Յուրաքանչյուր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո որոշ գործիչների համար նոր հնարավորություններ են ստեղծվում իշխանական բուրգում առաջ գնալու համար: Բնականաբար, կա նաեւ հակառակ գործընթացը, երբ բուրգի վերին գագաթներում կանգնած մարդիկ գահավիժում են` իհարկե, նորից վեր բարձրանալու անթաքույց ակնկալիքներով:
Իսկ իշխանական բուրգն այնպիսի մոգական հատկություն ունի, որ անգամ գահավիժածներին մինչեւ վերջ պահում է իր ստորոտում` չկտրելով այն հույսը, թե մի օր նորից վեր բարձրանալու հնարավորություն կտա: Բնականաբար, ընտրություններից հետո հաղթած ուժը կամ ղեկավարը թարմացնում է այդ բուրգը` իր կողքին հավաքելով հավատարիմ մարդկանց: Իշխանական համակարգն այս նույն սպասումներով է դիմավորում առաջիկա խորհրդարանական ընտրությունները` իհարկե, վերհիշելով 2007-2008թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո կադրային խոշոր ու աղմկոտ փոփոխությունները: Այս համատեքստում հատկապես նախագահական ընտրություններից հետո անկումներն ու վերելքները բավականին տպավորիչ են եղել: Ընդ որում` այդ գործընթացն առավել ակնառու էր Հանրապետական կուսակցության պարագայում, քանի որ այս կուսակցությունն էր իշխող ուժը, եւ հիմնական պաշտոնները զբաղեցնում էին ու են նրա ներկայացուցիչները:
Եվ այսպես` այս առումով առաջին աղմկահարույց դեպքը տեղի ունեցավ 2008թ. աշնանը, երբ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ճնշմամբ իր բոլոր պաշտոններից հրաժարական տվեց ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ եւ ԳՄ անդամ Տիգրան Թորոսյանը, որպեսզի նրա փոխարեն նշանակվի Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Տ.Թորոսյանը, թերեւս, այն եզակի ՀՀԿ-ականներից էր, ով հրաժարական տալով` միաժամանակ` դուրս եկավ այդ կուսակցությունից` այն դեպքում, երբ կանգնած էր նրա ստեղծման ակունքներում: Վերջինս նաեւ իր մյուս կուսակիցների նման հրաժարականի այլ պատճառներ չներկայացրեց` իրականը քողարկելու համար, ու հեռացավ պատվախնդրորեն: Այն ժամանակ շրջանառվող տեղեկությունների համաձայն` Ս.Սարգսյանը Տ.Թորոսյանին առաջարկել էր այլ պաշտոններ` Սփյուռքի նախարար, դեսպան եվրոպական որեւէ երկրում, եւ այլն, բայց վերջինս իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից վիրավորված` հրաժարվել էր բոլոր առաջարկներից:
Երկրորդ աղմկոտ հրաժարականը տեղի ունեցավ 2010թ. դեկտեմբերի 8-ին, երբ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հեռացավ Գագիկ Բեգլարյանը: Վերջինս, ճիշտ է, այդ կուսակցության հնաբնակներից չէր, սակայն վերջին համապետական ընտրությունների ժամանակ համարվում էր ՀՀԿ-ի «ծանր հրետանիներից» մեկը: Եվ սկսած Գ.Բեգլարյանից, հաջորդ աղմկոտ հրաժարականները պայմանավորված էին քաղաքական դաշտում որոշակի ինքնուրույն, ավելի շուտ` ՀՀԿ-ի ու Ս.Սարգսյանի ցանկություններին ոչ հարիր քայլեր անելու պատճառաբանություններով: Գ.