Աշխարհի 7000 լեզուներից առնվազն կեսը գլոբալացման հետեւանքով կարող է մեռնել: Սա Քեմբրիջի համալսարանի գիտնականների կարծիքն է: Նրանք նաեւ վստահեցնում են, որ ամեն տարի մարդկությունը միջինում կորցնում է 25 լեզու: Երբ վերջերս լրագրողների հետ հանդիպեց հայագետ Գեւորգ Յազիջյանը, ներկայացրեց մեկ այլ ուսումնասիրություն. ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մեռնող լեզուների մեջ է նաեւ արեւմտահայերենը: Թեեւ առավել վհատեցնողը պարոն Յազիջյանի հաջորդ դիտարկումն էր. «Հայերենը մեռնում է հենց իր հայրենիքում»: «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն ու մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում են` սա փոքր-ինչ չափազանցված, սակայն ոչ անհիմն տեսակետ է:
– Պարոգն Սարգսյան, լեզուն կենդանի է, երբ այն կիրառում են: Բարձր վարձատրվող աշխատանք մեր երկրում կարելի է գտնել կա՛մ միջազգային կառույցներում, կա՛մ այլ լեզուների գերազանց իմացությամբ: Իրականությունն այն է, որ հոգեբանական, տնտեսական գործոնները, ըստ էության, նվազեցրել են հայոց լեզվի դերը:
Վ.Ս. – Աստված մեզ տվել է աստվածային մի լեզու: Շատ բան ենք կորցրել, սակայն մեզ միավորող միակ բանը` լեզուն, պահել ենք: Կա մի քանի տեսակետ` ա) լեզուն ձեռքից գնում է, պիտի փրկել, եւ բ) կարող ենք հանգիստ նստել. 5-6000 տարի հայերենը կա, մի այդքան էլ դեռ կլինի: Երկուսն էլ ծայրահեղ տեսակետ են: Լեզուն աճող, կենդանի օրգանիզմ է, եւ յուրաքանչյուր հայ մարդ, ըստ էության, ամենօրյա իր խոսքի մեջ ստեղծում է լեզու: Սակայն լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, դա արվեր պետականորեն: Կար Լեզվի պետական տեսչություն (ԼՊՏ), կար Հայերենի բարձրագույն խորհուրդ, որն օրենսդիր մարմին էր եւ կարողանում էր այս թե այն չափով կանոնակարգել լեզվում գոյացող նորաբանությունները:
– Ասացիք` կար Լեզվի պետական տեսչություն: Այդ կառույցի, ինչպես նաեւ Տերմինաբանական կոմիտեի գոյության մասին միշտ անցյալ ժամանակով ենք հիշում: Դրանք Ատլանտիդան են հիշեցնում` բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի տեսել:
Վ.Ս. – Երբ ժամանակին ԳԽ-ն օրենք ընդունեց Լեզվի մասին, այն կիրառելու համար ստեղծվեց ԼՊՏ-ն, որպեսզի կենսագործի այդ օրենքի բոլոր դրույթները: Այսօր էլ կա, բայց ԿԳ նախարարության ստորաբաժանումներից մեկն է ընդամենը` աննշան ֆունկցիայով` վերահսկել ցուցանակները, տուգանքներ նշանակել եւ նման էլի մի քանի գործառույթ:
– Սամվե՛լ, Ժամանակին, մեծերի (եւ ոչ միայն նրանց) գրած նամակներն այսօր համարվում են արժեքավոր գեղարվեստական, փիլիսոփայական նմուշներ: Այսօր դժվար է պատկերացնել մեկին, ով համակարգչի առաջ նստած` մտածում է` ինչպես գրագետ, գեղեցիկ շարադասությամբ ձեւակերպի մտքերը: Ավելի՛ն, ինչպես անի, որ մտքերը բովանդակություն ունենան:
Ս.Մ. – Թույլ տվեք հեռվից սկսել. հայոց լեզուն այսօր ոչ միայն ետընթաց չի ապրում, այլեւ շատ ամուր դիրքեր ունի: Խորհրդային շրջանում մաքուր հայերենով գրեթե ոչ ոք չէր խոսում. խոսում էինք ինչ-որ այլանդակ խառնուրդ-լեզվով: Ես ռուսական դպրոց եմ ավարտել, եւ հայերենն ինձ համար ավելի օտար էր, քան անգլերենը: Այսօր համացանցում հայերենը մոդայիկ է դարձել, իսկ 7-8 տարի առաջ համացանցում հայերենով գրելը երկրորդական խնդիր էր դիտվում: Բավարար չէ տվյալ լեզվով խոսելը կամ գրելը: Այն պետք է նաեւ գեղեցիկ, գրագետ ձեւակերպված լինի: Երեխաներն այսօր աճում են չինովնիկների լեզվի վրա, որն անտանելի մի բան է, կասեի` կռտած լեզու, եւ մյուս կողմից` լսում են ժարգոնային, բռի լեզուն, որը գալիս է սերիալներից: Այս երկու հայերենն էլ խորթ է նորմալ մարդուն: Ինչ վերաբերում է նամակներին, ապա առաջ մարդիկ նամակներ հաճախ չէին գրում, իսկ այսօր մենք ստիպված ենք օրական 50 եւ ավելի նամակներ գրել: Բնական է` դա անում ես արագ, հապճեպ, կրճատումներով: Առաջ դպրոցներում անցնում էին վայելչագրություն առարկան: Այսինքն` ժամանակին մարդիկ մտածում էին, որ լեզվով պետք է ոչ միայն գեղեցիկ խոսել, այլեւ գրել:
Վ.Ս. – 1922-ին բոլշեւիկներն ուզում էին ստեղծել համամիութենական լեզու. բոլորի լեզուն պետք է փոխեին, անցնեին լատինատառի: Փառք Աստծու, այդ ծրագիրը ձախողվեց: Ես ֆեյսբուքով փոքրիկ հարցախույզ արեցի` ինչո՞ւ են գրում լատինատառ: Մի մասն ասաց. «Որովհետեւ հեռախոսից են օգտվում, իսկ դրանք հայատառ ծրագիր չունեն»: Այսօր համակարգչի թելադրանքով, մեր ղեկավարության ոչ համարժեք մոտեցման պատճառով, վտանգի տակ է մեր ազգային անվտանգությունը: Այս դեպքում` լեզուն: Մենք ունենք հարուստ լեզու, սակայն միջին վիճակագրական հայը սահմանափակվում է 200-300 բառերով: Դա գալիս է երգերից, որոնց բառապաշարը 100-120 բառից այն կողմ չի անցնում` «գիշեր-թշեր», «պաչել-հաչել»:
Ս.Մ. – Տեսեք, մեր եկեղեցին մեզ գիր տվեց, մեր եկեղեցին այսօր մեզ տաղավար տոներին շնորհավորում է լատինատառ: Պարտադրվա՛ծ, որովհետեւ մեր երկրում չկա մեսրոպատառ կարճ հաղորդագրություն ուղարկելու, գրելու հնարավորություն: Այսօր կառավարությունը, ցանկության դեպքում, կարող է այդ հարցը լուծել` պայմանավորվել տեխնիկա ներկրողների հետ, որպեսզի ներկրվող տեխնիկան ունենա նաեւ հայատառ գրելու հնարավորություն: Որքա՞ն երկար պիտի մարդկանց բացատրես` ինչպես իրենց հեռախոսում կամ ipad-ում հայատառ ծրագիր դնեն, երբ սոցցանցերից օգտվողների մեծ մասը, ռուսերեն ասած, չայնիկ են:
– Ներեցեք, ինչ ե՞ն:
Ս.Մ. – Չայնիկ: Այսինքն` սկսնակներ:
– Նշեցիք, որ եկեղեցին տաղավար տոներին հաղորդագրություններն ուղարկում է լատինատառ: Ավելի ընդունելի եք համարում, որ եկեղեցին չուղարկի՞ այդ հաղորդագրությունները:
Վ.Ս. – Եկեղեցին պարտավոր էր ահազանգել, որպեսզի կառավարությունը համապատասխան որոշումներ ընդունի` ներկրողներին պարտադրի բերել այնպիսի հեռախոսներ, ուր հայերենը ներառված է ծրագրում:
Ս.Մ. – Տեսեք, սննդամթերք` առանց հայատառ մակնշումների, հնարավոր չէ վաճառել: Պետք է հասկանալ, որ կա խնդիր, եւ գտնել լուծումներ: Այսքան տարիների ընթացքում կարելի էր հասկանալ:
Վ.Ս. – Տնտեսական պատժամիջոցների վախով ստիպեցին հայերեն մակնշումներ փակցնել մթերքի փաթեթներին, ինչո՞ւ նույնը չանել հեռախոսների դեպքում: Ինչո՞ւ իմ թոռնիկները չպիտի կարողանան գրել` «ձեզ», այլ պետք է գրել` «դզեզ»: Եվ այդպես էլ գրում են հայատառով` դզեզ:
– Գուցե դա այնքա՞ն էլ եկեղեցու իրավասությունը չէ, առավել եւս, եթե Լեզվի պետական տեսչությունը, թող որ ինչ-որ գերատեսչության կազմում, սենյակ է զբաղեցնում: Ինչ վերաբերում է սոցցանցերի լեզվին, ապա այսպիսի օրինաչափություն եմ նկատել` եթե գրում են ռուսերենով, պահպանվում են գրագիտության բոլոր չափանիշները:
Ս.Մ. – Հայերենում լուրջ տարբերություն կա գրական եւ խոսակցական լեզուների միջեւ: ՌԴ-ում Պուշկինը, Պուտինը եւ Վասյա Պուպկինը խոսում են գրեթե նույն լեզվով: Ռուսերենը, անգլերենը զարգանում են այլ օրինաչափությամբ, հայերենն` այլ: Գուցե գրական եւ խոսակցական լեզվի անջրպետը փոքրանար, եթե գրականությունը քայլ աներ դեպի խոսակցականը եւ խոսակցականը մոտեցներ գրականին: Սակայն դա նշանակում է, որ ժողովուրդը պետք է շատ կարդացող, գրող լինի: Ինչը, գիտենք, այդպես չէ:
– Մամուլում հրապարակումներ եղան, որ մեր շատ պաշտոնյաներ միմյանց հետ խոսում են ռուսերեն: Այդ պաշտոնյաներից մեկը երկրի մշակույթի նախարարն էր:
Վ.Ս. – Պետական պաշտոնյաները պետք է գիտակցեն իրենց դերը: Բավական էր ժամանակին առաջին նախագահը «պրեզիդենտ» բառի փոխարեն ասեր «նախագահ», հասարակությունն էլ հաջորդ օրվանից գործածեց այդ բառը: Պետական պաշտոնյան եթե ինքը չի սիրում իր լեզուն, առօրյայում, պաշտոնական շփումներում խոսում է ռուսերեն, լուրջ խնդիր է:
– Հայերենը չափազանց հարուստ, դյուրաթեք լեզու է: Այսօր ստեղծվում են դարձվածքներ, արտահայտություններ, որոնք ունեն հայերեն համարժեքը, սակայն սարսափելի մեծ կիրառություն ունեն: Օրինակ` ինձ համար անհասկանալի «դեմքին թռնել» արտահայտությունը…
Ս.Մ. – «Դեմքին թռնել» նշանակում է… դե, ոնց ասեմ, դեմքին թռնել, էլի…
Վ.Ս. – «Դեմքին թռնել» նշանակում է` հակադարձել, նաեւ հարձակվել: Ժողովուրդն այդ արտահայտությունը ստեղծել է, եւ դրա մեջ որեւէ վատ բան չկա: Գիտե՞ք, կարծում եմ` «լռվել», «ինձ բացեց», «ղժժալ» արտահայտությունները, որոնք ավելի պատկերավոր են դարձնում խոսքը, կմնան:
Ս.Մ. – Նման արտահայտություններ ստեղծում են երեխաները: Նրանց մոտ ինչ-որ չարտահայտված բողոք կա. նրանք ցանկանում են փոփոխել այն լեզուն, որ ավագները, իրենց կարծիքով, փաթաթում են իրենց վզին: Եվ դպրոցն էլ խնդիր ունի: Բարձր դասարաններում կենդանի լեզու սովորելու փոխարեն` մեռած լեզու են սովորում: Բարդագույն կետադրություն, թեստերը գերմարդկային բարդություն են կրում: Երեխաները, որ ստիպված են թեստերին պատրաստվել, արդեն հակակրանքով են լցվում սեփական լեզվի հանդեպ:
Վ.Ս. – Որպեսզի գրական եւ խոսակցական լեզուները մոտենան, երեխաները պետք է սնվեն գեղարվեստական գրականությունից, մշակույթից: Երեխաները սնվում են սերիալներից, փողոցի լեզվից:
Ս.Մ. – Նույնն էլ հայ ժողովրդի պատմության դասագրքերն են հակակրանք առաջացնում սեփական պատմության հանդեպ:
Վ.Ս. – 90-ականների սկզբին ստեղծվեցին թեստերը: Դրանց հիմնական նպատակն այն էր, որ այդ թեստերով ստուգվեն երեխաների հիմնական գիտելիքները դպրոցում, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ` թեստերով սկսեցին ուսուցանել լեզուն: Իսկ սա անհեթեթություն է: Երեխաներին լեզու սովորեցնելու համար շարադրություններ, փոխադրություններ են անհրաժեշտ: Սրանք հին, փորձարկված եւ իրենց արդարացրած մեթոդներ էին: Ստացվեց այնպես, երբ մի ստորակետը քեզ համար կարող է ճակատագրական լինել: Թեեւ հիմա հակառակ միտումն էլ կա, որ որեւէ խոչընդոտ բուհ ընդունվելու համար չլինի: Ես դեմ եմ, քանի որ դա մեր հասարակությանը կտանի դեգրադացիայի: Երբ ուսման առջեւ կար խոչընդոտ` երեխան պիտի դպրոցի քննություն հանձնի, ավարտական, հանձներ բուհական քննություններ, կար գիտելիք ձեռք բերելու մոտիվացիա: Հիմա ասում են` ով ցանկանում է, թող ընդունվի, հետո առաջին կուրսից կմաղենք: Դա բացարձակ սուտ է: Աչքակապություն: Ով ընդունվեց, նա տարեկան 2000-3000 դոլար գումար է վճարում: Ո՞վ նրանց կհեռացնի:
– Դուք թերեւս մեր իրականությունը նկատի ունենալով եք նման կարծիք հայտնում: Սակայն աշխարհի փորձն այլ է: Հիշենք` ինչպես Հրաչյա Աճառյանն ընդունվեց Սորբոնի համալսարան: Նա որեւէ քննություն չհանձնեց: Հակառակը` ներկայացրեց այն առարկաների ցանկը, որը ցանկանում էր ուսումնասիրել, եւ համալսարանը պարտավորվեց գտնել համապատասխան դասախոսների: Զրույցի ավարտին խնդրում եմ պատասխանել` եզրակացությունը, թե գլոբալացումը լեզուների կեսից ավելին կուղարկի պատմության գիրկը, որքանո՞վ է վտանգավոր հայոց լեզվի համար:
Վ.Ս. – Վերացնել որեւէ լեզու, կնշանակի` վերացնել ազգը: Իսկ ազգը վերացնելը հեշտ բան չէ: Գլոբալիզացիայի մշակութային հարձակումների բացասական երեւույթների դեմ փոքր ազգերը պարտավոր են պայքարել` պաշտպանելով իրենց ինքնությունը` լեզուն, հավատը, սահմանները:
– Սամվելը, վստահ եմ, կասի` քանի կա համացանցը, կլինի նաեւ հայոց լեզուն:
Ս.Մ. – Պատմական տրամաբանությունից ելնելով` մենք մի 1000 տարի է` չպետք է լինեինք: Հետո` մենք առնվազն մի երեք գլոբալիզացիայով արդեն անցել ենք` սկսած Մակեդոնացու գլոբալիզացիայից: Ինչ վերաբերոմ է` կկորչի՞ հայերենը, թե՞ ոչ, միայն կասեմ` մեր լեզուն շատ տարօրինակ հատկություն ունի. Հայաստանում, Լիբանանում երբ մեկը հայերեն է խոսում, պարզվում է` ինքը հայ չէ, հայ է հարեւանը…