խեղճ տղեկներին, որոնք ադի-բուդու կրպակին նայում են այնպես, ինպես վայել է նայել սիրած էակին, հասած բարձունքին, կրծքիդ խփած հերոսության մեդալին… հետո նոր, բայց շատ հետո` սկսենք մտածել, թե ժայռերի ծերպերին թեւերը փռած որ հավքին են նրանք նման: Մի սպանեք ժամանակից շուտ դեռ ոչինչ չտեսած տղեկներին, նրանք նույնքան արծիվ են, որքան դուք` ազնվական: Ծիծաղի առարկա եք սարքում ոչինչ չտեսած ու անվճար քաղաք հասնելու հեռանկարով երջանիկ տղեկներին:

Նրանք արծիվ չեն… սարյակ մի սպանեք…

Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

zham.am