Երեւանը հավատում է արցունքներին

08/03/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նախորդ օրերին Հայաստանի ողջ բնակչությունը համակ ուշադրությամբ հետեւում էր ՌԴ նախագահի ընտրություններին։ Թերեւս` ոչ պակաս ուշադրությամբ, քան սեփական երկրի ընտրությունների ժամանակ։ Այն, որ մեզ՝ հայերիս համար, ՌԴ ներքաղաքական վիճակն ու ընտրությունների արդյունքները անչափ կարեւոր են, գաղտնիք չէ։ Պատճառը միայն բարոյահոգեբանական չէ, որ հայերն անհանգստանում եւ հետաքրքրվում են իրենց դարավոր եղբոր ճակատագրով։

Կան նաեւ ավելի իրատեսական գործոններ։ Վերջին օրերին տարբեր փորձագետներ փորձում էին այս երեւույթին բացատրություն գտնել։ Կային թե՛ աշխարհաքաղաքական մեկնաբանություններ (ՌԴ դերը տարածաշրջանում, այդ երկրի քաղաքական կուրսն ու դրա ազդեցությունը կովկասյան տարածաշրջանի վրա), թե ԼՂ խնդրին առնչվող, եւ թե՛ զուտ Հայաստանի ներքաղաքական ասեկոսեներին վերաբերող մեկնաբանություններ (օրինակ՝ Պուտինի ընտրվելը Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ կապելը)։

Սակայն Հայաստանում այդ աստիճանի «խորանում են» քչերը։ Հայաստանցիների մեծամասնությունը Ռուսաստանի հանդեպ ընդգծված հետաքրքրություն ունի առաջին հերթին` տնտեսական, անձնական պատճառներով։ Առաջին հերթին, նկատի ունենք մասնավոր տրանսֆերները, որոնք Հայաստանի քաղաքացիները ստանում են ՌԴ-ում աշխատող իրենց բարեկամներից։ Մի քանի տվյալներ բերենք, որոնք ավելի պարզորոշ ցույց կտան հայաստանցիների հետաքրքրության եւ անհանգստության պատճառները։

2011 թ.-ին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առեւտրային նպատակով կատարված դրամական փոխանցումների ծավալը, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, կազմել է 1 միլիարդ 547 միլիոն դոլար։ Դրա առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին. 1 միլիարդ 295 միլիոն դոլար (ընդհանուր փոխանցումների շուրջ 84%-ը)։

Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ թիվ է, նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում տնային տնտեսությունների համախառն սպառումը տարվա կտրվածքով կազմում է շուրջ 1.5 տրիլիոն դրամ կամ 4-4.2 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ մեկ այլ երկիր անուղղակիորեն ապահովում է Հայաստանի ներքին սպառման 30%-ը։ Եվ որքան էլ նրա հետ դարավոր բարեկամություն լինի, նման ցուցանիշը բավական վտանգավոր է, քանի որ չկան դարավոր բարեկամներ, կան դարավոր շահեր։ Նշենք, որ 2005-2011թթ.՝ 7 տարվա ընթացքում, ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձինք արտերկրից ստացել են 8 միլիարդ 633 միլիոն դոլար, որի մեծ մասը կրկին բաժին է ընկնում Ռուսաստանին։ Եթե այս թվերը հիմա ընկալվում են որպես վիճակագրություն, ապա ՌԴ-ից (եւ այլ երկրներից) այդ գումարները ստացող մարդկանց համար դրանք ավելի առարկայական նշանակություն ունեն՝ հանդիսանում են գոյատեւման միջոց։ Եվ Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է առաջին հերթին գոյատեւման միջոցների, դրանց շարունակականության վերաբերյալ ունեցած անհանգստություններով։ Այսինքն՝ ՀՀ բնակչության մի ստվար մասը ՌԴ ներքաղաքական զարգացումներին հետեւում է՝ առաջին հերթին, մտքում ունենալով հետեւյալ հարցը՝ ինչպե՞ս դա կազդի այդ երկրում աշխատող իրենց բարեկամների աշխատանքի եւ կյանքի պայմանների վրա։ Իսկ նախագահի դերն այդ հարցում մերոնք բավականին կարեւորում են։ Ի՞նչ կլիներ Ռուսաստանի տնտեսության եւ դրսում աշխատող միգրանտների հետ, եթե ընտրվեր ոչ Պուտինը։ Տարբեր թեկնածուների նախընտրական ծրագրերի վերլուծություն, բնականաբար, Հայաստանի քաղաքացիները չեն արել (այն էլ` ուրիշ երկրի համար)։ Սակայն մարդիկ հիմնվում են նախկին փորձի վրա։ 2000-ականների սկզբին էներգակիրների գները թռիչքաձեւ աճ ունեցան, ինչը լցրեց ՌԴ գանձարանն ու թույլ տվեց զգալիորեն բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, մասնավորապես, աշխատավարձերի ու թոշակների ավելացման միջոցով։ Այս շրջանը համընկավ Պուտինի նախագահության առաջին շրջանի հետ, եւ, բնականաբար, դրական արդյունքները վերագրվեցին հենց նրան։ Այնպես որ, չնայած Պուտինի ընտրվելը ոմանք մեկնաբանում են որպես ժողովրդավարացման ճանապարհին ետընթաց, մեր հայրենակիցներից շատերը ներքուստ բավարարված են ընտրության արդյունքներով, քանի որ իրենց ապահով են զգում։ Պարզ ասած՝ շարժվում են «փորձված թանի» տրամաբանությամբ։