Բեգլարյանի դեպքում կարծիք կար, թե նա Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ ծրագրում է ստեղծել «Երեւանցիներ» անվանմամբ մի կազմակերպություն, որը բավականին հզոր էր լինելու, պետք է վայելեր քրեական հեղինակությունների օժանդակությունն ու այդպիսով սպառնալիք էր լինելու իշխանությունների համար: Իրականում, ասում են, հենց սա է եղել Երեւանի նախկին քաղաքապետի հրաժարականի պատճառը, թեեւ այն առերեւույթ պայմանավորվեց Ս.Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդանյանին ապտակելու պատճառաբանությամբ: Մինչ այժմ, սակայն, ՀՀԿ-ի կայքում Գ.Բեգլարյանը մնում է որպես Երեւանի քաղաքապետ, նրա կենսագրության մեջ նշված է, որ ընտրվել է 2009թ. մայիսի 31-ին, սակայն հրաժարականի մասին որեւէ տեղեկություն չկա:
ՀՀԿ-ում երրորդ աղմկոտ եւ անակնկալ հրաժարականն անցած տարվա սեպտեմբերին տվեց Ս.Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Որոշ կարծիքների համաձայն` նրա հրաժարականի հիմնական պատճառներից մեկը վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանի հետ ունեցած հակասություններն էին:
Այս շարքի չորրորդ խոշոր հրաժարականը հայտնի դարձավ անցած տարեվերջին, երբ նոյեմբերի 1-ին կուսակցության խորհրդի նիստի ժամանակ տասնյակ բարձրաստիճան ՀՀԿ-ականներ սպասում էին, որ Ս.Սարգսյանը կհայտարարի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության մասին: Ասում են` բոլորը հայտնվել են շոկի մեջ, երբ նրա փոխարենը հնչել է Հովիկ Աբրահամյանի անունը: Վերջինիս հրաժարականը անսպասելի է եղել, որովհետեւ տարեվերջին տեղի ունեցած ու սպասվող հրաժարականների շքերթի մեջ նրա անունը չի շոշափվել: Ասում են նաեւ, որ հրաժարականի այդ պահանջը Ս.Սարգսյանը շաբաթներ առաջ էր ներկայացրել Հ.Աբրահամյանին, բայց վերջինս դիմադրել է: Նա տեղի է տվել, երբ ընդամենը մեկ օր առաջ հրաժարական է տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ու նրա փոխարենը նշանակվել է Վլադիմիր Գասպարյանը: Ասում են` նոր ոստիկանապետի անձը սթափեցրել է ԱԺ նախագահին: Ինչեւէ: Հ.Աբրահամյանը ՀՀԿ-ի իշխանության բոլոր ու հատկապես վերջին տարիներին եղել է վարչապետի պաշտոնի համար պայքարող հիմնական թեկնածուներից մեկը: Այդ իսկ պատճառով նրա հարաբերությունները նույնպես լարված էին Տ.Սարգսյանի հետ. դա լավագույնս դրսեւորվում էր Կառավարություն-ԱԺ հարաբերությունների ժամանակ: Վերջին երկու դեպքերում խնդիրը միայն այն չէ, որ Տ.Սարգսյանը հաղթեց պոտենցիալ մրցակիցներին: Թե Կ.Կարապետյանի եւ թե Հ.Աբրահամյանի դեպքում կային նաեւ այլ խնդիրներ, երկուսն էլ քավոր-սանիկական ու խնամիական կապեր ունեն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ (Կ. Կարապետյանի եղբայրը` Սամվել Կարապետյանը, Գ. Ծառուկյանի եւ Հ. Աբրահամյանի երեխաների հարսանիքի քավորն է): Եվ այդ կապերի ու շփումների պատճառով, ըստ շրջանառվող խոսակցությունների, Ս.Սարգսյանի մոտ անվստահություն է առաջացել: Չէ՞ որ, ավելի, քան մեկ տարի է, սրված են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները, եւ պարբերաբար կոալիցիոն հուշագրեր ու հայտարարություններ ստորագրելուց հետո անգամ Ս.Սարգսյանը վստահություն չունի, որ այդ կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ կպաշտպանի իր թեկնածությունը: Հավանաբար ապահով զգալու համար` նա իշխանական բուրգից հեռացնում է ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող մարդկանց:
