Նոյեմբերի 15-ից Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) իրականացվում է արտարժույթի առեւտուր, որին մասնակցելու իրավունք ունեն Կենտրոնական բանկը, առեւտրային բանկերը, արժութային դիլերները եւ վարկային կազմակերպությունները: Ներկայիս դրությամբ ՀՖԲ-ի հետ արտարժույթի առեւտրին մասնակցելու համաձայնագիր են ստորագրել 18 բանկ եւ 4 արժութային դիլեր:
Յուրաքանչյուր արժույթի գինը որոշվում է բորսայում՝ առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Զուգահեռ շարունակելու է գործել նաեւ արտարժույթի միջբանկային շուկան, քանի որ բորսայում իրականացվում է մեծածախ առեւտուր: Այստեղ արտարժույթը գնվում եւ վաճառվում է լոտերով (1 լոտը հավասար է 1000 դոլարի), իսկ յուրաքանչյուր գործարքի ծավալի սահմանափակում չկա: Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Գայանե Մաթեւոսյանի խոսքերով, բորսայում կնքվող օրական գործարքների թիվը շաբաթվա ընթացքում աճել է՝ հասնելով միջինում 8-10 գործարքի: Ինչ վերաբերում է ծավալներին, ապա Բորսայում կատարվել է արդեն օրական 1,6 մլն դոլարի առեւտուր, այն դեպքում, երբ փոխանակման կետերում շրջանառվում է օրական մոտ 1,5 մլն դոլար:
«Մենք ակնկալում ենք, որ բորսայում կշատանան արժութային դիլերները եւ կմեծանան գործարքների ծավալները, քանի որ արտարժույթի գինն այստեղ առավել հարմար է, քան արտաբորսայական շուկայում»,- ասում է ԿԲ Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը: Նրա խոսքերով, վերջին հանգամանքը նաեւ հնարավորություն կտա, որ ստվերում գործող գործարարներն իրենց ֆինանսական միջոցները բերեն օրինական դաշտ:
ԿԲ-ն արտարժույթի հաշվարկային փոխարժեքը սահմանելիս արդեն հաշվի է առնում նաեւ ՀՖԲ-ում օրվա ընթացքում ձեւավորված փոխարժեքը: Ի դեպ, անդրադառնալով մինչեւ տարեսկիզբ դոլարի փոխարժեքի հնարավոր փոփոխություններին, Ա. Նախշիկյանը հույս հայտնեց, որ արտասահմանից արտարժութային փոխանցումներին զուգահեռ` կաճի նաեւ սպառումների մակարդակը, եւ փոխարժեքի էական տատանումներ չեն գրանցվի:
Կ. Թ.