Իսկ ռուսները (ոչ թե ՌԴ իշխանությունները) նույնքան հետաքրքրությամբ հետեւո՞ւմ են հայաստանյան ընտրություններին։ Բնականաբար` ոչ։ Ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը գերտերություն է եւ ոչ մի այլ երկրի օգնության կարիքը չունի։ Նաեւ զուտ այն պատճառով, որ Ռուսաստանի քաղաքացիների մեկ երրորդը հույսը չի դրել հայաստանում աշխատող իրենց հայրենակիցների ուղարկած գումարների վրա։

Ի դեպ, այս վիճակագրությունը մտքում ունենալով՝ շատերը գրեթե չեն հավատում, որ Հայաստանը երբեւէ կկարողանա դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տիրույթից եւ շարժվել դեպի Եվրոպա։ Եթե մինչ ՌԴ նախագահական ընտրությունները ոմանք թաքուն հույս ունեին, որ այնտե՛ղ մի բան կփոխվի, եւ եվրոպական արժեքներին կմոտենանք գոնե Ռուսաստանի հետ միասին, ապա այժմ այդ հույսերն ի չիք են դառնում` գոնե տեսանելի ապագայում։ Մի ժամանակ անեկդոտ էր շրջում, որ Հայաստանի իրական նախագահը Պուտինն է, քանի որ

ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Սրան կարելի է ավելացնել, որ ՌԴ-ն հայերի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ է ապահովում, քան Հայաստանի Հանրապետությունը։

Սակայն, մյուս կողմից, միգրանտների եւ Ռուսաստանից ստացվող տրանսֆերների դերը գերագնահատել չի կարելի։ Կրկին պետք է բերենք մեր հարեւանի՝ Վրաստանի օրինակը։ Վրացիների թիվը ՌԴ-ում այնքան մեծ չէ, որքան հայերինը, սակայն փոքր էլ չի։ Ըստ տարբեր գնահատականների, Ռուսաստանում մշտապես բնակվող եւ պաշտոնապես գրանցված վրացիների թիվը տատանվում է 200 հազար հոգու սահմաններում, սակայն փաստացի Ռուսաստանում գտնվում եւ աշխատում է 500.000-1.000.000 վրացի։ Բնականաբար, նրանք նույնպես դրամական փոխանցումներ են կատարում իրենց հայրենիք։ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, 2011թ. ընթացքում Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 1 միլիարդ 268 միլիոն դոլար, որից մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Փոքր տնտեսության համար դա լուրջ գումար է, որը կարող էր որպես լծակ օգտագործվել։ Սակայն վրացիներին դա չի անհանգստացնում։ Նրանք գնալով ավելի են մոտենում Եվրոպային, իսկ տրանսֆերները, որքան էլ զարմանալի է, շարունակում են Ռուսաստանից գալ։