Ահա սրանք վերջին հնգամյակում ՀՀԿ-ի նախկին ու ներկա անդամների չորս աղմկահարույց հրաժարականներն էին, որոնց կարելի է «հակադրել» չորս սրընթաց վերելքները: Առաջինը, թերեւս, կարելի է նշել Սամվել Նիկոյանի անունը, ով 2007թ. ԱԺ մտավ` որպես շարքային պատգամավոր եւ ավարտին դարձավ ԱԺ նախագահ: Ս.Նիկոյանը նախ դարձավ ՀՀԿ խմբակցության քարտուղարը, իսկ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո զուգահեռաբար դարձավ այդ իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը: Իհարկե, դա պաշտոն կամ առաջխաղացում չէր, ավելի շուտ պատիժ կարելի էր համարել, սակայն, այն նշանակություն ունեցավ Ս.Նիկոյանի հետագա վերելքի հարցում: Հանձնաժողովի աշխատանքների ավարտին զուգահեռ` նա ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Բայց Ս.Նիկոյանը չէր կարող ԱԺ փոխնախագահ դառնալ, եթե 2009թ. ապրիլին ՀՅԴ-ն դուրս չգար կոալիցիայից, եւ Վահան Հովհաննիսյանը հրաժարական չտար այդ պաշտոնից: Թեեւ ՀՀԿ-ում այդ պաշտոնի հավակնորդներն էլ քիչ չէին` թեկնածունների թվում շրջանառվում էին Էդուարդ Շարմազանովի, Գալուստ Սահակյանի անունները: Վերջինիս անունն, ի դեպ, միշտ քննարկվում է տարբեր թափուր պաշտոնների առաջացման ժամանակ` ԱԺ փոխնախագահ եւ նախագահ, Կրթության եւ գիտության նախարար, վերջերս` անգամ վարչապետ: Իսկ արդեն ԱԺ նախագահի պաշտոնի դեպքում Ս.Նիկոյանի համար երաշխիք հանդիսացավ նրա` Ս.Սարգսյանին հավատարիմ լինելու հանգամանքը: Այսինքն` այն, որ տարբեր թեւերի բաժանված ՀՀԿ-ում Ս.Նիկոյանը ոչ թե Հ.Աբրահամյանի, այլ Ս.Սարգսյանի թիմում է: Հատկապես, որ նա Հ. Աբրահամյանի նման վարչապետ դառնալու հավակնություններ չունի: Իսկ նախընտրական այս լարված շրջանում Ս.Սարգսյանին անհրաժեշտ էր, որ ԱԺ-ն ունենա ոչ թե Հ.Աբրահամյանի նման հավակնոտ, այլ Ս.Նիկոյանի նման վստահելի նախագահ: Այս հանգամանքն իշխանությունների համար կարեւոր կլինի նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո, որն, իր հերթին, նախընտրական է նախագահական ընտրությունների համար: Այնպես որ` չի բացառվում, որ Ս.Նիկոյանը պաշտոնավարի մինչեւ 2013թ. նախագահական ընտրությունները:
Հաջորդ խոշոր վերելքը կարելի է համարել Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի նշանակումը: Հիշեցնենք, որ նրա անունը նույն պաշտոնի համար շրջանառվում էր նաեւ 2009թ. դեկտեմբերին, երբ հրաժարական տվեց Գ.Բեգլարյանը: Սակայն այդ ժամանակ նշանակվեց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, բայց ընդամենը 1 տարի հետո Տ.Մարգարյանն, ի վերջո, դարձավ Երեւանի քաղաքապետ: Ավելորդ է ասել, որ սա բավականին բարձր, նախագահից հետո` ընտրովի երկրորդ պաշտոնն է: Եվ եթե նախագահին ընտրում են ընտրողները, ապա Երեւանի քաղաքապետին` ընտրողների գրեթե կեսը, ընդ որում` քաղաքականապես ակտիվ ընտրողները: Թեեւ Երեւանի քաղաքապետն ընտրվում է ոչ թե ուղղակի ընտրությունների, այլ արդեն ընտրված ավագանու անդամների կողմից: Կարծիք կա, որ Տ.Մարգարյանի առաջխաղացման համար որոշակի նշանակություն է ունեցել նրա հոր` ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պարագան: Թեեւ հոր մահից հետո նա շարունակել է մնալ երդվյալ ՀՀԿ-ական եւ հավատարիմ է եղել Ս.Սարգսյանին: Հանգամանք, ինչն իշխանական բուրգում առաջընթաց ունենալու կարեւոր գործոններից մեկն է:
ՀՀԿ-ում երրորդ հաջողակ կարիերիստը, թերեւս, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն է, ով այդ կուսակցությանն անդամակցել է ուսանողական տարիներից եւ հասել է մինչեւ նախարարի պաշտոնի: Վերջինս բավականին երիտասարդ` 30 տարեկանում դարձել է ԱԺ պատգամավոր, իսկ 34-ում` արդեն նախարար: Այս առումով, ինչպես մի անգամ ԱԺ-ում հնչեց, նրան կարելի է համարել ՀՀԿ-ի «ծագող արեւը»: Արժե նշել, որ Ա.Աշոտյանն իր շատ կուսակիցների համեմատ` բավականին կրթված է եւ ունի հռետորական որոշակի ձիրք, ինչպես նաեւ` «կծող լեզու»: Այս հատկությունները եւ իշխանական բուրգում վերելքի ցանկությունը նրա համար ապահովել են լավ առաջընթաց: Իհարկե, վերելքի ճանապարհին նրան օգնել է Ս.Սարգսյանին հավատարիմ լինելու հանգամանքը: Ըստ մամուլի հրապարակումների, որոնք հաստատել է նաեւ Ա. Աշոտյանը, վերջինս նաեւ մտերիմ հարաբերություններ ունի Ս.Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ: Հանգամանք, որը պակաս որոշիչ չէ իշխանական համակարգում:
Անցնող հնգամյակում ՀՀԿ-ի հաջողակների քառյակը կարելի է եզրափակել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովով: Վերջինս, Ա.Աշոտյանի նման, նույնպես երիտասարդ տարիքում զբաղեցնում է բարձր պաշտոն: Նա նաեւ ՀՀԿ-ի մամլո խոսնակն է եւ այդ առումով, իր շատ գործընկերների համեմատ` շփման առավել հնարավորություններ ունի Ս.Սարգսյանի հետ: Բնականաբար, այդ շփումների ժամանակ նա կարողացել է ձեռք բերել Ս.Սարգսյանի վստահությունն ու 2007թ. շարքային պատգամավորից դարձել է խմբակցության քարտուղար, այնուհետեւ` ԱԺ փոխնախագահ: Էդ.Շարմազանովը, շատ երիտասարդ ՀՀԿ-ականների նման, ձգտում է մտերիմ հարաբերություններ ունենալ Մ.Մինասյանի հետ: Ասում են` ունի: Եվ այս հնարավորությունների արդյունքում` ՀՀԿ-ում շատ երիտասարդներ ձգտում են շփման հնարավորություններ ունենալ Շարմազանովի հետ:
Ահա ՀՀԿ-ականների խոշոր վերելքներն ու վայրէջքներն անցնող մի քանի տարիներին: Բնականաբար, նույնը կարելի է արձանագրել նաեւ հաջորդ համապետական ընտրություններից հետո, ինչին անհամբեր սպասում ենք: Իհարկե, քաղաքականության մեջ ավելի կտրուկ վայրէջքներ եւ վերելքներ էլ են տեղի ունենում, երբ ոչ թե աղմկոտ կադրային փոփոխություն, այլ իշխանության հրաժարական կամ իշխանափոխություն է տեղի ունենում: Թե առաջիկայում որքանո՞վ է դա հնարավոր Հայաստանում, դժվար է ասել: Ընդդիմությունը փորձում է, իշխանությունն ատամներով պահում է: Իսկ քաղաքականության մեջ, ինչպես սիրում են ասել բոլոր քաղաքական գործիչները, ոչինչ չի բացառվում: