Երեկ ՀՀ կառավարությունը լիազորել է Երեւանի քաղաքապետին` քանդել Վազգեն Սարգսյան-3 հասցեում գտնվող Արդարադատության նախարարության նախկին, այրված շենքը (3176 քառ. մետր մակերեսով): Կքանդվի նաեւ հարակից` Զաքյան փողոցի N2/1 հասցեում գտնվող կաթսայատունը եւ լաբորատոր շենքը: Փոխարենը կառուցվելու է նոր շենք, որի մակերեսը նախկինի համեմատ մոտ 2 անգամ ավելի կլինի: Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե այդ նորակառույց շենքում են տեղակայվելու ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները: «Այս ճարտարապետական լուծումները խոստացել էինք, որ հրապարակային կներկայացնենք հանրությանը: Առաջին քայլն ենք անում այդ ուղղությամբ, 2 անգամ ավելի շատ տարածք կստանանք»,- ասել է նա: Ի դեպ, դեռեւս հայտնի չէ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳ նախարարության ներկայիս շենքին: Հիշեցնենք, որ արդեն իսկ խոսակցություններ կան, որ այն վաճառվելու է օլիգարխներից մեկին, որն էլ պատրաստվում է այն հյուրանոցային համալիր դարձնել: