Հասարակայնության PR մասնագետների հայաստանյան ասոցիացիան (APRA) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը (UNICEF) նախաձեռնել են «Երեխաները հայ լրագրողի աչքերով» թեմայով մրցանակաբաշխություն: Մայիսի 1 – հոկտեմբերի 30-ը հանրապետական նշանակության էլեկտրոնային եւ տպագիր մամուլին հետեւելով՝ PR ասոցիացիայի փորձագետներն ընտրել են այն լրատվամիջոցները եւ լրագրողներին, որոնք առավել հետեւողական են անդրադարձել երեխաներին վերաբերող թեմաներին: Մոնիտորինգի արդյունքների վերջնական գնահատումն իրականացրել է ժյուրին, որի կազմում եղել են ԶԼՄ-ների հեղինակավոր կազմակերպություններ, երեխաների իրավունքի եւ կրթության ոլորտի փորձագետներ, UNICEF-ի եւ APRA-ի փորձագետներ: Սահմանվել էր 10 մրցանակ: Տարբեր անվանակարգերով մրցանակի արժանացան Հանրային եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները, «Առավոտ» եւ «168 Ժամ» թերթերը: «Հետեւողականության համար» մրցանակ ստացավ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Արմինե Օհանյանը, «Թեման հրատապ արծարծելու» համար՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Արշակյանը, «Լրագրողական հետաքննության համար»՝ «168 Ժամ»-ի լրագրող Արմինե Ավետյանը: Մրցանակներ ստացան Հ2 հեռուստաընկերությունից լրագրող Հրածին Սաֆարյանը, «Առավոտ»-ից՝ Հասմիկ Բուդաղյանը, «Նովոյե վրամյա» թերթից՝ Վալերիա Զաքարյանը: Հատուկ մրցանակի արժանացավ մանկապատանեկան «Հայրենիք» հեռուստաընկերությունը:
Սեփ.Լր.