Օրերս ՀՌԱԿ Հանրապետական վարչության անունից հայտարարություն էր տարածվել, որ կուսակցության նորընտիր ատենապետ Կարեն Կակոյանը ձերբակալվել է: Մեր հարցին, թե ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ է ձերբակալվել, ու նաեւ՝ Դուք այլեւս ՀՌԱԿ ատենապետը չե՞ք, Էդվարդ Անտինյանը պատասխանեց. «Ձեր հարցի առաջին մասի առթիվ նշեմ, որ Կարեն Կակոյանին ձերբակալել էին կուսակցության գրասենյակային տարածքների ապօրինի օտարման գործի առնչությամբ: Այժմ նա ազատության մեջ է, եւ եթե իր ձերբակալության հետ կապված հարցեր ունեք, կարող եք նրան դիմել՝ ես գործի մանրամասներին չեմ տիրապետում: Իսկ այն, որ նա նորընտիր ատենապետն է՝ չի համապատասխանում իրականությանը: Իմ ձեռքում է ՀՀ արդարադատության նախարարության Օրինականության վերահսկողության տեսչության կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացված որոշումը, որով ՀՌԱԿ 21-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ Կ.Կակոյանն ատենապետ էր ընտրվել, համարվել է ապօրինի: Այնպես որ, ես եղել եմ ատենապետ, կամ ու կլինեմ: Իսկ այդ հարցով ավելին ասել չեմ ցանկանում, քանի որ այս նախընտրական իրարանցման ժամանակ հազիվ թե հանրությանն առանձնապես հետաքրքրում է, թե ինչ է կատարվում ՀՌԱԿ-ի ներսում: Ասեմ նաեւ, որ կուսակցության շուրջ այս անիմաստ աղմուկն ընդամենը մի մարդու ձեռքի գործն է, եւ ձեր նշած հայտարարության մեջ, քանի որ հիշատակված էր «Նաիրիտի» մասին, դժվար չէ ենթադրել, թե՝ ում: Հավատացնում եմ, որ նրա այդ քայլերը ՀՌԱԿ-ի գործունեության հետ որեւէ կապ չունեն: Անկեղծ ասած, ինքն էլ կուսակցության հետ կապ չունի, ուղղակի չգիտեմ` հույսն ինչի կամ ում վրա է դրել, որ շարունակում է իր պարտված ու դատապարտված խաղը խաղալ»: