Թուրքիան փոխանցել է Ադրբեջանին

10/03/2012

«Ադրբեջանն այն երկիրն է, որին Թուրքիան լավ է ճանաչում: Այն թյուրքական «Բալկաններից մինչեւ Չինաստան» աշխարհի մի մասն է, որը մեզ համար բացահայտեցինք սառը պատերազմի տարիներին: Ես լավ եմ հիշում Մոլդովայում հայտնված քրիստոնյա գագաուզ թյուրքերի առնչությամբ եղած թերահավատությունը: Շատ շուտով պարզվեց, որ միայն էթնիկ արմատները բավարար չեն արեւելյան եղբայրների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: Վերջերս ավարտված գների քարտեզագրումը ցույց տվեց, որ մենք մեր էթնիկ ազգականների հետ ընդհանուր բաներ այնքան էլ չունենք: Նաեւ պարզվեց, որ գենետիկական նմանություններ ունենք Անատոլուի ոչ թյուրք բնակչության հետ»,- «Today`s Zaman»-ում հրապարակած իր հոդվածում գրել է Չենգիզ Աքթարին: Անդրադառնալով 2009թ. Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Հարաբերությունների կարգավորման արձանագրությանը, Չ. Աքթարը նշում է, որ այն համարձակ նախաձեռնություն էր, ինչն էլ նշանակում էր, որ 90 տարվա մեջ առաջին անգամ թուրքական պետությունը փորձել է գնալ այլ ուղղությամբ: Սակայն, ըստ նրա` ավելի կարեւոր էներգետիկ պահանջները Թուրքիային ստիպեցին նախընտրել Ադրբեջանին: «Այդ նույն ժամանակ ծագեց նաեւ ԼՂ հիմնախնդիրը: ԼՂ-ի հարցով պայքարն Ադրբեջանի «հաղթանակից» հետո ավելի մեծ թափ ձեռք բերեց, եւ այդ հարցը ստացավ ադրբեջանական հասարակության աջակցությունը: Փետրվարի 26-ի ցույցն այդ ջանքերի գագաթնակետը դարձավ: Ցույցին աջակցում էր վարչապետը, եւ դա հանգեցնում է այն մտքին, որ Թուրքիայի կողմից տարվող հայկական ավանդական քաղաքականությունն ավելի ուժեղ է, քան երբեւէ: Եվ կարելի է եզրակացնել, որ Թուրքիան ամբողջապես Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի եւ հայերի նկատմամբ իր քաղաքականությունը: Մենք այդ մասին գրել ենք ամիսների ընթացքում: Շնորհիվ իր վերջին տնտեսական եւ դիվանագիտական հարաբերական հաջողություններին` Թուրքիան ավելի ինքնավստահ երկիր է թվում: Սակայն իրերի ընթացքի դասավորությունը ոչ մի լավ բան չի գուշակում: Օրինակ` անցյալ տարվա ապրիլի 24-ին զինվոր Սեւակ Բալըքչի սպանությունը, Հրանտ Դինքի գործով զայրացնող դատավճիռը, ոչ մահմեդականների նկատմամբ սադրանքների կտրուկ ավելացումը, «հաղթանակի» տրամադրությունը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից հետո, իսկ այժմ էլ` փետրվարի 26-ը»: